Արդեն հայտնի է, որ Երեւանի ավագանու ընտրությունում պայքարում են 6 կուսակցություն եւ մեկ դաշինք, 65 տեղի համար առաջադրված է 694 թեկնածու: Ամենաերկար ցուցակը ներկայացրել են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն՝ 195, 194 թեկնածու, ամենակարճը՝ «Առաքելություն» կուսակցությունը՝ 29 հոգի:
ՀՀԿ ցուցակում 65-ից ներքեւներից մեկը՝ 111-րդը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Սարգսյանն է: Հենց նրանից փորձեցինք պարզել՝ 100-ից ներքեւ լինելով՝ ավագանու անդամ դառնալու հույսը ո՞րն է: «Ես ունեմ հույս այնքան, ինչքան մյուսները: Ոչ ոք չի կարող կանխատեսել ավագանի ընտրվելու հավանականությունը, քանի որ բոլորն էլ ունեն ուժեղ եւ թույլ կողմեր: Խնդիրը դրված է թիմային խմբվածության եւ թիմային աշխատանքի վրա: Յուրաքանչյուրն իր ֆիզիկական եւ հոգեւոր ուժերին համապատասխան որոշում է իր անելիքները այդ թիմում աշխատանքների համակարգման եւ կոորդինացման ուղղություններով: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն արժանի մարդկանց է առաջադրել ավագանու թեկնածուներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունները եւ թիմային աշխատանք կատարելու պատրաստվածությունն ու պատրաստակամությունը: Ես դրանցից մեկն եմ, ով կրում է պատասխանատվություն ինչպես կուսակցության, այնպես էլ երկրի ու պետության առաջընթացն ապահովելու գործում»,- եղավ պատասխանը:
Առանց Հասմիկ Սարգսյանի էլ Երեւանի ավագանում կան մտավորականներ, ու պարզ չէ՝ մեկով ավելի, մեկով պակաս, կամ Սերժ Սարգսյանի՝ արդեն թեւավոր դարձած խոսքով հարց տվեցինք՝ գալիս ես որ ի՞նչ անես. «Իհարկե, կան մտավորականներ, ես նրանցից մեկն եմ, բայց ունեմ կոնկրետ առաքելություն՝ իմ մանկավարժական կրթությամբ, մեծաքանակ ուսանողների հետ տարվող ամենօրյա հետեւողական աշխատանքով, հասարակական գործունեությամբ, ինչպես նաեւ կազմակերպչական ունակություններով: Ես ներկայացնում եմ միջին տարիքը՝ հասցեագրված ուսանող երիտասարդությանը: Հայաստանի Հանրապետությունում ապագա մանկավարժների թվաքանակը մրցակցությունից դուրս է: Կան մի շարք մասնագիտական ուղղվածությամբ բուհեր, որոնք պատրաստում են ապագա մանկավարժներ: Կարծում եմ՝ հենց այս առաքելությամբ էլ ընդգրկված եմ»:
Մեկ ընտրություն չէ, որ արձանագրվել է՝ ՀՀ ԱԺ ընտրությունում ցուցակի առաջին հորիզոնականներում ՀՀԿ-ն գրում է հայտնի մարդկանց՝ նախարարների, պատգամավորների անուններ, հետո նրանք բացարկ են հայտնում, ու ԱԺ են գալիս ոչ հայտնիները: Երեւանի ավագանու ընտրությունում նո՞ւյնն եք անելու: «Հայտնիի եւ անհայտի սահմանները դեռ ոչ ոք չի սահմանել: Շատ մարդիկ անհայտ են եղել, այնպես որ՝ անհայտին կարելի է ստանձնել որոշ գործառույթներ, եւ մարդը կդառնա հայտնի: Կյանքը դինամիկ համակարգ է, կայացումը՝ շարունակական գործընթաց, եւ այդ համատեքստում մշտապես թարմացման խնդիր է դրվում: Անհայտները կարող են հայտնի դառնալ եւ հակառակը»:
Կարդացեք նաև
Արտագաղթը չի դադարում, Սերժ Սարգսյանն է ընդունում, որ երկրում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, ու հասկանալի չէ՝ ինչո՞ւ պիտի ՀՀԿ-ին, ձեզ ձայն տա նա, ում հարազատը անվերադարձ հեռանում է: «Արտագաղթ կա բոլոր երկրներում՝ մի տեղ շատ, մի տեղ՝ քիչ: Հնարավոր է գա մի ժամանակ, որ Հայաստանը պետականորեն ընդունի ներգաղթի ծրագիր, ինչպես շատ երկրներում: Արտագաղթը լուրջ պրոբլեմ է՝ թե տնտեսական, թե սոցիալական եւ թե հոգեբանական առումներով, բայց նկատի ունենանք, որ նպատակամետ քաղաքականության շնորհիվ արտագաղթի չափերը տարեցտարի կփոքրանան: Համատեղենք հանրության ուժերը: Գուցե գա մի ժամանակ, որ արտագաղթած մեր հայրենակիցները կրկին վերադառնան հայրենիք: Այնպես որ՝ սա միայն ՀՀԿ-ի խնդիրը չի, եւ կարելի է ասել, որ եթե չլինի ընդգծված անհատապաշտությունը, եւ հնարավորինս կարողանանք մեր ամենօրյա վարած կենսակերպով աջակցել մեզ շրջապատող մարդկանց, մեր ամենօրյա հետեւողական աշխատանքով յուրաքանչյուր քաղաքացի կարողանա նպաստել պետության զարգացմանը, ապա կփոքրանան արտագաղթի չափերը»,- վստահ է Հասմիկ Սարգսյանը:
Լուրեր կան, որ ՀՀԿ-ի ներսում լուրջ հակամարտություն է հասունանում տարեցների եւ ոչ տարեցների միջեւ, եւ Սերժ Սարգսյանը ոչ տարեցների կողմն է: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Հասմիկ Սարգսյանն ասաց, որ կան հարցեր, որոնք դուրս են իր իրազեկվածությունից. «Հնարավոր է՝ դրանք հակամարտություններ չեն, այլ բանավեճեր ու քննարկումներ են, ուրիշի աչքերով նայելիս դրանք հակամարտություններ են: Ինչ վերաբերում է նախագահի վերաբերմունքին, իմ կարծիքով՝ թերեւս տարիքը չի կարեւորվում, այլ գնահատվում է մարդու կյանքի փորձը, փորձառությունը, պատրաստվածությունը եւ պատրաստակամությունը: Ավելի կոնկրետ կարող եմ ասել, որ կան երիտասարդներ, որոնք հասուն են, ընդունակ են լուծելու տարաբնույթ հարցեր, եւ կան տարեցներ, որոնք անցյալի դափնիներով են եւ հին կարծրատիպով, մի փաստ, որ դիտարկելի է բոլոր մարդկանց կողմից, այդ պատճառով տարիքին կարեւորություն չի տրվում առաջադրելիս: Դա վկայում է ՀՀԿ ավագանու համամասնական ցուցակի առաջին համարը»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Եթե խոսքը՝ կարեն ավագյանի մասին է, ապա ես կգերագնհատեի գալուստ սահակյանին, իսկ եթե
խոսքը՝ հովհանես սահակյանի մասին է, ապա միանշանակ՝ խոսրով հարությունյանին: Քանի որ
երկրորդ տարբերակում չարի վերջը ինչ որ ձև երևում է: