Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ժամը 22.00 սահմաններում Գյումրու Անի թաղամասի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 37-րդ բնակարանում հյուրընկալված Եղիշե Սմբատի Թորոսյանը նռնակ էր պայթեցրել տանտերերի`Եղիազարյանների տանը, որից տուժել է թե ինքը, թե քույր ու եղբայր Հասմիկ ու Կարապետ Եղիազարյանները: Նրանց տեղափոխել էին Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն:
Քիչ առաջ Aravot.am-ը եղավ այդ շենքում, որի աստիճանները` 1-ին հարկից մինչև 4-րդ հարկ, որտեղ գտնվում է բնակարանը, արյունոտ էին:
Հարևանները մեզ պատմեցին, որ ժամը 10.05 սահմաններում պայթյունի ուժեղ ձայն են լսել, սակայն մտածել են, որ Հասմիկը իր կարի հսկա մեքենան է տեղաշարժում:
Ներքևի հարևանի տան առաստաղը ճաքել էր, սակայն զգալիորեն չէր վնասվել: Պայթունից մի քանի րոպե անց հարևանները տեսել են, որ ոստիկանները լցվել են իրենց շենք: «Մեկը մյուսի հետևից ոստիկանների մեքենաներ էին կանգնում: Թերագնահատում ենք մեր ոստիկաններին, բայց իրոք հատուկ շնորհակալություն նրանց, որ շենքի բնակիչներով չմեռանք այդ պայթյունից:Նախ զարմացանք՝ լսելով, որ Հասմիկը ընկեր ունի, առավել ևս զարմացանք, որ ընկերը դատարկ ձեռքով չէր եկել իրենց տուն, երկու հատ նռնակ է հետը բերել: Մեկը գլորել է ոտքերի տակ, որը պայթել է, մյուսն էլ երևի պատրաստվել է պայթեցնել: Ապրի ոստիկանի արևը, որ համոզել ու կարողացել է նռնակը ձեռքից վերցնել, այլապես, էլի ենք կրկնում, բոլորս մեռած կլիենինք: Ապրի նաև ռուսների արևը, որ բետոնյա շենքներ սարքեցին երկրաշարժից հետո, ճիշտ հաշվարկ էր արված, առաստաղը չփլվեց գլխներիս: Պատկերացրեք, նռնակ պայթեցնողը մոտ 60 տարեկան մարդ է, չգիտենք էլ ի՞նչ վիճակում է հյուընկալվել Հասմիկենց»,- ասացին հարևանները:
Նրանց բնութագրելով, Եղիազարյանները չափից ավելի խելոք, համեստ , շնորհքով մարդիկ են: Հայրը, ով երկու անուն է ունեցել Հարություն և Կարապետ, ԽՍՀՄ տարիներին եղել է քաղբանտարկյալ: Ըստ հարևանների, նա կարդացած, գրագետ անձնավորություն էր, մայրը մահացել է երկրաշարժից, նրան տարել են Բելգիա` կյանքը փրկելու, սակայն հենց այնտեղ էլ մահացել է: Եղիազարյանները 3 երեխաներ են` մեկ քույր և երկու եղբայր:
Երբ եղբայրներից մեկը ամուսնացել է, Հասմիկը գնացել է վարձով ապրելու, իսկ մեկ տարի առաջ` հոր մահից հետո, վերադարձել է հայրական օջախ: Ամուսնացած եղբայրը Ռուսաստան խոպան է գնացել, իսկ մյուսը ապրում է Հասմիկի հետ: «Հասմիկը ոսկե ձեռքեր ունի, ինչ կարուձև է անում, ինչ հագուստներ է ձևափոխում, ինչ ձեռքի աշխատանքներ, կգժվեք եթե տեսնեք, ինքն էլ խելոք, համեստ, շնորհքով ու մարդամոտ: Ասում ենք, իրոք ապշած ենք, որ էդքան համեստ, պարկեշտ աղջիկը ընկեր ունի, ընդ որ ասում են, թե վաղեմի ընկերն է: Չենք հավատում, երևի գյումրեցիներն են չափազանցնում: Եթե անգամ ընկերն էր, գետինը մտնի, որ էդպես խայտառակեց էդ պարկեշտ աղջկան: Բա դա անելու բա՞ն էր, մի բան էլ ճչացել է` ես Հասոյիս հետ պտի մեռնիմ»:
Հարևանների ասելով, այս ընտանիքը սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում է ապրել, անգամ հորը թաղելու գումար չեն ունեցել, երկու օր շարունակ դահերձարանում է մնացել, մինչև որ օգնել են քաղաքապետարանից: Եղբայրը , ըստ նրանց, աղջկա համեստություն ունեցող երիտասարդ է, ամաչկոտ, չի աշխատում, ամուսնացած չէ: Հասմիկն էլ տան վերանորոգումը կատարել է իր ձեռքերով, նույնիսկ խոհանոցին փայտից կահույք է սարքել իր ձեռքերով:
Ինչևէ, հարևանները տեսել են, որ ոստիկանը զանգահարում է շտապօգնություն , նռնակը գցող տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել սավանի մեջ փաթաթված, իսկ Հասմիկը գունատված էր, մի կերպ է քայլում, եղբոր ոտքերը ևս վնասված էին: Ըստ հարևանների, Հասմիկն ու նրա եղբայրը 40-ին մոտ են, Հասմիկը հավատքի մեջ էր, աշխատում էր թաղամասի սուպերմարկետներից մեկի արհեստանոցում` որպես դերձակ: Իսկ մինչ այդ, երկու տեղ հավաքարարություն է արել` իրեն կարի մեքենա գնելու համար:
Հարևանների ասելով, մինչ Հասմիկի` հոր տուն վերադառնալը, եղբայրները հարևանություն չեն արել, ամաչել ու չեն շփվել, սակայն Հասմիկը փոխել է թե նրանց և թե հարևանների կյանքը, որի պատճառով էլ հարևանները այդքան ափսոսում ու ցավում են նրա համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ