ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի համատեղ մամուլի ասուլիսում լրագրողները Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեցին, թե արդյոք նոր կառավարության ձեւավորման շրջանակներում նա հանդիպել է նախագահի հետ եւ ստացել է նրանից առաջարկություն՝ շարունակել պաշտոնավարել:
«Եթե դուք նկատի ունեք տարբեր բամբասանքները, որոնք տպվում են մեր թերթերի մեջ, ապա չեմ կարծում, որ դրանք մեկնաբանելու կարիք կա»,- պատասխանեց Է․Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրել էր․ «Նոր կառավարության ձեւավորմանը հաշված օրեր են մնացել։ Իշխանական կուլիսներում այս օրերին սպասողական դրություն է, չնայած ընդհանուր տրամադրություններն այնպիսին են, որ Սերժ Սարգսյանր չի պատրաստվում էական փոփոխություններ իրականացնել գործադիր մարմնի կազմում։ Եվ չնայած սրան՝ որոշ դեմքեր, այնուամենայնիվ, ստիպված կլինեն հրաժարվել իրենց պաշտոններից»:
ՉԻ-ն գրել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը բավականին դժգոհ է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքից։ «Կառավարության կազմը լքողների շարքում շրջանառվում է նաեւ Նալբանդյանի անունը։ Չի բացառվում, որ այդ պաշտոնին Սերժ Սարգսյանը նշանակի իր աշխատակազմի ղեկավարին՝ Վիգեն Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանի աշխատակազմը հնարավոր է նորից ղեկավարի Կարեն Կարապետյանը՝ Տաշիրի Կարենը»։
Կարդացեք նաև
Է․ Նալբանդյանին այսօր նաեւ հարց ուղղեցին, թե արդյոք Հայաստանի նախագահության շրջանում սպասվո՞ւմ է Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում։ «Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանը միշտ պատրաստ է, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի»,- նկատեց Էդվարդ Նալբանդյանը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ