Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապ ունի՞ արդյոք Երևանի ոստիկանապետի ազատումը ապրիլի 9-ի դեպքերի հետ

Ապրիլ 17,2013 13:23

Մեկ օր առաջ պաշտոնից ազատվեց Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանը: Լրատվամիջոցներում Երևանի ոստիկանապետի ազատումը մեկնաբանվեց նաև, թե դա կապ ուներ ապրիլի 9-ի դեպքերի հետ, թե Ն. Նազարյանը ցանկացել է կտրուկ քայլերի դիմել, այդ իսկ պատճառով էլ ոստիկանապես Վովա Գասպարյանը հայտնվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Իբր Երևանի ոստիկանապետի ազատման փաստով սկիզբ է դրվում ոստիկականական համակարգում իրականացվելիք բարեփոխումներին:

Aravot.am-ի զրույցը իրավապաշտպանների հետ, սակայն, պարզեց, որ նրանք նման միտում չեն տեսնում և այդ վարկածն անհիմն են համարում:

Իրավապաշտպան Արտակ Զեյլանյանն այս կապակցությամբ ասաց. «Բացարձակ էական չէ` ինչ վարկածներ կան, արդյոք դրանք համընկնում են իրականության հետ, թե ոչ: Կարևորը, թե իրականում ինչի համար է ազատումը` դա պատիժ է, ինչ է: Բայց ոչ մի նման բան չի հայտարարվել, հետևաբար այն, ինչ ֆորմալ առումով կա, դա է իրականությունը: Որևէ կապ չունի նրա ազատումը ապրիլի 9-ի դեպքերի հետ: Ինձ համար ազատման պատճառը պարզ չէ: Եթե դա կապված լիներ այդ դեպքերի հետ, ապա պիտի լիներ վարույթ, ակտ, որով նա ենթարկվում է պատասխանատվության: Բայց նման բան չկա, հետևաբար ապրիլի 9-ի դեպքերի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Եվ այն ընթացակարգը, որ կա ոստիկանությունում, բացարձակ որևէ ձևով չի կանխարգելում հետագա նմանատիպ վարքագիծն ու գործողությունները, դրա համար պիտի լինի քրեական վարույթ»:

Այն մասին, թե պատահական չէր Վովա Գասպարյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին հայտնվելը և Ն. Նազարյանը կտրուկ քայլերի էր միտված, պարոն Զեյնալյանն ասաց. «Դրանք ասեկոսեներ են, կամ ուղղակի ենթադրությունների ոլորտից մտավարժանքներ»:

Ն. Նազարյանի ազատման փաստը ապրիլի 9-ի հետ չի կապում նաև իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն»-ի ղեկավար Վարդան Հարությունյանը: Նա հավելեց. «Ինֆորմացիա չունեմ, թե ում ինչի համար են փոխում: Ես չեմ կարծում, որ ոստիկանության որևէ պաշտոնյա ինքնուրույն գործողություններ կարող է կատարել: Նրանց բոլոր գործողությունները, ծրագրերը մշակվում են Բաղրամյան 26-ում, իսկ ոստիկանությունն ուղղակի իրականացնում է: Նրանք բոլորը մեկ ընդհանուր ծրագրով են շարժում: Իսկ թե ում են ազատում, դա իրենց ներքին խոհանոցն է, իրենց պարզաբանումներն ու ռազբորկաները, ճիշտն ասած չեմ էլ ուզում խորանալ»:

Նշենք, որ իրավապաշտպանների հետ զրույցից հետո տարածվեց ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը, որտեղ Ներսես Նազարյանի պաշտոնանկության առնչությամբ ասված էր. «Դա աշխատանքային մոտեցում է և լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության և կադրային քաղաքականության շրջանակներում: Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տևական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա: Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930