Արմեն Խալոյանի համար մեղադրողը պահանջել էր 5, 5 տարվա ազատազրկում եւ 30 հազար դրամի չափով տուգանք:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց դատական վիճաբանությունների փուլը:
Պաշտպանական ճառով հանդես եկած Ա. Խալոյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանը հայտնեց, որ քրեական գործը, որը հարուցվել է իր պաշտպանյալի նկատմամբ, շինծու է:
Նա դատարանից պահանջեց արդարացնել Ա. Խալոյանին:
Կարդացեք նաև
Պաշտպանն անդրադարձավ 2012թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանապետի ընդունարանում կատարվածին, ըստ որի՝ իբր Խալոյանը հարվածել է ոստիկանապետի օգնական Մերուժան Հակոբյանին, հայհոյել, բռնություն գործադրել նրա նկատմամբ: Իրականում, ըստ պաշտպանի, Ա. Խալոյանը ոստիկանապետի ընդունարանում ոչ թե ոստիկանապետի հետ հանդիպում նշանակելու համար է վիճաբանության մեջ մտել Մ. Հակոբյանի հետ, այլ մեկ այլ պատճառով: Մինչ այդ նա հանդիպել էր նման հարցով Մ. Հակոբյանի հետ: Ըստ Ա. Խալոյանի, Մ. Հակոբյանը իրեն ծանոթացրել է Վահե Մանուկյանի հետ:
Վահե Մանուկյանը գումար է պահանջել դատավորներին կաշառելու համար, իր օգտին վճիռ կայացնելու համար, սակայն Ա. Խալոյանը դիմել է ազգային անվտանգության ծառայություն: Արդյունքում Վ. Մանուկյանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ: Մերուժան Հակոբյանը տեղյակ լինելով իր ընկերոջ հետ պատահածի մասին, ոստիկանապետի ընդունարանում Ա. Խալոյանի հասցեին արել է վիրավորական արտահայտություններ, սեղանին դրված մետաղյա գրիչով էլ հարվածել նրան, պատռել շրթունքը:
Ի դեպ, որ Ա. Խալոյանը ստացել է մարմնական վնասվածքներ, որեւէ մեկը չի ժխտել:
Միայն պատճառաբանել էին, թե Ա. Խալոյանն ընկել է բազկաթոռների վրա եւ վնասվել:
Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցից տրված տեղեկանքի համաձայն, Ա. Խալոյանի վնասվածքները «աթոռին ընկնելուց ծակած-կտրած չէին», նման մարմնական վնասվածքները պատճառվում են սուր առարկայի միջոցով:
«Արժանահավատ է Ա. Խալոյանի ցուցմունքը, որ հարվածը ստացել է Մ.Հակոբյանի կողմից, կապված իր ընկերոջ ձերբակալվելու փաստի հետ»,- ասում էր Ռ. Ռեւազյանը:
Պաշտպանն անդրադարձավ նաեւ նախաքննության ժամանակ ձեռք բերված ապացույցներին, խախտումներին:
Ռ. Ռեւազյանը դատարանում ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել նաեւ այն բանի համար, որ նա նոյեմբերի 2-ին Դեմիրճյան փողոցից հայտնաբերվել է, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ըստ մեղադրանքի, Ա. Խալոյանը ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հայկ Կարապետյանին իբր հայհոյանք է տվել, հարվածել է: Քրեականի պետը տուժողն էր:
Ուշագրավ է այն, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում էլ քրեական գործի նախաքննությունն է իրականացել, այսինքն՝ «տուժողի» տարածքում, հետեւաբար, ըստ պաշտպանի, նախաքննությունն անկողմնակալ չէր կարող լինել:
«Նախ, մտնելով սենյակ, սահմանափակելով Ա. Խալոյանի իրավունքները, քրեական հետախուզության բաժանմունքի պետը չի ներկայացել ըստ կարգի, նա ընդամենը նշել է, որ քրեականի պետն է, թեեւ նշենք, որ քրեականի պետ, որպես այդպիսին, գոյություն չունի, գոյություն ունի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, իսկ կոչումը եւ ազգանունը ընդհանրապես չի նշել: Մյուս հարցը, թե Ա. Խալոյանն ինչու որոշեց հարվածել տուժողին, այս գործով մյուս վկաները նշում են, որ իրենք էին դիտողություններ անում Ա. Խալոյանին, սակայն նա նրանց նկատմամբ ագրեսիվ պահվածք չի դրսեւորել»,- ասում էր Ռ. Ռեւազյանը:
Ա. Խալոյանի ցուցմունքով տուժող Հ. Կարապետյանն է սադրել միջադեպը:
Բացի այդ, Հ. Կարապետյանը եղել է քաղաքացիական հագուստով:
Ինչ վերաբերում էր Ա. Խալոյանի կողմից ապօրինի կերպով սառը զենք կրելուն՝ գործարանային արտադրության շեղբավոր դանակի առկայությանը, որը հայտնաբերվել էր նրա մոտից, պաշտպանն ասաց. «Ա. Խալոյանը նույնիսկ չի գիտակցել, թե իր ձեռքում գտնվող դանակը դասվում է սառը զենքերի շարքին, եւ նա լինելով անօթեւան, այդ դանակն օգտագործել է իր կենցաղային պահանջմունքներն ապահովելու համար, հաց, պանիր, այլ մթերքներ կտրելու համար:
Նա նույնիսկ չի փորձել թաքցնել դանակի առկայությունը եւ չի գիտակցել դրա արգելված լինելու մասին»:
Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն ասաց, որ խախտվել է իր պաշտպանյալի պաշտպանության իրավունքը: Թեեւ նրան 25.10.2012-ին պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել, սակայն նա սկսած այն պահից, երբ ոստիկանության վարչական շենքում նրա տեղաշարժի իրավունքը սահմանափակվել էր, փաստացի գտնվել էր անազատության մեջ, որտեղից էլ բերման են ենթարկել, նա ուներ պաշտպանի իրավունք: Ոչ միայն չեն առաջարկել, այլ նա չի ունեցել պաշտպան:
Խալոյանին չեն տվել դատաբժշկի ուղեգիր, թեեւ նա ծեծվել էր եւ ուներ մարմնական բազմաթիվ վնասվածքներ:
«Հարգելի դատարան: Ես պահանջել եմ փաստաբան, որի իրավունքը ունեի եւ չտվեցին ինձ: Շատ ծանր վիճակում եմ, արդեն 20 օր է, որ ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերում, 3 օր է, ինչ սոված եմ, ինձ չեն կերակրում, պահում են Մարաշի կաբինետներում»,- ասել է Ա. Խալոյանն անցյալ տարվա դատական նիստերից մեկի ժամանակ:
Ահա թե ինչու քննչական արձանագրությունների տակ բացակայում են կալանավորի ստորագրությունները:
Ի դեպ, ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Ա. Խալոյանը նամակ է ուղարկել քննիչ Ա. Թեւանյանին՝ պահանջելով հանրային պաշտպան, իրեն հասցրած մարմնական վնասվածքների մասով դատաբժշկական փորձաքննություն:
Երբ Ա. Խալոյանին տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածների պահպանության վայր, նա իր բանավոր հայտարարության համաձայն՝ ունեցել է ստամոքսի, մեջքի, որովայնի, միզուղիների ցավ, հազից գանգատ:
Մեջքին քսվել է «դիկլոֆենակ» քսուք:
Արմեն Խալոյանը հանդես եկավ վերջին խոսքով: Նա գրեթե լացակումած խնդրում էր դատարանից իրեն բաց թողնել, նա ուզում էր հեռանալ հանրապետությունից, իրեն համարում էր ոստիկանության վրեժխնդրության թիրախ:
Ի դեպ, նա, որը պահնորդական ծառայություն է իրականացրել եւ ուներ պարգեւատրում «Արմոբիլ» անվտանգության ծառայության կողմից, չգիտես ինչու, պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այլ ոչ թե «Վարդաշենում»:
Ըստ Ա. Խալոյանի՝ ինքն ամեն օր ենթարկվում է խոշտանգումների, նվաստացումների՝ գողականների կողմից, իսկ ադմինիստրացիան իր բողոքները թողնում է անհետեւանք, քանի որ համագործակցում է նրանց հետ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ Ա. Խալոյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման եւ 250 000 դրամի չափով տուգանքի:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ