Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական գործոնը

Ապրիլ 17,2013 13:39

Քաղաքականության մեջ անփորձ մարդիկ  կամ ճիշտ հակառակը՝ շատ փորձված եւ ցինիկ քարոզիչներ հաճախ օգտագործում են հետեւյալ հնարքը. «Եթե այս մարդը կամ մարդկանց այս խումբը գա (մնա) իշխանության, ապա Արմագեդոնն ապահովված է»: Դրանով, ի դեպ, իշխանությունը սովորաբար բացատրում է ընտրությունների կեղծումը. «Պատկերացնո՞ւմ ես, ինչ կլինի, եթե Պողոսը կամ պողոսականները գան իշխանության. այս երկիրը, քաղաքը, գյուղը կկործանվի, գետերը հակառակ ուղղությամբ կհոսեն, արեւը կխավարի: Եվ դրա համար մենք, որպես պատասխանատու մարդիկ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի պողոսականները չգան»: Եվ «ամեն ինչ անում են»: Թե ինչ են անում՝ բոլորս գիտենք: Ընդդիմությունն էլ նույնը. «Եթե սրանք մնան, այս երկրում էլ մարդ չի մնա, բոլորը կփախնեն կամ սովից կմեռնեն, գետերը կցամաքեն, հրաբուխները կժայթքեն»:

Երիտասարդ տարիներիս ես էլ էի տրվում այդ խուճապային տրամադրություններին: Բայց հիմա հասկացա՝ ոչ մնալուց, ոչ գնալուց որեւէ բան չի փոխվի, քանի չենք փոխվել մենք: Իհարկե, կան նաեւ սուբյեկտիվ գործոններ: Օրինակ՝ ինձ թվում է, որ եթե իշխանության վերադառնա Քոչարյանը, ապա նորմալ լրատվամիջոցների աշխատանքը կդժվարանա, իսկ կացնային փառաբանողների ու «քլնգողների» գործը կհեշտանա: Բայց դա, իհարկե, մասնավոր հարց է: «Ժողովրդի վիճակը», ինչպես սիրում են ասել  մարդիկ փողոցում, դրանից ոչ կտուժի, ոչ էլ կշահի: Որովհետեւ խնդիրը, ինչպես հասկանում եք, ոչ թե նախագահների, քաղաքապետերի կամ գյուղապետի անձերի մեջ է, այլ քաղաքացիների ԻՐԱԿԱՆ, ոչ թե հայտարարվող, ոչ թե քաղաքական ուժերի կողմից հորինված ցանկությունների մեջ:

Այդքանով հանդերձ՝ եթե հնարավորություն կա, որ չափից դուրս օդիոզ դեմքեր որոշակի պաշտոններ չզբաղեցնեն, ավելի լավ է, որ դա տեղի չունենա: Ոստիկանության աշխատանքում, օրինակ, նույնիսկ «ամենաչուզող» մարդիկ վերջերս նկատել են որոշակի առաջընթաց: Ապրիլի 9-ը դրա վկայություններից մեկն է՝ առանց լուրջ բախումների, առանց քաղբանտարկյալների, առանց կուսակցական գրասենյակների ավերումների: Եվ հանկարծ Երեւանի ոստիկանապետ է նշանակվում Աշոտ Կարապետյանը, որն, ըստ ամենայնի, այն՝ «հին ոճի» ոստիկան է: Համենայնդեպս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում կա ոմն Ա. Կ., որը, մասնավորապես,  «մտավ սենյակ եւ սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ամորձիների շրջանում: Այնուհետեւ իր ձեռքերը ձեռնաշղթաներով կապվեցին, իսկ ոստիկան Ա. Կ.-ը շարունակում էր ձեռքերով եւ ոտքերով հարվածել իր (դիմողի) գոտկատեղից ներքեւ հատվածին, որից նա կորցրեց գիտակցությունը»: Դիմողը, նույն ինքը՝ Գրիշա Վիրաբյանը, պնդում է, որ այդ ոստիկանը հենց Աշոտ Կարապետյանն էր: «Հանրապետություն» կուսակցության որոշ անդամներ հիշում են նաեւ՝ 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը իրենց կուսակցության գրասենյակ ներխուժած եւ այնտեղ ամեն ինչ ջարդուփշուր արած ոստիկաններից մեկն իր արտաքինով հիշեցնում է Աշոտ Կարապետյանին:

Ճիշտ է, պետք է հաշվի առնել, որ մեզանում նույնիսկ օլիգարխներն են դարձի գալիս, եւ մարդ ծեծող թիկնազորերի սեփականատերերը շուտով, հավանաբար, կդառնան բուրժուական դեմոկրատներ: Այնպես որ՝ սադիստական հակումներ ունեցող ոստիկանների համար ապաշխարանքի ճանապարհը բաց է ու բաց:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արամ says:

    Հանճարեղ միտք և երկաթե տրամաբանություն. գերմանացիների համար ինչ տարբերություն Հիտլեր թե Ադենաուեր, սովետական ժողովրդի համար Ստալին թե Խրուշչով… Կարծես ապաշխարած շատ թե քիչ հայտի քաղ. գործչի, ոստիկանի, կամ օլիգարխի անուն համացանցում չկա:

  2. Արմեն says:

    Փոփոխություններ դրական շատ են եղել, գնացեք անձնագիր ստանալու, վերհիշեք

    առաջ ինչպես էր: Կարող եմ էլի թվարկել, սակայն կա ավելի կարևոր բան, պիտի փոխվենք մենք:

    Մեքենա վարելուց հստակ երևում է թե մենք մեզ որքան ենք հարգում ու սա մասսսայական է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930