Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան` «Սեւ PR-ով սատկած կատուներին փորձում են կախել Տարոն Մարգարյանի ականջներին» (Տեսանյութ)

Ապրիլ 17,2013 14:11

Նախընտրական պաստառներում Տարոն Մարգարյանի մեծադիր պատկերը եւ հետին պլան մնացած ՀՀԿ կուսակցության մասին հիշատակումը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ճիշտ է գնահատում: Այսօր «Վարկած» մամուլի ակումբում սոցիոլոգն իր ասածներն այսպես մեկնաբանեց. «Միանշանակ է` դա մեր խորհուրդն է եղել, հետազոտության հիման վրա նա ընտրում է մասնագետ բարեսիրտ քաղաքապետ` քան թե որեւէ կուսակցության ներկայացուցիչ: Այս առումով ընտրողները չեն կուսակցականացնում այս ընտրությունները: Դրա համար շատ կարեւոր է՝ ով է լինելու քաղաքապետը, ինչ խնդիրներ է լուծելու»:

Այն դիտարկմանը, թե ամեն կուսակցություն վստահեցնում է, որ հենց ինքն է վարում ամենաարդյունավետ քարոզարշավը, ի պատասխան՝ պարոն Ադիբեկյանն ասաց. «Մեկ շաբաթից ես լիարժեք պատասխան կտամ: Ուրբաթ, շաբաթ, կիրակի մենք հետազոտություն ենք անցկացնելու, թե ով է ճիշտ մարտավարություն ընտրել եւ որքանով է արդյունավետ այս կամ այն կուսակցության քարոզարշավը: Ներկայումս կարող ենք ուրվագծել մարտավարությունը, որոնք ընտրել են տարբեր կուսակցություններ: Եթե ընդհանուր մոտենանք, կա քաղաքականացման փորձ: «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն՝ Վարդան Օսկանյանը շատ քիչ է խոսում քաղաքացիների խնդիրներից, հավանաբար այն պատճառով, որ

չի տիրապետում բնակիչների խնդիրներին»: Ըստ սոցիոլոգի, ԲՀԿ Գուրգեն Արսենյանն ավելի առարկայական է խոսում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ավագանու ընտրությունները քաղաքականացնում է նաեւ «Բարեւ Երեւան»-ը, փորձելով շարունակել բարեւական հեղափոխական զարգացումները:
«ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը փորձում են ցույց տալ, որ դա ապագա իշխանական հեղաշրջման առաջին լուրջ քայլն է, այդտեղ արդեն քաղաքական երանգ կա: ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը փորձում են դա պահել կենցաղային մակարդակի վրա: Եթե Տարոն Մարգարյանն ընտրել է բակային հանդիպումները, ապա ՕԵԿ-ը չի հավակնում լիարժեք հաղթանակի, ինչպես մյուս մասնակիցները, բայց նրա մասնակցությունը ավագանու ընտրություններում կարող է բերել մասնագիտական այնպիսի հարցերի լուծում, որը մյուսները չեն կարող անել: Ի դեմս Արմեն Երիցյանի, որը անձնական արժանիքներ ունի եւ խոստանում է մեզ տալ ապահով քաղաքային կյանք»:

Ըստ պարոն Ադիբեկյանի, ՀԱԿ-ը փորձում է արմատականացնել ընդդիմությունը, քանի որ չափավոր եւ կենտրոնամետ ընդդիմադիր ձայները ոնց որ արդեն պատվիրված են. «Չափավոր ընդդիմությունը «Բարեւ Երեւանն» է եւ մասամբ ՀՅԴ-ն է: Կենտրոնամետ ընդդիմության ձայները «Բարգավաճ Հայաստանն է»: Սոցիոլոգը ՀԱԿ-ի շանսերը «շատ ցածր» գնահատեց` ասելով, որ նրանք ժամանակին 5 քաղաքապետ են ունեցել եւ դա կարող էր նպաստել նրանց բարգավաճմանն այս ընտրություններում:

Ինչ վերաբերում է սեւ PR-ին, ապա մասնավորապես Տարոն Մարգարյանի նկատմամբ է իրականացվել. «Սատկած կատուներին փորձում են կախել Տարոն Մարգարյանի ականջներին, իբր նա է մեղավոր: Սեփականաշնորհում, ապօրինի շինարարություն սկսվել է մինչեւ ՀՀԿ-ի իշխանության գալը: Եվ մեղադրել ներկա եւ նախորդ քաղաքապետերին, իբր նրանց օրոք է սկսվել, բարոյական քայլ չէ»:

Ադիբեկյանի կանխատեսումներով, ավագանու ընտրություններին կմասնակցի ընտրողների 55-60 %-ը: Սոցիոլոգի խոսքերով, 45 %-ից չի նվազի ՀՀԿ-ի ձայները, իսկ եթե ընդդիմությունը միավորված լիներ, ապա պարոն Ադիբեկյանը համոզված է, որ 55 % ձայն կհավաքեր, ըստ նրա՝ այսօր իշխանությունը լուրջ հակառակորդ չունի. «Իշխանությունը երազում է ունենալ լուրջ հակառակորդ»:

Ինչ վերաբերում է 2018թ. գալիք ընտրություններին, որոնց շուրջ արդեն կանխատեսումներ է անում ՀԱԿ-ը, պարոն Ադիբեկյանը լուրջ չի համարում` ասելով, որ պետք է լինել մարգարե, որ այդ ընտրությունների ելքը կանխատեսել: Մանրամասները` տեսանյութում.

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930