Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խոչընդոտեք ՄՓԲ ծրագրի մատչելիությանը

Ապրիլ 17,2013 12:16

2012թ. հուլիսի 1-ից ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Գլոբալ ֆոնդի ֆինանսական օժանդակությամբ և ՀՀ Առողջապահության նախարարության թույլտվությամբ իրականացվում է մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրը (այսուհետ ՄՓԲ ծրագիր):

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ Վանաձորում ՄՓԲ ծրագրի ներդրումը կարևոր և էական նշանակություն ունի թմրամիջոցից կախվածություն ունեցող անձանց առողջության իրավունքի իրականացման համար: ՄՓԲ ծրագիրը ոչ միայն լավագույն նորամուծություն է այդ անձանց բուժօգնության ոլորտում,  այլև նպաստում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցմանը, վարակիչ հիվանդությունների վարակի կանխմանը, ինչպես նաև թմրամիջոցից կախվածություն ունեցող անձանց առողջական վիճակի կայունացմանը, որի շնորհիվ վերջիններս վերադառնում են բնականոն կյանքին:

ՄՓԲ ծրագրի սկսման պահից և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում դիմողների թիվը եղել է  9-18, այնուհետև դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների ընթացքում դիմողների թիվն ավելացել է՝ հասնելով 22-26-ի, սակայն մարտ, ապրիլ ամիսների ընթացքում դիմողների թիվը կրկին նվազել է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՄՓԲ ծրագրին դիմողների տեսակարար  կշիռը փոքր է սպասվածից, հաշվի առնելով Լոռու մարզում թմրամիջոց գործածող անձանց տեսակարար կշիռը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործունեության կարևոր խնդիրներից է թմրամիջոցներ գործածող անձանց իրավունքների պաշտպանությունը: Վանաձոր քաղաքում ՄՓԲ  ծրագրի մեկնարկի պահից մշտապես մեր ուշադրության կենտրոնում է գտնվում ՄՓԲ ծրագրի իրականացման ընթացքը՝ նպատակ ունենալով արձագանքել առողջապահական ծրագրի արդյունավետ իրականացմանը խոչընդոտող գործոններին:

Կազմակերպության կողմից իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից խախտվում են ՄՓԲ ծրագրին դիմող անձանց, ինչպես նաև ՄՓԲ ծրագրում ընդգրկված անձանց անձնական կյանքի անձեռնմխելիության և բուժօգնություն ստանալու գաղտնիության իրավունքները:

Չենք բացառում, որ ոստիկանության որոշ աշխատակիցների նման գործելակերպը պայմանավորված է մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի վերաբերյալ իրազեկվածության բացակայությամբ:

Թմամիջոցից կախվածություն ունեցող անձանց բուժօգնություն տրամադրելու նպատակով իրականացվող ՄՓԲ ծրագիրը ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից չի դիտարկվում որպես առողջապահական ծրագիր, արդյունքում թմրամիջոցներից կախվածություն ունեցող որոշ անձինք վախենում են դիմել մեթադոնային փոխարինող բուժման ծրագրին՝ խուսափելով ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը  մարզային և Վանաձոր քաղաքի ոստիկանության բաժինների ղեկավարներին հորդորում է միջոցներ ձեռնարկել կանխելու ՄՓԲ ծրագրին դիմող և ծրագրի շրջանակներում բուժում ստացող անձանց նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվող ճնշումները և հետապնդումները և ապահովեն մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության և բուժօգնություն ստանալու գաղտնիության իրավունքները։

Հարկ եղած դեպքում պատրաստ ենք ՀՀ ոստիկանության  հետ քննարկել ՄՓԲ ծրագրի իրագործմանը խոչընդոտող գործոնների վերացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930