«Զարմանալու որեւէ բան չկա, առհասարակ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` iditord կայքում տեղադրված այն հրապարակմանը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բարեգործական ավտոբուս է նվիրում ավանցիներին, սակայն բնակիչները չեն ընդունում այն :
Պարոն Ուրիխանյանը պարզաբանեց, որ խոսքն այն մասին է, որ ուսանողներն այդ խնդրով դիմել են եւ ոչ միայն այդ վարչական համայնքի, այլ նաեւ մյուս համայնքներից, ոչ միայն Երեւանի, այլ մյուս մարզերից` անվճար ավտոբուսներ տրամադրելու համար: Նա նաեւ հավելեց, որ կոնկրետ այդ ավտոբուսը տրամադրել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:
ԲՀԿ- մամուլի խոսնակը կարծում է, որ այլ քաղաքական ուժեր, օգտագործելով առիթը, կազմակերպեցին շոու. «Հատուկ ձեւականորեն, իբր թե դժգոհություն առաջացնելու համար հրավիրված` պատվիրված մասնակիցներով հանդերձ ու որեւիցէ մեկ իրական դժգոհություն ինձ համար, համենայդեպս, տեսանելի չեղավ: Մի ուսանողի նույնիսկ չնկատեցինք, որը կարող էր դժգոհել»: Թե շոուի հեղինակը որ քաղաքական ուժն է իր կարծիքով, մեր զրուցակիցը չցանկացավ մանրանալ:
Այնուհանդերձ, ըստ մեր զրուցակցի, իրենք հիմա փորձում են տարբերակներ գտնել` ինչպես փորձել բավարարել իրականում կարիքավոր մարդկանց խնդրանքը, միեւնույն ժամանակ, զերծ մնալով սադրանքներից:
Կարդացեք նաև
Հարցին` ինչո՞ւ են նման միջադեպերը համընկնում քարոզարշավային շրջանների հետ, Ուրիխանյանը պատասխանեց. «Դե, որովհետեւ ուրիշ հարվածելու, խփելու, թիրախավորելու տեղ չունեն, այդ պատճառով էլ սկսում են օգտագործել աննշան առիթները, որոնք, ի վերջո, շուռ են գալիս իրենց իսկ դեմ: Սեւ քարոզչություն»:
Ի դեպ, Ուրիխանյանը հիշեցնում է նաեւ, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը նոր չէ, որ տարատեսակ ծրագրեր է իրականացնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ