Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյան. «Ի՞նչ է նշանակում` մեքենայով ընկնես «լյուկի» մեջ» (Տեսանյութ)

Ապրիլ 17,2013 15:12

«Շատ կարեւոր հանգամանք պետք է նկատի ունենալ, որ մեր երկիրը հարուստ երկրների շարքում չի դասվում, մեր հնարավորությունները ցածր են, եւ պետք է դրանցից ելնելով` կարողանանք մեր քաղաքին օգտակար լինել»,-այսօր «Ֆորում» մամուլի ակումբում խոսելով Երևանի խնդիրներից` ասաց ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը:

Նրա խոսքով. «Քաղաքում ահավոր շատ թերություններ կան, որոնք եղել են նաեւ խորհրդային տարիներին եւ դեռ շատ կլինեն: Բայց հետեւողական պետք է լինենք, հատկապես՝ քաղաքի ղեկավարությունը»:

Երևանի խնդիրներից Յուրի Վարդանյանն առանձնացրեց ճանապարհների հարցը. «Երբ չորս տարի առաջ վերադարձա Հայաստան, ինձ համար վիրավորական էր դա: Տնից աշխատանքի վայր գնալուց ճանապարհին բաց «լյուկեր» կային, որոշներն էլ 15 սմ ներքև էին: Թվում է, թե փոքր խնդիր է, բայց շեշտը դրվեց դրա վրա եւ հարցը լուծվեց: Ի՞նչ է նշանակում` մեքենայով ընկնես «լյուկի» մեջ… Առհասարակ, այսօր հազար ու մի նման հարց կա»:

Քաղաքում արձանագրված փոփոխություններից Յուրի Վարդանյանն ընդգծեց կանաչապատումը, հիմնական փողոցների ասֆալտապատումը. «Դա այսօրվա քաղաքապետի շնորհքն է: Ոչ մեկի ջրաղացին չեմ ուզում ջուր լցնել, բայց ինչը ճիշտ է, պետք է ասել: Ինչ որ արվել է, տեղին է արվել: Ցավոք, անելու բան շատ կա: Եթե անգամ աշխարհի ամենալավ քաղաքապետին դնենք, Երևանը մի քսան տարում խելքը գլուխը հնարավոր չէ բերել»:

Պարոն Վարդանյանի խոսքով. «Ավագանու բոլոր թեկնածուները, անկախ նրանից, թե որ կուսակցության անդամ են, քչից-շատից ուզում են ինչ որ բան անել, բայց այդ հնարավորությունները քաղաքապետարանը պետք է ունենա, սա բյուջեի հարց է»:

Լրագրողների դիտարկման շուրջ, թե ասֆալտապատումն իրականացվում է ընտրություններից առաջ, Վարդանյանն ասաց. «Դա ցավալի է, ցուցադրական գործողություններն անընդունելի են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930