«Գործընթացը արագ և դինամիկ զարգանում է, և մինչև 2015-ի հունվարի 1-ը ձևավորված պիտի լինի Եվրասիական միություն հասկացությունը: Ուստի պիտի կարողանանք կողմնորոշվել, թե ինչ կերպ է ՀՀ-ն ներգրավվելու այդ միության մեջ»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Անդրադառնալով այն հանդիպումներին ու քննարկումներին, որոնց ինքն օրեր առաջ մասնակցել էր Մոսկվայում՝ կապված Եվրասիական միությանը վերաբերող խնդիրների հետ, Հ. Բաբուխանյանն ասաց. «Շեշտադրում կատարեցի այն հանգամանքի վրա, որ Եվրասիական միությանը վտանգում է ոչ թե Եվրամիության ընդլայնումը դեպի արևելք, այլ պանթյուրքիստական զարգացումները, թուրքական նեոօսմանիզմի գաղափարախոսությունը: Կարևորեցի նաև չճանաչված հանրապետությունների հարցը, հարցրի՝ արդյոք այդ ճանապարհով կարող ենք ապահովել ԼՂՀ-ում մարդկանց խաղաղ ապրելու իրավունքը սեփական հողի վրա: Դեռ քննարկում, կամ լուծում չկա, մեր խնդիրն է բարձրացնել հարցը, հետո ինչպես կստացվի: Մյուս կողմից էլ ուլտիմատումներով չպետք է թույլ տանք, որ մեզ հետ խոսեն, ինչպես դա անում են եվրոպական որոշ չինովնիկներ: Ուլտիմատում մեզ դնել պետք չէ, թե կամ դուք Եվրամիության հետ եք, կամ Եվրասիական»:
Հ. Բաբուխանյանը նշեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչը քննարկումների ժամանակ հանդես է եկել ռասիստական նպատակադրումներով՝ խոսելով այն մասին, որ 21-րդ դարում ազգային փոքրամասնություն հասկացություն չպիտի լինի և տվյալ երկրում ապրող յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչները պետք է դառնան այդ պետության ազգը:
Պարոն Բաբուխանյանը կարծում է,որ Եվրասիական միության մեջ մտնելը կվկայի հսկա մակրոտնտեսական տարածք ինտեգրվելու, ներդրումների ակտիվացման, էներգետիկ պաշարների հասանելության, առանց վիզաների տեղաշարժի, մշակութային հասարակության, մեկ քաղաքակրթության տարածքի մասին: Aravot.am-ը Հ. Բաբուխանյանին հիշեցրեց, որ մի առիթով նշել էր, թե ոչ թե պետք է Հայաստանին մտցնեն Եվրասիական միություն, այլ պետք է մեր երկիրը լինի այդ միության ճարտապետներից մեկը: Այնուհետև հարցրինք՝ արդյոք ՀՀ-ն ունի՞ այդ քաղաքական կշիռը նման դերակատարություն ունենալու և ի՞նչ քայլեր է մեր երկիրը ձեռնարկել մեզ հուզող հիմնական խնդիրների՝ այդ կառույցում լսելի դարձնելու և լուծված տեսնելու ուղղությամբ: Պարոն Բաբուխանյանը պատասխանեց. «Հիմա էլ եմ այդ կարծիքին: Պետք է լինենք ակտիվ: ՀՀ-ն չպետք է դառնա մի երկիր, որը պոչից միացավ որևէ կառույցի: Օրինակ Ղարաբաղի հարցը պետք է բարձրացնենք: Իսկ ՀՀ-ի կշռի մասին է վկայում այն ակտիվ դերակատարությունը, որը երևում է ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ի շրջանակներում և ռուսական զորքերի դերակատարությունը»:
Կարդացեք նաև
Մյուս հարցին, թե ինչ երաշխիքներ, որ Եվրասիական միությունը չի դառնա նորացված ԽՍՀՄ, ինչպես շատ քաղաքական ուժեր են պնդում, Հ. Բաբուխանյանն այսպես պատասխանեց. «ԽՍՀՄ-ի հիմնական բազան կոմունիստական գաղափարախոսությունն էր, իսկ այսօր որևէ միավորման հիմքում գաղափարախոսություն չի դրվում: Եվրասիական միության հիմքում ընկած է երկրների ինքնիշխանության հարգման,ներքին գործերին չխառնվելու և տնտեսական ինտեգրացիայի սկզբունքները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եթե բոբոխանյանն է այդ գործի գլխին կանգնած, ուրեմն բաններս բուրդ է:
Զարմանում եմ թե Հրանտը ինչպե՞ս է այս երկկենցաղին հավատացել ու պաշտպանել: