ԿԸՀ քարտուղարը մեղադրում է ընդդիմադիր ուժերին
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից արդեն ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները տարբեր ահազանգեր հնչեցրին, որ իշխանություններն արդեն սկսել են աշխատեցնել ընտրակեղծիքների մեքենան: Մասնավորաբար, նշվում է, որ ՀՀ մարզերից տարբեր բնակիչների են գրանցում Երեւանում՝ ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի օգտին մասնակցություն եւ դրական արդյունք ապահովելու ակնկալիքով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ԿԸՀ-ն փորձե՞լ է այդ ահազանգերի հետքերով գնալ, եղե՞լ են պաշտոնական դիմում-բողոքներ: ԿԸՀ քարտուղարը նկատեց, որ նման դեպք ուղղակի չի կարող լինել, քանի որ օրենքը սահմանափակում է դնում. «Ընտրությունների օրը նշանակելուց հետո, տվյալ դեպքում՝ փետրվարի 21-ից հետո, քաղաքացիները չեն կարող ուղղակի գրանցումով ներառվել ընտրական ցուցակներում: Բացառությամբ նրանց, ովքեր զորացրվել են բանակից, կալանավայրից են վերադարձել, ամուսնության նպատակով են հաշվառվել կամ անշարժ գույք ձեռք բերելու պատրվակով»:
Մեկ դեպք էլ կա, երբ քաղաքացին մշտական բնակության է տեղափոխվում: Բացի օրենսդրական այս սահմանափակումից, մեր զրուցակիցը վստահեցնում է. «Մեր ցուցակներն այնքան հրապարակային են, որ ըստ էության, նման խնդիր չի կարող լինել: 40 օր առաջ բոլոր ցուցակները տեղադրված են եւ ոստիկանության կայքում, եւ ԿԸՀ-ի կայքում, եւ որոնման հնարավորությամբ կարելի է գտնել: Այսինքն՝ կարելի է ընտրական ցուցակները ձեռքի տակ ունենալ եւ պարզապես համեմատել մեկ-երկու օր առաջվա ցուցակների հետ, ու նման դեպքերի առկայության պարագայում պարզապես համապատասխան կուսակցությունը կամ թեկնածուն կարող է արդեն փաստերով դա ներկայացնել՝ դարձնելով քննարկման առարկա: Եվ ընդհանրապես, ցուցակների հետ կապված վարչարարությունն անքան պարզ է, որ ցանկացած սուբյեկտ ցանկացած քաղաքացու, ընտրողի վերաբերյալ կարող է դիմում ներկայացնել՝ առկա թերությունները շտկելու եւ այլ նպատակներով»:
Արմեն Սմբատյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ տեղեկատվություն, թե իր նշած դեպքերով քանի հավելյալ ընտրողներ կան արդեն ընտրացուցակներում ընդգրկված: «Չեմ կարող ասել, որովհետեւ ցուցակները եւ թվերը հրապարակվում են ընտրություններից 40 օր առաջ եւ 2 օր առաջ՝ արդեն թարմացումները եւ փոփոխությունները ներառված: Դա անում է անձնագրային եւ վիզաների վարչությունը, եւ համապատասխան անձնագրային բաժիններում անպայման կլինեն հիմքերը, թե տվյալ ընտրողն ինչի հիման վրա է ներառվել ընտրացուցակում: Նման դեպքերը, վստահեցնում եմ, չեն կարող քաղաքական միտումներով լինել, որովհետեւ քաղաքական նպատակներից ելնելով՝ դժվար թե ինչ-որ մեկը նման ռեսուրս, նման ջանք ներդնի՝ 500 հարյուր ձայնի համար կամ հարյուր ձայնի համար: Եթե անգամ նման բան լինի, կրկնում եմ՝ գործընթացն այնքան վերահսկելի է, որ հանգիստ կարելի է վարչական վարույթ վերցնել, քննարկել եւ պարզել՝ կա՞ նման բան, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, երբ ընտրություններից երկու օր առաջ, այսինքն՝ մայիսի 3-ին օրենքի պահանջով հրապարակվեն ընտրացուցակները, ու պարզվի, որ դրանցում ավելացած ընտրողների բավականին անտրամաբանական, նույնիսկ կասկածելի թիվ կա՝ ի՞նչ մեխանիզմներ են գործելու սխալը շտկելու համար: Մեր այդ հարց-դիտարկմանը ԿԸՀ քարտուղարը հակադարձեց. «Դրա համար պետք է հետեւել ու գտնել նման դեպք: Հրապարակային նման հայտարարություններ անողները, կարծում եմ, դա ուղղակի օգտագործում են քաղաքական նպատակներով: Դա մենք տեսել ենք եւ ԱԺ ընտրությունների ժամանակ, եւ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ քաղաքական ուժերն ասում էին, որ մենք ցուցակ ունենք, որ մի քանի հարյուր հազար մարդիկ ապօրինի ցուցակում են գտնվում: Ու երբ մենք կամ վիզաների եւ անձնագրային վարչությունը հայտարարությամբ էինք հանդես գգալիս, որ ցուցակներով կամ դիմումներով նման դեպքերը ներկայացվեն, հենց այդ նույն քաղաքական ուժերի կողմից ոչ մի դեպք այդպես էլ չի ներկայացվել: Այնպես որ, նման հայտարարություններն ունեն բացառապես քաղաքական իրացման տեղեկատվություն, ոչ թե իրավական: Եվ ընտրությունների հետ իրականում ոչ մի կապ չունեն: Կրկնում եմ՝ մեր ցուցակներն այնքան հրապարակային են ու բաց, որ ցանկացած մեկը կարող է ստուգել ու միանգամայն հնարավոր է գտնել՝ նման դեպք կա՞, թե՞ չկա»:
Նկատենք, որ այն իրողությունը, որ ՀՀ-ից արտագաղթած քաղաքացիները շարունակում են մնալ ընտրացուցակներում, մշտապես բոլոր ընտրությունների ժամանակ թեժ քննարկումների առարկա է դառնում, սակայն գործնականում քաղաքական ուժերը շահագրգռություն չեն ցուցաբերում ընտրությունից ընտրություն ընկած հատվածում այդ հարցը կարգավորելու համար քայլեր ձեռնարկելու նպատակով: Հարցի լուծումը գործնական փուլ տեղափոխելու միակ դեպքը եղավ փետրվարին կայացած նախագահական ընտրությունների փուլում, երբ թեկնածուներից Արմեն Մելիքյանը փորձում էր պետական ատյանների հետ երկխոսության եզրեր գտնել՝ ՀՀ-ից բացակայող ընտրողների թվաքանակի բացահայտման մասով: Սակայն ռեալ արդյունքներ չեղան:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ