Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում եւ օգտագործում»

Ապրիլ 17,2013 14:07

Ապրիլի 5-ին ես, «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում եւ օգտագործում» ծրագրի շրջանակներում, հայկական ծիրանենու կոլեկցիոն այգու հիմնարկեքին տնկեցի առաջին ծիրանենին: Այն տարաբնույթ մեկնաբանությունների հիմք հանդիսացավ, սակայն այսօր կանդրադառնամ ապրիլի 11-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված հոդվածին, որտեղ մեր հայրենակից Նշան Որբերեանը, ԱՄՆ-ից, իր մտահոգություններն էր արտահայտել «Պարոն նախարար, տասը չափեք, մեկ կտրեք» հոդվածում:

Հարգելի Նշան Որբերեան,

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է «Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում եւ օգտագործում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է ստեղծել հայկական ծիրանենու կոլեկցիոն այգի հայկական ծիրանենու բոլոր սորտերով՝ նրանց պահպանության եւ հետագա ուսումնասիրման նպատակով:

Երկու տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ այցելություններ հանրապետության տարածքում ծիրանենու մշակությամբ զբաղվող բոլոր շրջանները, տնտեսությունները, բնակավայրերը, ուսումնասիրվել են նույնիսկ տնամերձ հողամասերում աճեցվող ծիրանենիները եւ հայտնաբերվել ու նկարագրվել են շուրջ 82 սորտեր: Այս սորտերը պատվաստվել են հայկական վայրի ծիրանենու կորիզից աճեցված պատվաստակալի վրա եւ գենոֆոնդի պահպանության նպատակով տնկվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հատկացված 5հա տարածքում, որը գտնվում է Էջմիածին քաղաքում՝ ՀՀ Երկրագործության գիտական կենտրոնում:

Մինչ այժմ ՀՀ սորտերի գործակալությունում գրանցված են հայկական ծիրանենու ընդամենը 11 սորտեր, իսկ ազգաբնակչությանը ծանոթ է ընդամենը 3-4 սորտ: Լիարժեք ուսումնասիրություններից եւ արդյունքների վերջնական ամփոփումից հետո կկազմվեն հայկական ծիրանենու բոլոր սորտերի նկարագրությունները եւ կհրատարկվի նկարազարդ տեղեկագիրք, որը ազգաբնակչության համար կդառնա սեղանի գիրք՝ հայկական ծիրանենու սորտային կազմին ծանոթանալու համար:

Հայտնաբերված սորտերը իրարից տարբերվում են չափսով, գույնով, ձեւով, հասունացման ժամկետներով: Հաշվի առնելով ուղղաձիգ գոտիականությունը եւ տնկելով մեր սորտերը, ըստ հասունացման ժամկետների, մենք կերկարաձգենք ծիրանենու հասունացման շրջանը՝ խուսափելով վերամշակող կազմակերպություններում սեզոնային լարվածությունից:

Արտադրական նպատակով ծիրանենու մշակության տարածքներն այսօր հանրապետությունում կազմում են շուրջ 10 հազար հեկտար: Սակայն այգիների արդյունավետությունը ցածր է եւ հաճախ՝ ոչ եկամտաբեր: Ծառերի բարձր ու մեծ սաղարթ ունենալու պատճառով բերքի գերակշիռ մասը ունենում է ոչ բավարար ապրանքային տեսք՝ թարմ իրացման եւ արտահանման նպատակով ոչ պիտանի: Դժվար է նաեւ բերքահավաքի կազմակերպումը եւ առհասարակ ագրոտեխնիկայի կիրառումը, որը բարձրացնում է ստացվող բերքի ինքնարժեքը:

Հանրապետությունում շատ հաճախ ծիրանենին տուժում է վաղ գարնանային ցրտահարություններից եւ կարկտահարությունից: Մեր ծառերի բարձրությունը եւ սաղարթի մեծությունը թույլ չի տալիս կիրառելու կարկտապաշտպան ցանցերի եւ ցրտահարությունից պաշտպանելու նորագույն միջոցներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կատարում է միջոցառումներ՝ ծիրանենու մշակվող տարածքների արդյունավետությունը, որակյալ բերքի արտադրությունը, ինչպես նաեւ արտահանման ծավալները ավելացնելու համար, քանի որ հայկական ծիրանենու պտուղները առանձնանում են իրենց համային բարձր հատկանիշներով եւ մեծ պահանջարկ են վայելում ԱՊՀ երկրների շուկաներում:

Վերը նշված ծրագրի շրջանակներում ուսումնասիրելով եվրոպական երկրներում ծիրանենու մշակության առաջավոր ագրոտեխնիկան, նպատակահարմար է համարվել այն ներդնել եւ կիրառել հայկական ծիրանենու մշակությունում: Այդ նպատակով ներկրվել են կլոնային չորս տեսակի պատվաստակալներ, որոնց վրա կպատվաստվեն հայկական ծիրանենու լավագույն սորտերը: Այս պատվաստակալների վրա պատվաստած ծառերը լինում են ցածրաճ, արագ են անցնում բերքատվության տակ, իսկ այգիներում էտի, խնամքի եւ բերքահավաքի աշխատանքները կատարվում են հեշտությամբ: Ծառերի սաղարթը փոքր է, որի շնորհիվ պտուղները հավասարաչափ լուսավորություն են ստանում, հասունացումը կատարվում է համաչափ եւ ստացվող բերքի գերակշիռ մասը լինում է որակյալ: Միավոր տարածքի վրա տնկվում են ավելի շատ ծառեր, ինչը նույնպես կարեւոր է մեր սակավահող հանրապետության համար: Այս պատվաստակալների վրա պատվաստած հայկական ծիրանենին կունենա նույն համային հատկանիշները, մենք կարող ենք ունենալ նաեւ ինտենսիվ այգիներ, որով կավելանա թե՛ բերքի քանակը եւ թե՛ արտահանման ծավալը:

Ստեղծվող այգին դառնալու է ուսումնական կենտրոն՝ տեղական ֆերմերներին մշակության եվրոպական առաջավոր փորձը փոխանցելու համար:

Եվրոպական ծիրանենին ժամանակին տարվել է Հայաստանից Ալեքսանդր Մակեդոնացու եւ Լուկուլլուսի կողմից, եւ ծիրանենու լատինական անվանումն է Armeniaca Vulgaris, որն այժմ վերադառնում է մայր հայրենիք: Սա կարող է հրաշալի նախադեպ հանդիսանալ մեր հայրենակիցների համար, որոնք նույնպես վերադառնան Մայր Հայաստան:

Հարգելի Նշան,

Երկրորդ խնդիրը, որ բարձրացնում եք, կապված է խաղողի հետ: Նշեմ, որ մյուս տարի խաղողի կոլեկցիոն այգիներ եւս կստեղծենք մեր հանրապետությունում եւ այսպես կփարատենք Ձեր մտահոգությունները:

Հոդվածում Դուք անդրադառնում եք նաեւ լոլիկի «Անահիտ» սորտին:

ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծվել են բանջարաբոստանային մշակաբույսերի՝ ընդհանուր թվով 103 սորտեր, որոնցից 40-ը միայն լոլիկի սորտեր: Լոլիկի «Անահիտ-20» (ստացվել է 1944թ.-ին) եւ «Անահիտ-351» (ստացվել է 2005թ.-ին) սորտերը գիտական կենտրոնում պահպանվում եւ ամեն տարի վերարտադրվում են: Այդ սորտերի սերմերը եւ սածիլները վաճառվում են գիտական կենտրոնում եւ սերմերի խանութներում:

Բացի այդ սորտերից, գիտական կենտրոնում ստեղծվել են նաեւ լոլիկի նոր տեղական բարձրարժեք սորտեր («Նվեր», «Լիա», «Երազ», «Հայաստանի hրաշք» եւ այլն), որոնք ե՛ւ բերքատվությամբ, ե՛ւ պտուղների որակական ցուցանիշներով գերազանցում են «Անահիտ» սորտին:

Խորին հարգանքով՝ ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարար

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930