Այսօր ԱԺ-ում ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն թեմայով լսումների ժամանակ ԶՈՒԺՎ անկախ փորձագետ Կարմեն Վեսայլը պատմեց Ռումինիայի փորձից. «Ակնհայտ է, որ հեշտ գործ չի հանրային վստահությունը բարձրացնելը: Իրավապահներն ու ոստիկանները ընկալվում են որպես անվստահելի, ոչ թափանցիկ: Ռումինիայում շատ ժամանակ պահանջվեց եւ ջուր քաշեց այս ընկալումը հաղթահարելու համար: Փոփոխություններ են պետք ներսից: Որքան հասկանում եմ, դա ՀՀ-ի ոստիկանությունն էլ է հասկանում: Ռումինիայի փորձից երկու օրինակ բերեմ: Ապառազմականացմանն եմ ուզում անդրադառնալ: Կար որոշակի դժկամություն ոստիկանների շրջանակում՝ ապազինվորականացման հետ կապված: Վախ ունեին, որ կկորցնեին իրենց արտոնությունները: Բայց այդ շարժը դրական ազդեցություն ունեցավ եւ նպաստեց ոստիկանության հետ հարաբերությունների տրանսֆորմացիային: 90-ականներին, երբ Ռումինիայի քաղաքացին պետք է ստանար վարորդական վկայական, պետք է գնար հին ոճի, սովետական ոճի քստմնելի շենք, հիմնարկում հերթ կանգներ եւ երբ հասներ ոստիկաններին, կարող էր հրամանով պարզել, որ մի թուղթ պակասում է: Քանի որ ինֆորմացիայի աղբյուր չկար, որ մարդն ինչ իմանար ինչ փաստաթուղթ է պետք: Հիմա գնում են ժամանակակից շենք, կտրոն են վերցնում՝ հերթական համարով: Վկայականը պատաստի փոստով հասնում է հենց տուն: Եվս մեկ կարեւոր քայլը նոր օրենքի ընդունումն էր, ըստ որի, հանրության հետաքրքրություն ներկայացնող ցանկացած ինֆորմացիա պետք է մատչելի լինի: Սա կտրականապես փոխեց հանրային ընկալումը»:
Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը նշեց, որ ուժի կիրառումը ոստիկանների կողմից ծայրահեղ միջոց է, որը կիրառում են, երբ այլեւս ոչ մի ելք չկա: «Ժառանգություն» խմբկացության պատգամավոր Թեւան Պողոսյանը հիշեցրեց ապրիլի 9-ը, մասնավորապես Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բիրտ ուժի կիրառումը եւ հույս հայտնեց, որ ապօրինի ուժ կիրառողներն անպայման կպատժվեն: Արթուր Օսիկյանի դիտարկմամբ՝ «Արմեն Մարտիրոսյանի մասով քննություն կատարվում է, քննության արդյունքները հրապարակային կներկայացնենք հանրությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ