Շաբաթ օրվանից Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը քաղաքական-փորձագիտական շրջանակների քննարկումների կիզակետում է:
Որքան էլ նորաստեղծ կուսակցության մուտքը ըստ արժանվույն նախապատրաստվել էր, համագումարում հնչած ելույթները նոր ուժի ազդեցությունը շեշտելուն էին ուղղված եւ ավագանու ընտրություններից ընդառաջ ընդդիմադիր քաղաքական դաշտում ուրույն տեղ զբաղեցնելուն՝ այնուամենայնիվ համագումարը աննախադեպ էր իր բրեժնեւյան ժամանակաշրջան հիշեցնող «ընտրություններով», որոնք դժվարությամբ կարելի է ժողովրդավարական, առավելեւս՝ ազատական արժեհամակարգի վրա հիմնված անվանել: Մասնավորապես, զարմանալի էր վարչության կազմի ընտրության նոր կարգի կիրառումը: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ չափանիշներով են ընտրվել վարչության 44 անդամ-թեկնածուները, որոնցից նախապես կազմված երկու ցուցակները ներկայացվեցին պատվիրակներին, ապա ոչ թե փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին, այլ միասնական բաց քվեարկությամբ հաստատվեցին:
Պակաս ուշագրավ չէին հրավիրյալներին ընտրելու չափորոշիչները: Որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չէին հրավիրվել՝ դա հասկանալի է։ Սակայն, եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հրավիրվել էին, ապա անհասկանալի է, թե ինչու չէին հրավիրվել «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, կամ ՀԱԿ-ից հեռացած մի շարք գործիչներ, որոնց նպաստը շարժման գործունեության մեջ Տեր-Պետրոսյանն իր ելույթում շեշտեց: «Բուրժուադեմոկրատական հեղափոխության» իրականացման ճանապարհին գուցե սրանք ոչ այնքան էական, բայց թերեւս խոսուն դետալներ են:
Հետաքրքրական էր նաեւ այն հանգամանքը, որ համագումարի ելույթներում արտաքին քաղաքական ուղղությամբ որեւէ բառ չհնչեց, այն էլ այսօրվա իրողությունները հաշվի առնելով, երբ հայկական կողմը հույս ունի ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը մինչեւ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, մյուս կողմից Եվրասիական միության եւ Մաքսային միության նկատմամբ տարբեր ուժեր ունեն իրենց պատկերացումները: Բայց սա թերեւս տեղավորվում է ՀԱԿ-ի արտաքին կողմնորոշումների, նախասիրությունների տրամաբանության մեջ եւ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որ քաղաքական ուժերն են ՀԱԿ-ի ռազմավարական դաշնակիցները (ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռուսական մամուլում հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությունը), կարելի է բացատրություն տալ նաեւ այդ փաստին:
Կարդացեք նաև
Ինչեւէ, համագումարի մեխը Տեր-Պետրոսյանի ելույթի մեսիջներն էին, որոնք հստակ էին ու միանշանակ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ՀԱԿ առաջնորդի վերաբերմունքը նորություն չէ: Ավելին, ամեն ինչ կարծես ավելի քան օրինաչափ է: Տեր-Պետրոսյանը խնդիր է հռչակել՝ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» իրականացումը եւ գնալու է այդ ուղով հետեւողականորեն: Նա բացատրում է, թե ինչու՝ «մինչեւ խոշոր բուրժուազիան Հայաստանում չազատվի ավազակապետական կապանքներից, Հայաստանը բարգավաճ եւ ժողովրդավարական պետություն չի դառնա», եւ անհասկանալի է համարում, թե ինչու՞ են սվիններով ընդունում այդ գաղափարը ու ի՞նչ վատ բան կլիներ, եթե կարողանար պոկել՝ այսօր մեկին, մյուս օրը՝ մյուսին: Բերվեց Խաչատուր Սուքիասյանի օրինակը, որը 2008-ին միացավ ընդդիմադիր շարժմանը, իսկ իշխանությունները սնանկացրեցին նրան: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ այսօր նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը․ «Ինչպե՞ս կարելի է մի ուժ, որը նպաստում է, չեմ ասում պայքարում է, նպաստում է մի չարիքի դեմ պայքարին եւ չարիքի թուլացմանը, այդպես վանել»:
Թե որքան են համեմատելի Սուքիասյանն ու Ծառուկյանը որպես օլիգարխներ կամ բուրժուաներ, եւ որն է նրանցից որպես քաղաքական գործիչ իշխանության հետ առավելապես քաղաքական պատասխանատվություն կիսել՝ մի կողմ թողնենք: Բայց 2008-ին, երբ ընդդիմադիր շարժումը իսկապես հզոր էր, Սուքիասյանը կատարել էր իր ընտրությունը՝ կանգնելով Ազատության հրապարակում, ինչպես եւ Գագիկ Ջհանգիրյանը, որովհետեւ հավանաբար չէին կասկածում, որ «հաղթանակը»՝ իշխանափոխությունը, հաշված օրերի հարց է:
Այսօր մեկ այլ հարց է կարեւոր՝ ինչու՞ Ծառուկյանը չի կանգնում Տեր-Պետրոսյանի կողքին․․․ Շատ պարզ պատճառով, որովհետեւ Տեր-Պետրոսյանը ընտրել է այլ ճանապարհ՝ շարժումն է տանում դեպի Գագիկ Ծառուկյան, ինչու չէ՝ նա պատրաստ է ծառայեցնել իր ուժերը՝ Ծառուկյանին «հերոսացնելու» համար, իսկ Ծառուկյանը չլինելով քաղաքական ինքնուրույն սուբյեկտ, հակառակը չի էլ ցանկանում անել: Դա պետք է որ դուր գա Գագիկ Ծառուկյանին, բայց ոչ միայն նրան, որովհետեւ իշխանությունն էլ իր հերթին տեսնում է այն թիրախները, որոնց ուղղությամբ պետք է աշխատի՝ ոչ թե ընդդիմության, այլ՝ բուրգից պոկվող, կամ պոկված բուրժուաների:
Հասարակության համար վստահաբար հաճելի է, երբ տեսնում է, որ օլիգարխը կամ բուրժուան ժողովրդի կողքին է: Բայց մարդիկ նաեւ կարող են հարց տալ, իսկ ի՞նչ փոխվեց իրենց կյանքում այն բանից, երբ Խ․ Սուքիասյանը կանգնեց Ազատության հրապարակում, եւ ինչ կարող է փոխվել այսօր, եթե անգամ Ծառուկյանը հաշվի չնստի այն փաստի հետ, որ ՀԱԿ-ն այլեւս երբեմնի հզոր ուժը չէ ու հայտարարի՝ մեր փրկությունը Տեր-Պետրոսյանի մեջ է․․․ Այսօր, թերեւս ոչինչ էլ չի փոխվի, եթե 2008-ի հզոր համաժողովրդական շարժման պայմաններում չփոխվեց:
Այնպես որ, հայաստանյան քաղաքական իրողությունները վկայում են այն մասին, որ անկախ այն բանից, թե ընդդիմադիր գործիչը կամ ուժը որ օլիգարխին կամ բուրժուային է «հենվում»՝ Ռուբեն Հայրապետյանին, Խաչատուր Սուքիասյանին, թե այսօր էլ Գագիկ Ծառուկյանին, դրանից Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում: Գուցե այդպես ոչ թե «բուրժուադեմոկրատական հեղափոխություններ» են տեղի ունենում, այլ՝ ընդդիմադիրների ապադեմոկրատացում եւ բուրժուացում․․․
Հ․Գ․ Ի դեպ, ՀԱԿ համագումարի անցկացման վայրն ու կուսակցական մեծ պաստառներով դահլիճի ձեւավորումը բավական տպավորիչ էր ու ազդեցիկ։ Նկատելի է անշուշտ, որ ի համեմատություն անցյալ տարի ԱԺ ընտրությունների, որի քարոզարշավի ընթացքում ապրիլին 17-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը նշեց, թե՝ «ՀԱԿ-ի միջոցները սուղ են, մենք ոչ մի պաստառ չունենք Երեւանում, հանրապետությունում, ամեն մեկը 500 դոլար արժի․․․», այսօր նորաստեղծ ՀԱԿ-ը ֆինանսապես ավելի բարվոք վիճակում է: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավում մայրաքաղաքում 5 քմ մակերեսը գերազանցող ամենաշատ թվով քարոզչական պաստառները կունենա ՀԱԿ-ը, ապա կարելի է պատկերացնել, թե «բուրժուադեմոկրատական հեղափոխության» իրագործման ճանապարհին ՀԱԿ-ի մեկնարկային դիրքերը որքան նպաստավոր են:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հարգելի Համլետ եւ Էմմա: Ձեր ողջ այս նամակագրությունը հեռացվում է:Թերեւս ավելի տեղին լիներ այն անձնական նամակագրության միջոցով ծավալել: