Հայ կինոգործիչների համար սա հարցերի հարցն է
«Հարավային Կովկասում կինովավերագրության աջակցության CAUCADOC» նախագծի շրջանակներում այսօր «Իմպերիում պլազայում» կազմակերպված «Կինո եւ մեդիա» կլոր սեղան-քննարկումը բուռն էր:
«Ինտերնյուս Հայաստան» հ/կ-ի տնօրեն Նունե Սարգսյանը հիշեցրեց, որ սա երկրորդ կլոր սեղանն է, իսկ առաջինը նվիրված է եղել կինոյի օրենսդրությանը: Ինչ վերաբերում է CAUCADOC-ին, վերջինս աջակցում է վավերագրական ֆիլմարտադրությանը, վավերագրական ֆիլմերը դիտարկելով իբրեւ կրթական եւ հանրային տեղեկացվածության բարձրացման գործիք:
Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը կինոյի մարդկանց խնդրեց բարձրաձայնել կինոյի եւ մեդիայի փոխհարաբերությունների «կնճիռների» մասին:
Կարդացեք նաև
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը նշեց, որ «Ոսկե ծիրանի» դերը մի տեսակ թերագնահատված է հայկական կինոյի տարածման եւ զարգացման առումով, մինչդեռ այն առաջին փառատոնն է, որը միտում ունի համախմբել աշխարհով մեկ սփռված հայազգի կինոգործիչներին, ռեժիսորներին ու պրոդյուսերներին: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանք հասկանան, որ մեր փառատոնը իրենց մտորումները հայ հանդիսատեսի հետ «կիսելու» յուրօրինակ հարթակ է»,-նշեց տիկին Հարությունյանը: Նաեւ հավելեց, որ արդեն 10-րդ տարին է, ինչ «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագիրը, առանց ժանրային ու թեմատիկ խտրականության, ընդունում է հայերի ստեղծած ֆիլմեր՝ աշխարհի տարբեր անկյուններից: Գեղարվեստական տնօրենը փաստեց, որ շատ են դեպքերը, երբ «Ոսկե ծիրանը» մեծ դերակատարություն է ունենում կոնկրետ ֆիլմի ճակատագրի առումով. այստեղ մրցանակներ ստացած ֆիլմերը հրավերներ են ստանում նաեւ այլ երկրներից:
Սուսաննա Հարությունյանը նշեց, որ վերջին 15-20 տարում անընդհատ նույն հարցն է շրջանառվում՝ պրոդյուսե՞րը պետք է վճարի TV-ին՝ իր ֆիլմը ցուցադրելու համար, թե՞ TV-ն՝ կինոարտադրողին: Նա բերեց լեհական հեռուստատեսության օրինակը. «Բոլոր լեհական ֆիլմերի վրա լեհական հեռուստատեսության լեյբլը կա, հեռուստատեսությունը համաարտադրող է, եւ դա ամրագրված է իրենց՝ կինոյի մասին օրենքում: Իրենց հեռուստաընկերությունը պարտավոր է ներդրում անել լեհական ազգային կինոյում»:
«Ժաննան եւ ձայները» ֆիլմի պրոդյուսեր Արմինե Անդան էլ սեփական օրինակով նկատեց, որ, չնայած իրենց ֆիլմի փառատոնային ու միջազգային հաջողություններին, հայաստանյան որեւէ TV-ի կողմից ցուցադրության առաջարկ չի հնչել: Նրա կարծիքով, ոչ միայն Հ1-ի, այլեւ կապուղիներ շահած մասնավոր հեռուստաընկերությունների վրա պետք է օրենքով հայկական կինո ցուցադրելու պարտավորություն դրված լինի: Միայն այդ դեպքում հեռուստաընկերությունը կցանկանա իր եթերում ունենալ ազգային արտադրանք եւ, բնականաբար, վճարել ազգային կինոարտադրողին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ