Այսօր Հայաստան ժամանած Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ հրավիրված համատեղ մամլո ասուլիսում հայտնեցին, որ ստորագրել են Երեւանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հիմնադրման եւ դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի:
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հայտարարեց, որ քննարկում են Հայաստանի նախագահությունը կազմակերպությունում ԵԽ նախարարների կոմիտեում. «Հայաստանի նախագահությունը կարեւոր պահի է տեղի ունենում ԵԽ-ի համար: Մենք քննարկեցինք ծրագիրը, որը լինելու կառուցողական եւ համահունչ օրակարգի հետ՝ ամբողջ կազմակերպության համար: Նախագահությունը շատ կարեւոր պահի է տեղի ունենում ԵԽ-ի համար՝ որպես համաեվրոպական կազմակերպություն: Մենք շատ խորը բարեփոխումներով ենք անցել, որպեսզի կարողանանք աջակցել անդամ պետություններին իրականացնելու իրենց իրավական հանձնառությունները, որոնք ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո: Մենք նաեւ բանակցությունների մեջ ենք գտնվում ԵՄ-ի հետ`ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ Մարդու իրավունքների կոնվենցիայի, եւ ԵՄ-ն կդառնա Մարդու իրավունքների դատարանի կողմ: Սա պատմական իրադարձություն է, քանի որ, եթե ԵՄ-ն միանում է Մարդու իրավունքների կոնվենցիային եւ դատարանին, ապա մենք կարող ենք ասել, որ մեկ իրավական տարածք ենք դառնում, որը ընդգրկում է 47 անդամ պետություններ, ինչպես նաեւ ԵՄ-ն, որպես իրավական սուբյեկտ», նշեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը:
Թյորբյորն Յագլանդը հույս հայտնեց, որ Հայաստանի նախագահության ընթացքում առաջ կընթանան․ «ԵԽ-ն միշտ կարեւոր դերակատար է եղել ԵՄ-ի միավորման գործում եւ այսօր դա ավելի է կարեւորվում, քանի որ այս կազմակերպությունը կերտում է իրավական ամբողջական հիմքը, քանի որ իրավական պարտավորություններ ունենք օրենքի գերակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցում, որոնք նախապայմաններ են»:
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանը բավական երկար ճանապարհ է անցել ԵԽ-ին անդամակցելուց ի վեր, բավական բարեփոխումներ է իրականացրել․ «Փաստ է, որ մենք ավելի կհզորացնենք մեր ներկայությունը Հայաստանում: Դա նշանակում է, որ մենք միասին աշխատելու ենք հետագա անհրաժեշտ բարեփոխումների ուղղությամբ եւ ուրախ եմ, որ աշխատանքային խումբ է ստեղծվել վերջին ընտրություններից հետո, որը կուսումնասիրի միջազգային միջնորդների առաջարկությունները եւ դա ավելի կհզորացնի ընտրական գործընթացները Հայաստանում։ Ես ուրախ եմ նաեւ, որ խորհրդարանական հանձնաժողով է ստեղծվել, որը նույնպես կուսումնասիրի 2008թ․ դեպքերը , որպեսզի առաջ գնանք եւ հզորացնենք հաշտեցման պրոցեսը»:
Կարդացեք նաև
Թյորբյորն Յագլանդը նշեց, որ Հայաստանի նախագահությունից մեծ ակնկալիք ունեն, եւ ինտենսիվ կաշխատեն Հայաստանի հետ ոչ միայն բարեփոխումների ուղղությամբ, այլեւ տարածաշրջանի ընդհանուր հզորացման համար:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ