Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-վրացական սահմանը պայմանական դարձնելու գաղափարի մասին դեռ վաղ է խոսել»

Ապրիլ 17,2013 13:46

Թեեւ ըստ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի՝ դա եւս աներեւակայական հեռանկար չէ

– Պարոն Մանուկյան, 2011թ. փետրվարի 26-ին նշանակվեցիք Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Այս երկու տարիների ընթացքում հայ-վրացական հարաբերություններում ի՞նչ նշանակալի իրադարձություններ, ձեռքբերումներ կնշեք, որոնք նպաստել են հայ-վրացական հարաբերությունների խորացմանը:

– Հայ-վրացական հարաբերությունների հետեւողական զարգացման մեջ համոզվելու համար բավական է վերհիշել այս ժամանակահատվածում տեղի ունեցած պաշտոնական եւ աշխատանքային բարձր մակարդակի փոխայցելությունների վիճակագրությունը. երկու նախագահական այցելություններ, երեք անգամ վարչապետների այցեր, յոթ անգամ՝ ԱԳ նախարարների: Մեր հարաբերությունների որակի մասին է խոսում նաեւ երկու երկրների միջեւ առկա բազմաոլորտ եւ ծավալային առումով ընդգրկուն իրավապայմանագրային դաշտը: Երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելուն զգալի լիցք հաղորդեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այս տարվա հունվարի 17-ին Երեւան կատարած այցը, որի շրջանակներում ստորագրվեցին կարեւորագույն փաստաթղթեր ցամաքային մաքսային սահմանների շահագործման եւ մշակութային ոլորտներում համագործակցության մասին:

Հայ-վրացական հարաբերությունների պրակտիկ գնահատականի տեսակետից բավականին հետաքրքրական է վերջին շրջանում ձեւավորված եւ երկուստեք հաստատագրված այն բանաձեւը, որ Հայաստանն ու Վրաստանը չունեն հիմնախնդիրներ, այլեւ մեր հարաբերությունների օրակարգում կան միայն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք ենթակա են բանակցման եւ լուծման: Դրա երաշխիքը ինչպես մեր երկրների քաղաքական իշխանությունների պատասխանատուների վերաբերմունքն է հայ-վրացական դարավոր հարաբերությունների ժառանգության պահպանման խնդրին, այնպես էլ Վրաստանի հայ համայնքը, որը վստահելի մշակութային կամուրջ է թե՛ մեր պետությունների, թե՛ մեր ժողովուրդների միջեւ:

– Ապրիլի 12-ին մեկօրյա այցով Հայաստանում էր Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, նա «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում աբխազական երկաթուղու վերագործարկմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ նշեց. «Դեռ չենք սկսել աշխատել այդ ուղղությամբ: Վրաստանի հետաքրքրությունները հաշվի առնելով՝ մենք կփորձենք հասկանալ, թե որքանով Վրաստանը կշահի այդ գործընթացից: Դրանից հետո միայն գուցե կազմենք աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի իրավիճակը, եւ դրանից հետո միայն կկայացնենք որոշում: Այժմ դեռ շատ վաղ է վերագործարկման մասին խոսելը: Դա ընդամենը գաղափար էր…»: Պարոն Մանուկյան, պաշտոնական Երեւանը դեռեւս աշխատանք չի՞ տարել վրացական կողմի հետ, որպեսզի այդ որոշումը հնարավորինս շուտ կայացվի, եւ չե՞ք կարծում, որ վրացական եւ ռուսական կողմերի միջեւ համաձայնության հասնելու հարցում հայկական կողմը կարող է արդյունավետ դեր ունենալ երկու կողմերի դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ:

– Աբխազական երկաթուղու վերագործարկման համար նախեւառաջ հարկավոր է Վրաստանի իշխանությունների քաղաքական որոշումը, քանզի այդ հարցն ուղղակիորեն առնչվում է այդ երկրի ազգային շահերի եւ անվտանգության հետ: Միանգամայն հասկանալի է, որ նման հարցերում կողմնորոշվելը պահանջում է լուրջ մտորումներ, վերլուծություն եւ քաղաքական վճռականություն:

Հայաստանն ամենաբարձր մակարդակում միանշանակ հայտարարել է, որ շահագրգիռ է հարցի դրական լուծմամբ: Սա նշանակալից հայտարարություն է եւ հստակ ազդանշան այդ հարցի հետ առնչություն ունեցող բոլոր կողմերի համար:

Անշուշտ, Հայաստանն ի վիճակի է վրացական եւ ռուսական կողմերի դիրքորոշումներն այդ հարցում մերձեցնելու գործում արդյունավետ դերակատարում ունենալ՝ հաշվի առնելով արտաքին քաղաքականության ոլորտում մեր հավասարակշռված, գրագետ եւ նախաձեռնողական գործելակերպը, մասնավորապես՝ ռեգիոնալ քաղաքական հարթությունում: Սակայն կոպիտ դիվանագիտական սխալ կլիներ, եթե փորձեինք որեւէ ձեւով պարտադրել նման աջակցություն:

Այնուամենայնիվ, կարծում եմ՝ լավատեսական ակնկալիքներն այս հարցում հիմնազուրկ չեն, քանզի մեծ հաշվով 2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ինքնըստինքյան ի ցույց դրեցին ժողովրդի մեծամասնության ցանկությունը՝ բարելավելու հարաբերությունները ՌԴ-ի հետ: Այդ մասին են վկայում նաեւ ս.թ. մարտին Ազգային ժողովրդավարական ինստիտուտի կողմից (NDI) անցկացված հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները: Համաձայն այդ հետազոտության տվյալների՝ հարցվածների 63 տոկոսն ընդունելի են համարում Աբխազիայի տարածքով ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, իսկ դրան դեմ են արտահայտվում ընդամենը 13 տոկոսը: Բացի այդ, եթե հարցվածների 38 տոկոսը բավարարված է Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակից, ապա հարցմանը մասնակցածների մեծ մասը՝ 49 տոկոսը, անբավարար է համարում հարաբերությունների այսօրվա որակը: Այս ամենը վկայում է, որ վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման եւ աբխազական երկաթգծի վերաբացման հետ կապված մեր սպասումներն անհիմն չեն:

– Ի՞նչ վիճակում է Վրաստանի հայ համայնքը, ի՞նչ բնույթի խնդիրներ են առկա այսօր Ջավախքում:

– Ինչ վերաբերում է Վրաստանի հայ համայնքին, այդ թվում նաեւ Ջավախքի տարածաշրջանում բնակվող հայությանը, ապա այն, անկասկած, մեր ամենահզոր համայնքներից մեկն է: Վիրահայությունն ունի փառահեղ անցյալ եւ բավականին խոստումնալից հեռանկարներ՝ Վրաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում իր ներկայությունն ամրապնդելու առումով: Այսօր արդեն հայ համայնքում նկատվում է մշակութային կյանքի զգալի աշխուժացում եւ աճ: Չի կարելի մոռանալ նաեւ հայ համայնքի նկատմամբ վրաց պետության հոգածության մասին: Բավական է միայն հիշատակել, որ Վրաստանում այսօր գործում են շուրջ 140 հայկական դպրոցներ: Իհարկե, կան նաեւ խնդիրներ, որոնք մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, սակայն դրանք ազգային հողի վրա իրավունքների խտրականության էլեմենտ չեն պարունակում եւ ենթակա են քննարկման եւ լուծման բանակցային ֆորմատներում:

– Մարտի 20-ին Երեւանում գտնվող Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, ՌԴ-ի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը խոսելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունքների մասին՝ նշեց, որ Հայաստանից բացի, նմանատիպ բանակցություններ են ընթանում նաեւ Մոլդովայի եւ Վրաստանի հետ, որոնք գտնվում են գրեթե նույն փուլում, եւ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի համաձայնագրեր կնքել այդ երեք երկրների հետ, ապա հավելեց, որ Ադրբեջանի հետ եւս բանակցություններ են ընթանում, սակայն այնտեղ առաջընթացն ավելի փոքր է: Իվանիշվիլիի այցի օրերին մեզ մոտ տեսակետներ հնչեցին, որ մեր հարաբերությունները Վրաստանի հետ պետք է լինեն ոչ միայն գործընկերային, այլեւ պետք է կրեն ռազմավարական բնույթ, եւ որ ժամանակն է երկու երկրների միջեւ սկսել «ռազմավարական երկխոսություն», եւ նույնիսկ հայ-վրացական օրակարգում կարող է լինել հայ-վրացական սահմանից բոլոր տեսակի անցակետերը վերացնելու հարցը։ Հաշվի առնելով նաեւ ԵՄ-ի հետ բանակցություններում Հայաստանի ու Վրաստանի՝ նույն մակարդակի վրա գտնվելու հանգամանքը՝ չե՞ք կարծում, որ իսկապես երկու երկրները կարող են անել ավելին, քան առկա է այսօր փոխհարաբերություններում:

– Բնականաբար՝ այո, մեր հարաբերությունների զարգացման պոտենցիալն ամենեւին սպառված չէ: Հայ-վրացական երկխոսության մակարդակը բացառում է թեմաներ, որոնցից մենք ստիպված ենք խուսափել: Ինչ վերաբերում է սահմանը պայմանական դարձնելու գաղափարին, ապա դրա մասին դեռ վաղ է խոսելը, թեեւ դա եւս աներեւակայական հեռանկար չէ: Սակայն ներկայումս մենք լուծում ենք ավելի իրատեսական, սակայն ոչ պակաս կարեւոր հարցեր: Այսպես, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու արդեն հիշատակված երեւանյան պաշտոնական այցի ընթացքում կնքվեցին երկու շատ կարեւոր փաստաթղթեր՝ «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգութի» եւ «Բավրա-Նինոծմինդա» սահմանային անցակետերի համատեղ օգտագործման մասին պայմանագիրը եւ Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունների միջեւ համագործակցության 2013-2014թթ. ծրագիրը: Սրանք քայլեր են, որոնք մերձեցնում են մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում, եւ նման քաղաքականության հետեւողական կենսագործումը երկարաժամկետ առումով բերում է երկրների հարաբերությունների մակարդակի որակական փոփոխության: Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր ջանքերի գործադրումը:

Մեր համագործակցության խորացման պոտենցիալը ներառում է տնտեսական համագործակցության ոլորտը, եւ ես վստահ եմ, որ շեշտադրումը առաջիկա տարիներին պետք է կատարել հենց այս ուղղությամբ: Սա կարող է հիմք դառնալ քաղաքական հարաբերությունների ծավալման եւ հետագա զարգացման համար: Այս բնագավառում առաջնահերթություն պետք է դիտարկվի մասշտաբային այնպիսի մի խնդիր, ինչպիսին է մեր երկրների բազմակողմանի տնտեսական ինտեգրումը, որի իրականացման նախապայմանը տնտեսական եւ ֆիսկալ կարգավորումների ունիֆիկացիան է, համապատասխան իրական հիմքերի եւ ներդրումների պաշտպանության արդյունավետ գործիքների ստեղծումը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930