1963-1970 թվականները լեգենդար «Բիթլզ» քառյակի ակտիվ գործունեության տարիներն են: Հիմնադրվելով 1956-ին, 1963 թվականին «Բիթլզը» թողարկեց իրենց առաջին Please Please Me ալբոմը, որը ձայնագրվեց ընդամենը 12 ժամվա ընթացքում: 20-22 տարեկան այս երիտասարդները գրավեցին աշխարհը՝ իրենց նոր հնչողությամբ եւ օրիգինալ ստեղծագործություններով: «Բիթլզի» փառքի ճանապարհը բավականին հետաքրքիր է եղել: Օրինակ՝ Ջոն Լենոնի մորաքույր Միմին միշտ ասում էր, որ Ջոնը երբեք չի կարող կիթառով այնքան գումար վաստակել, որ կարողանա իր գլուխը պահի: Միմին Ջոնին առաջարկում էր աշխատանքի անցնել Լիվերպուլի գործարանում, որտեղ նա նորմալ աշխատավարձ կստանար: Տարիներ անց, երբ Ջոնը կիթառի օգնությամբ դարձավ շոու-բիզնեսի ամենահարուստ մարդկանցից մեկը, նա իր առաջին կիթառը ուղարկեց Լիվերպուլ՝ Միմիին, վրան գրելով հետեւյալը՝ «Ջոն, դու երբեք կիթառով չես կարող նորմալ գումար վաստակել»: Հետաքրքիր էր նաեւ ՄաքՔարթնիի հոր մոտեցումը Փոլի երաժշտական նախասիրություններին, ռոքին եւ ընդհանրապես Ջոնին: Նա Փոլին ասում էր. «Որդիս, զգույշ եղիր Ջոնից, նա հաստատ քեզ մի ինչ-որ պատմության մեջ կներքաշի»: Փոլի հայրը ճիշտ էր… Ջոնը Փոլին ներքաշեց համաշխարհային ռոք երաժշտության պատմության մեջ: Երբ 1963-ին «Բիթլզը» դարձավ Եվրոպայի թիվ մեկ խումբը, նրանց համար ԱՄՆ-ն դեռ անհասանելի էր: Ընդհանրապես այդ ժամանակ ԱՄՆ-ն էին թելադրում համաշխարհային երաժշտության կանոնները: Այստեղ էր ձեւավորվում ջազը, ռոքնռոլը եւ այլ երաժշտական ուղղություններ: Այստեղ էին ռոքնռոլի հիմնադիր հայրերը՝ Չակ Բերրին, Էլվիսը, Լիթլ Ռիչարդը եւ այլ աստղեր, ում երաժշտության օգնությամբ էին ձեւավորվել երիտասարդ բիթլեր՝ իրենց աշխարհընկալմամբ եւ գաղափարներով: Ռինգո Սթարը ասում էր, որ եթե մենք գրավենք Ամերիկան, աշխարհը մեր ոտքերի առջեւ կլինի: Այդպես էլ եղավ: «Բիթլզը» գրավեց Ամերիկան եւ ամերիկյան շուկայի դռները բացեց բրիտանական այլ խմբերի համար, ինչպիսիք էին Rolling Stones-ը, The Who-ն եւ այլք: «Բիթլզը» շատ առումներով էր առաջինը: Նրանք առաջին խումբն էին, որ համերգ տվեցին 70.000-անոց մարզադաշտում, առաջին երաժիշտներն էին, որ ստացան Բրիտանական կայսրության շքանշանները, առաջինն էին, ում ալբոմները հիթ-շքերթներում մնում էին այնքան ժամանակ, մինչ «Բիթլզը» նոր ալբոմ էր ձայնագրում: 1965-ին «Բիթլզի» առաջին 5 ալբոմները համաշխարհային հիթ-շքերթներում զբաղեցնում էին առաջին 5 հորիզոնականները: Այսպիսի փառք որեւէ խումբ կամ կատարող երբեէ չէր ունեցել, նման բան չկա նաեւ այսօր: Բրիտանական երաժշտական քննադատները այս երեւույթը կոչեցին բիթլոմանիա, որ գրավել էր ամբողջ աշխարհը: «Բիթլզը» լրջագույն ազդեցություն թողեց հազարավոր խմբերի եւ երաժիշտների վրա, դառնալով ռոքի հիմնադիր հայրերից մեկը: Մինչ օրս հնարավոր չի եղել անցնել այն բոլոր ռեկորդները, որոնք գոյության 7 տարիների ընթացքում սահմանեցին այս տղաները: Մինչ օրս հենց այս խումբն է համարվում աշխարհում ամենաշատ ձայնասկավառակ վաճառած խումբը: Մինչ օրս Լենոնի այրի Յոկո Օնոն ամենահարուստ շոու-բիզնեսմեններից է, ով Ջոնի շնորհիվ միլիոնավոր դոլարների եկամուտներ ունի:
Ընդունված կարծիք կա, որ «Բիթլզի» փլուզման հիմնական մեղավորը Յոկոն էր: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: Տղաները հոգնել էին միմյանցից եւ ունեին ստեղծագործական այնպիսի գաղափարներ եւ ուղղություններ, որոնք չէին տեղավորվում «Բիթլզի» տրամաբանության մեջ: Վերջապես այնքան էին հասունացել, որ նրանց ստեղծագործական ազատություն էր անհրաժեշտ: 1970 թվականի ապրիլի այս օրերին Փոլ ՄաքՔարթնին հայտարարեց «Բիթլզի» փլուզման մասին: Ավարտվեց մի ժամանակահատված, որն անվանվում է բիթլզյան դարաշրջան: Իսկ երկրպագուները մինչ օրս ասում են՝ «Բիթլզը» հավերժ է, այն ունի սկիզբ, բայց ոչ երբեք վերջ:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ
https://www.youtube.com/watch?v=OEo9Bh679wM