Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքով հարվածում էին ձեռքիս, երիկամներիս». Ավետիք Իշխանյանը մեջբերում է դատապարտյալի պատմածը՝ ոստիկանների խոշտանգումների մասին

Ապրիլ 17,2013 14:23

«Ոտքով հարվածում էին ձեռքիս, երիկամներիս, ձեռնաշղթա էին հագցրել եւ մահակով հարվածել կողերին, ոտքերին, գլխին, էլեկտրահարել են էլեկտրաշոկով, ոտքերով, ձեռքերով գցել են գետնին ու սկսել հարվածել: Գլուխս խփել են պահարանին: Հարվածել են երեսին, երիկամներին, այդ ամենը ուղեկցվել է հայհոյանքներով: Ձեռնաշղթա են անցկացրել ձեռքերին եւ ոտքերին, կոշիկները հանել են եւ մահակներով խփել են: Ծեծել են ձեռքով, ոտքով, իմ իսկ կոշիկներով խփել են գլխիս, հարվածել ոտքերիս տակ: Զգուշացրել են, եթե չխոստովանես, եղբայրներիդ վրա գործ կսարքենք, ավելի վատ կլինի»,- ոստիկանության կողմից դատապարտյալներից մեկի նկատմամբ կատարված այս խոշտանգումները այսօր ներկայացրեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը՝ խորհրդարանական լսումների ժամանակ՝ ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն թեմայով: Այս մարդկանց, ըստ պարոն Իշխանյանի, խոշտանգել են ոստիկանական բաժիններում՝ նախաքննության փուլում:

Ավետիք Իշխանյանը նաեւ հիշեցրեց. «2011-ի դեկտեմբերին «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին անօրինական ազատությունից զրկելու մասին. Հետագայում դատավարության ժամանակ ոստիկաններն ասացին, որ ինքն է խնդրել, որ իրեն տանեն ոստիկանություն: 2006-ին Ծաղկաձորում ԱԺ պատգամավորներից մեկի թիկնապահները դաժան ծեծի ենթարկեցին մի երիտասարդի: Ոստիկանները եկան եւ անկեղծ խոստովանեցին, որ որեւէ բան չեն կարող անել»: Նա եւս մի քանի դեպք նշեց, երբ ոստիկանները դիտորդի դերում են միայն եղել:

Պարոն Իշխանյանի գնահատմամբ՝ հասարակությունը ոստիկանությանը վերաբերում է ոչ թե որպես իրավապահ մարմնի, այլ՝ իշխանության հենարանի:

Ավետիք Իշխանյանը նաեւ բառացի մեջբերեց ՀՀ ոստիկանապետի խոսքը. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կատարեցին ՀՀ նախագահի ցուցումը: Ամսի 9-ին բացարձակ զսպվածություն դրսեւորելու, պահել-պահպանելու քաղաքացիներին, կրել դրա համար անձնական պատասխանատվություն: Ես շնորհակալություն եմ հայտնում, որ նախագահի ցուցումը նորաստեղծ ոստիկանությունը կատարեց ըստ պատշաճի: Սա նշանակում է, որ ոստիկանները գործել են ոչ թե օրենքով, այլ նախագահի ցուցումով: Եվ նրանց գործողությունները կախված են նախագահի անձից, նախագահի տրամադրությունից: Կարելի է այսպես ասել»,- մեկնաբանեց պարոն Իշխանյանը:

ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, որը վարում էր լսումները, չհամաձայնեց նրա գնահատականների հետ: Նա հորդորեց քննադատությունների հետ մեկտեղ նաեւ առաջարկություններ ներկայացնել, թե ինչ անել՝ ոստիկանների հանդեպ վստահությունը մեծացնելու համար:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ոստիկանների հանդեպ վստահությունը մեծացնելու միակ ելքը այն է, որ ոստիկանության ողջ
    անձնակազմը փոխարինել եվրոպական մի որևէ երկրի ոստիկանության անձնակազմով, և այն
    պարբերաբար ամեն տարի փոփոխել տարբեր երկրների անձնակազմով: Որքան էլ աբսուրդային թվա
    առաջարկս, այն ավելի իրատեսական է քան որևէ միջոցառման արդյունավետություն՝ երկրի ներսում, քանի որ ձուկը գլխից է որդնած:

  2. Արամ says:

    Ոստիկանների հանդեպ վստահությունը մեծացնելը հեռանկար է, իսկ վստահություն ստեղծելու համար պետք չէ Հոլանդիա կամ Սինգապուր հասնել, զանգեք Սահակաշվիլուն. կասի

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930