Ասում է երգչուհի Սոֆյա Սայադյանը
Ապրիլի վերջին հայ-ֆրանսիական համատեղ ծրագրով Երեւանում, իսկ մայիսին՝ Ֆրանսիայում կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր տարբերակը՝ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի եւ ֆրանսիացի պարուսույց, հագուստների եւ բեմի ձեւավորող Նիկոլյա Մյուզենի բեմադրությամբ: Անուշի դերակատարն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի՝ սոպրանո Սոֆյա Սայադյանն է: Երիտասարդ մեներգչուհին (2010-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնի ասպիրանտուրան՝ ղեկավար՝ պրոֆեսոր Նելլի Փիրումյան) քանիցս կատարել է Անուշի, Ռոզինայի, Ջիլդայի, Լուչիայի, Ադինայի, Լաուրետտայի, Ֆրասկիտայի եւ այլ դերերգեր՝ համապատասխանաբար «Անուշ», «Սեւիլյան սափրիչ», «Ռիգոլետտո», «Լուչիա դի Լամերմուր», «Սիրո ըմպելիք», «Ջաննի Սկիկի», «Կարմեն» օպերաներից:
– Հյուրախաղերով հանդես եք եկել Լեհաստանում, Գերմանիայում, Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Կալինինգրադում, Ստամբուլում… Արտասահմանում ի՞նչ միջոցներ են ներդրվում օպերային բեմադրություններ իրականացնելու համար:
– Վերը նշված երկրներում օպերային ներկայացումներ բեմադրելու համար մե՛ծ ֆինանսական միջոցներ են ներդրվում, իսկ մեր թատրոնը ոչ մեծ ֆինանսական միջոցներով բեմադրում է ներկայացումներ, որոնք, կարծում եմ, չե՛ն զիջում եվրոպական բեմադրություններին:
– Թամար Շահնազարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Գոհար Գասպարյանի անվան հանրապետական մրցույթների դափնեկիր եք, 2010 -ին էլ արժանացել եք Զարուհի Դոլուխանյանի անվան միջազգային մրցույթի հատուկ մրցանակին: Ի՞նչ կասեք մրցույթների դերի մասին, ինչո՞վ են հարստացնում դրանք երաժշտին, մասնավորապես՝ Ձեզ:
– Մրցույթներ շա՜տ եմ սիրում, չափազանց կարեւորում եմ դրանց դերը երաժշտի կյանքում: Դրանք բուռն լիցքեր են տալիս, պահանջում են քրտնաջան աշխատանք, նոր ու մեծ երկացանկ: Մրցութային բեմում երաժիշտը հղկվում է: Շատերը խուսափում են մրցութային հուզմունքից, մինչդեռ այն ինձ աշխատանքային նո՛ր մարտունակություն է ներշնչում:
– Տիրապետում եք բարձրակարգ կատարողական տեխնիկայի, ունեք տարբեր նվագախմբերի հետ աշխատելու վարպետություն, անսամբլային հղկված մտածողություն: Ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ օպերային մեներգչին:
– Ձայնը նման է հայելու. որքան երգիչն անկեղծ, բնական, զարգացած, նաեւ բարի լինի՝ այնքան ունկնդիրը կհավատա ու կընդունի նրան: Օպերային մեներգիչը, անշուշտ, պետք է ունենա տեխնիկապես կատարելագործված ձայն, մեծ ինտելեկտուալ պաշար, լինի ճկուն, արտիստիկ, կիրթ եւ ազնիվ: Խիստ կարեւոր է դիկցիան, նույնքան կարեւոր է երաժշտական երկի ճի՛շտ ոճական ըմբռնումն ու ներկայացումը:
– Ինչպես գիտենք, երգչական ձայներն իրարից տարբերվում են հիմնականում տեմբրային առանձնահատկությամբ: Ի՞նչ կասեք տեմբրի մասին:
– Տեմբրը ձայնի գույնն է: Մեր հայրենիքի բնակլիմայական պայմաններից ելնելով՝ հայաստանցի գրեթե բոլոր երգիչներն ունեն թավշյա, ջերմ, հարուստ տեմբր, որը եւ գրավում է աշխարհին:
– Գիտեմ՝ կատարում եք նաեւ արդի հայ կոմպոզիտորների բարդ ստեղծագործություններ, որոնք պահանջում են երգչական բարձր տեխնիկա, լայն ձայնածավալ…
– Ժամանակակից հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ շատ եմ երգել: Հայ կոմպոզիտորները, ընդհանուր առմամբ, հրաշալի մտածողությամբ, գունային հարուստ ներկապնակով են արծարծում կյանքը, ստեղծում հարուստ հուզական դաշտ…
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱՆ
«Առավոտ» օրաթերթ