Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ հոգեւորականը խայտառակություն է որակում

Ապրիլ 17,2013 14:01
sarkavag

Քրիստափոր սարկավագը:

Եվ չի պատրաստվում աչք փակել Բելգիայում տիրող վիճակի վրա

«Առավոտը» տեղեկացրել է, որ Բելգիայի Անտվերպեն քաղաքի հայկական եկեղեցում անցյալ կիրակի տհաճ միջադեպ է եղել. պատարագի ժամանակ բախվել էին երկու հայ հոգեւորական՝ Քրիստափոր սարկավագ Ֆրունճյանն ու Կարո սարկավագը: «Առավոտի» հետ հեռախոսազրույցում Քրիստափոր սարկավագը հայտնել էր, որ Կարո սարկավագը նույնիսկ փորձել է ձեռք բարձրացնել իր վրա, ինչը կանխել է պատարագիչ քահանան:

Մեր զրուցակիցը նաեւ նշել էր, որ տեղի եկեղեցում հոգեւոր օջախին ոչ հարիր բարքեր են գործում, ինչի մասին քանիցս ահազանգել է Բելգիայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ հայր Զատիկ վարդապետ Ավետիքյանին, սակայն վերջինս, սարկավագի ասելով, խնդիրն անտարբերության է մատնել:

Քրիստափոր սարկավագ Ֆրունճյանը արդեն 10 տարի ապրում է Բելգիայում՝ Անտվերպեն քաղաքում: Քրիստափոր սարկավագը տեղեկացրեց, որ տարիներ շարունակ անվճար աջակցել է Անտվերպենի ու Բելգիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցող Սուրբ Պատարագներին, Անտվերպենի եկեղեցու երգչախմբի կազմավորման եւ այլ հարցերով, սակայն, իր ձեւակերպմամբ, անկարգությունների ու տհաճ երեւույթների պատճառով հեռացել է. «Երեք տարի հետո ես այլեւս չկրցայ իրենց հետ լեզու գտնել. որոշ հարցերով իրենք այն մտածելակերպը ունին, որ եկեղեցին կուզեն սեփականացնել՝ Կարո սարկավագը ու անոր շրջապատի անդամներով մէջտեղ բերուած վարչությունը, որը ոչ մեկ կանոնադրության չի համապատասխանում, ոչ էլ Էջմիածնի սահմանադրությանը: Ես քանիցս փորձեցի համոզել, որ դուռերը պիտի բաց մնան բոլորին առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ուզեր օտարները իրենց խոհանոցի մէջ մտցնել»:

Մեր զրուցակիցը պատմեց, որ Զատիկ վարդապետի հետ այս եւ այլ խնդիրների մասին շատ է խոսել. «Զատիկ վարդապետը, որ հոգեւոր փոխառաջնորդ է, եւ լիազոր ներկայացուցիչը Հայրապետական պատվիրակին, ես իրեն հետ ալ այս հարցերով շատ խոսած եմ, ափսոս որ ինքը ինծի ականջ չդրավ, եւ իր հոգը չէ, 50 անգամ հետը խոսած եմ՝ ըլլա Բրյուսելի հարցերով, Կարո սարկավագի, կամ Անդվերբէնի եկեղեցւոյ մասին, ընտրեալ վարչութիւն մըմ էջտեղ բերելու ըստ Սուրբ Էջմիածնի կանոնադրութեան, բայց ինքը ինձ երբեք ականջ չդրավ, ինքը բոլորովին անտարբեր մարդ է, եւ գլուխը չի ցավեցներ ոչ մի հարցով: Այդպիսով ես հրաժարվեցա դպրաց դասին ներկայանալեն, հեռացա եկեղեցիեն: Անկէ ետք սկսա մասնակցիլ այլ քոյր եկեղեցիներու պատարագներուն, եւ ապա Գերմանիոյ թեմի թուռը բախեցի, եւ զիս արժանի գտան սարկաւագական աստիճանին ու պարբերաբար այնտեղ կը ծառայեմ»:

Քրիստափոր սարկավագը պատմեց, որ Կարո սարկավագը հայտարարել է, թե անվավեր է գտնում իր ձեռնադրությունը: Բանը հասել է նրան, որ տեր Խաչատուր քահանան, որը հրավիրված էր այդ օրը Սուրբ Պատարագն անցկացնելու, չնայած սկզբում համաձայնել էր, որ Քրիստափոր սարկավագը սուրբ սեղանը սպասավորի, սակայն տեղի տալով Կարո սարկավագի շանտաժի առաջ, խնդրել է, որ Քրիստափոր սարկավագը հեռանա: «Կարոն սկսավ անկիրթ ձեւերով վարվիլ հետս, ըսավ՝ դու սարկավագ չես, քո սարկավագությունդ վավերական չէ, չեղյալ է, դուն չես կրնար ծառայել»,- նշեց մեր զրուցակիցը: Նրա ձեւակերպմամբ, Կարո սարկավագն ու նրան հովանավորողները արդեն 20 տարի է՝ խեղդել են Հայ առաքելական Սուրբ եկեղեցին:

Ի դեպ, Քրիստափոր սարկավագը կրկին փորձել է եկեղեցի մտնել, սակայն նրա պատմելով՝ Կարո սարկավագը եւ նրա կողմնակիցները հարձակվել են իր վրա: «Սա անօրինության գագաթնակետն էր, որ կկատարվի Բելգիայի՝ Հայ առաքելական Սուրբ եկեղեցիին մեջ: Եթե Կարո սարկավագն է այստեղ որոշողը՝ ով կրնա խորան ելնել, ով՝ ոչ, դա կատարյալ խայտառակություն է»,- ասում է հոգեւորականը: Նա հայտարարեց, որ չի պատրաստվում աչք փակել այս ամենի վրա. «Ես այս եկեղեցիին ձրիաբար ծառայել եմ, մինչդեռ իրենք ապերախտ եղան հետս եւ Կարոյին պաշտպանեցին, անօրեն Կարոյին, որու բազմաթիւ անօրենութիւններուն մեկ օրինակն է, պսակներ ու մկրտություններ ընելը առանց այդ իշխանութիւնը ունենալու, քանի որ ըստ մեր եկեղեցւոյ օրէնքներուն՝ խորհրդակատարութիւնները վերապահուած են միայն ձեռնադրեալ քահանաներուն»:

Սարկավագը նաեւ նամակ է ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որի մեջ ահազանգում է. «Վեհափառ Տէր, որպէս Հայ Առաքելական Եկեղեցւոյ Հովուապետու Հայր՝ կաղաչենք ու կըպաղատինք Ձերդ վեհութեան փրկեցէք մեր Եկեղեցին այս անելի ու քաոսային վիճակէն, որ մեր Եկեղեցին կառաջնորդէ դէպի անկում»:

Հավելենք, որ Ֆեյսբուքում արդեն գործում է՝ stopgaro էջ, իսկ Քրիստափոր սարկավագի ֆեյսբուքյան էջում մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնել կատարվածի առնչությամբ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Պատրաստ ենք տպագրել նաեւ մյուս կողմի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Մոլի հավատացյալ չեմ,աթեիստ մարդն էլ ճիշտ չի հասկացվում:Կարդալով այսպիսի նյութեր;լսելով այն անառողջ,բիզնեսային մթնոլորտը,որ տիրում է եկեղեցիներում,մտածում եմ,ինչ լավ է,որ ինձ աթեիստ եմ համարում:Մարդիկ հավատում եմ,իսկ հոգևորական-քարոզիչն իր նեղ-անձնական շահն է առաջ տանում:Հետաքրքիր է,ինչ կասի մեր կաթողիկոսը:Անհամբերությամբ կսպասեմ նրա արձագանքին:

    • Garik says:

      Կարծում եմ հավատը ԱՍՏԾՈ հանդեպ չի սկսվում հոգեվորականով, թեպետ նրանց վարքագիծը շատ կաեւոր պայման է: Եկեղեցին հոգեւորականը չէ, այլ ժողովուրդը: Եկեղեցեւ գլուխը ՔՐԻՍՏՈՍ է, ինպես ասում է Պողոս առաքյալը: Մեր պապերը եկեղեցին նաեւ ժամ են կոչել, այսինքն ժամադրավայր ԱՍՏԾՈ հետ: Քրիստոս զուր չասեց՛՛ Դուք նրանց խոսքերին հետեւեցեք, գործերին մի նայեք՛՛ հետեւաբար եկեղեցի գնալով,ապաշխարությամբ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳՆԵՐԻՆ մասնակցելով, հաղորդակից ենք լինում ՔՐԻՍՏՈՍԻ Չարչարանքներին, Խաչելությանը եւ Հարությանը ակնկալելով ՏԻՐՈՋ ԳԱԼՍՏՅԱՆ ժամանակ հավիտենական կյանքին արժանալ:
      Թե հոգեւորականները ինչպես կպահեն իրենց, դատողն ԱՍՏՎԱԾ է: Վստահ եմ, որ ամեն մարդ իր արածների համար է պատասխանատու:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930