Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լոռեցու նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է

Ապրիլ 17,2013 13:56

Դատարանը որոշում է կայացրել կարճել քրեական գործով վարույթը

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել՝ այդկերպ դադարեցնելով ճանապարհային երթեւեկության ու տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար 1,5 տարվա ազատազրկման դատապարտված եւ համաներման ակտով պատժի կրումից ազատված Թադեւոս Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:

Նման որոշում կայացնելիս դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Թադեւոս Գեւորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրացել է:

Նկատենք, որ մինչ այս  ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր Թադեւոս Գեւորգյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի բողոքը՝ բեկանելով իր նախորդների կայացրած վճիռներն ու գործը ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: «Իմ պաշտպանյալը պիտի ամբողջությամբ արդարացվի ՃՏՊ-ով, կամ էլ, հակառակ դեպքում, պետք է համաներման ակտի կիրառմամբ գործող վարույթը կարճվի, այլ ոչ թե պատիժ նշանակվի»,- «Առավոտի» հետ զրույցում նշել էր Ռուբեն Հակոբյանը՝ նկատելով, որ արդեն նոր քննությունը հնարավորություն կտա վիճարկելու այդ հարցը:

Նոր քննության արդյունքում էլ Թադեւոս Գեւորգյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվեց՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով:

«Թադեւոսին վերագրվող հանցանքը, որը անզգույշ հանցագործություն էր,  որպես պատիժ նախատեսում էր ազատազրկում 2 տարի ժամկետով: Անզգույշ հանցագործությունները, որոնք երեք տարուց ոչ ավելի պատիժ են նախատեսում, համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություն: Ոչ  մեծ ծանրության հանցագործությունների համար վաղեմության ժամկետը երկու տարի է: Դեպքը տեղի էր ունեցել 2010 թվականին, հետեւաբար 2 տարին արդեն անցել էր»,- «Առավոտի» հետ հարցազրույցում նշում է Թադեւոս Գեւորգյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը՝ մանրամասնելով, որ թեեւ իր պաշտպանյալը մինչ օրս էլ չի ընդունում իրեն վերագրվող հանցանքը, այնուամենայնիվ, տեւական ժամանակ ընթացող դատական քննությունից հոգնած լինելով՝ դիմել էր դատարան՝ իր հանդեպ վաղեմություն կիրառելու խնդրանքով:

«Իր դիրքորոշման արտահայտումը արդեն համարվում է քրեական հետապնդումը դադարեցնող հանգամանք: Եվ դատարանը այլ որոշում, քան քրեական գործով վարույթը կարճել, չէր կարող կայացնել»,- եզրափակում է փաստաբանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թադեւոս Գեւորգյանը իր կողմից վարած «ՎԱԶ 21-21» մակնիշի ավտոմեքենայով, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Սպիտակ-Երեւան ճանապարհի 1-ին կիլոմետրի վրա ավտոմեքենան վարելով սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ եւ դեպքի վայրի ճանապարհահատվածում իրականացնելով վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ ավտոմեքենան դուրս էր բերել հանդիպակաց երթեւեկելի ուղեմաս եւ ընկել ճանապարհին հարող հանդամասը: Արդյունքում՝ ավտոմեքենայի ուղեւոր Վարդան Արզումանյանի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: Մինչ օրս նա չի կարողանում շարժվել, խոսել, լսել:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930