Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկում են պատժել խոշտանգող ոստիկաններին

Ապրիլ 17,2013 14:51

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արման Դանիելյանն այսօր ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց. «Արհեստավարժության խնդիր կա ոստիկանի: Ցանկացած խնդրի, քննարկման պատրաստակամություն պետք է լինի ոստիկանության կողմից: Բայց մոտ մեկուկես ամիս առաջ հրապարակեցինք ուսումնասիրություն՝ անչափահասների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերը, որտեղ կային նաեւ ոստիկանության հետ կապված դեպքեր: Ոստիկանությունը շատ հետաքրքիր արձագանքեց. Տեսահոլովակ պատրաստեց եւ թողարկեց հերթապահ մասով, որտեղ ասվում էր՝ ո՞նց կարող է այս հրեշտակ աղջիկը երեխա խոշտանգի, չէ՞ որ նա մայր է, ծնող է եւ այլն: Ո՞նց կարող է հայ ոստիկանը խոշտանգեր անչափահասի: Բայց եկեք քննարկենք, գուցե հնարավոր է: Մյուս կետը, որ կուզեի նշել՝ ոստիկանության կողմից հանցագործությունների կամ իրավազանցությունների համակողմանի քննության խնդիրն է: Այս առումով, նախ օրինակ բերեմ, հիշեցնեմ, որ ոստիկանապետը դեկտեմբերին հայտարարեց, որ ոստիկանության բաժիններում ծեծ պիտի չլինի, որ խոշտանգող կամ ծեծող ոստիկաններին անվանեց մսագործներ եւ էլի մի քանի հետաքրքիր բաներ: Միանշանակ համաձայն եմ: Կարծիք կար, որ սրանից հետո ոստիկանությունը կսկսի ինքնամաքրման գործընթացներ: Բայց եկեք տեսնենք իրավիճակը: Նախ, վիճակագրություն՝ 2012-ին մոտ 50 բողոք է եղել ոստիկանների վրա՝ խոշտանգումների հետ կապված: Քրգործ հարուցվել է ընդամենը երկուսում, մեկ տարվա ընթացքում կարճվել է: Ճիշտն ասած, սա վստահություն ինձ մոտ չի առաջացնում»:

Պարոն Դանիելյանը նաեւ նշեց, որ այն մեկ գործն էլ գտնվում է դատարանում եւ կանչվել է երկու ոստիկան, մինչդեռ իրականում խոշտանգողները եղել են չորսը, այսինքն ՝ երկուսին հայտնաբերել չի հաջողվել. «Ոստիկանության բաժնում կատարվել է հանցագործություն, երկու ոստիկանի գտել են, երկուսին չեն կարողացել: Կներեք, չեմ վստահում»:

Արման Դանիելյանը նաեւ օրինակներ բերեց՝ Ոստիկանության լրատվականի՝ հասարակության հետ շփվելու մասին. «Երեք նշանակումներից հետո Գրիշա Վիրաբյանը հարցազրույց տվեց, որտեղ ասաց, որ իրեն խոշտանգել են: Իրապես իրեն խոշտանգել են, որովհետեւ կա Եվրոդատարանի որոշում: Լրատվական ծառայության մեկնաբանումը սա էր՝ դա անհեթեթություն է, անհեթեթությունը չենք մեկնաբանում: Եկեք հասկանանք՝ ի՞նչն է անհեթեթություն: Այն, որ 2004-ին Գրիշա Վիրաբյանին խոշտանգել են՝ դա փաստ է, կա եվրոդատարանի որոշում, այն, որ խոշտանգել են ոստիկանները՝ դա էլ է փաստ, եւ այն, որ այդ ժամանակ բաժնում է եղել Աշոտ Կարապետյանը՝ դա էլ է փաստ: Փաստ է, որ քրգործ չի հարուցվել 2004-ին, եւ 2012-ին, երբ եղել է Եվրոդատարանի որոշում: Ես ո՞նց վստահեմ հիմա ոստիկանության այս հայտարարությանը»,- հռետորական հարց ուղղեց ոստիկաններին պարոն Դանիելյանը:

Նա առաջարկեց ռեալ քայլեր ձեռնարկել՝ հանցագործ եւ խոշտանգող ոստիկաններին պատժելու ուղղությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930