Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյան. «Ոստիկանների կոռուպցիային, բռնություններին մարդիկ պատասխանում են անվստահությամբ»

Ապրիլ 17,2013 11:19

Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ էին հրավիրված՝ ոստիկանության նկատմամբ ավելի բարձր հանրային վստահության թեմայով:

Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ներկայացրեց, թե այս տարիներին ինչ է արվել՝ այդ վստահությունը մեծացնելու համար, որ Երեւանում արդեն գործում է համայնքային ոստիկանության 11 հենակետ, որոնք արձագանքում են քաղաքացիների իրավական խնդիրներին:

ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանն ասաց, որ պետք է կարեւորվեն ոստիկանության ծառայողի եւ քաղաքացու փոխհարաբերությունները, որ նրանք կարողանան երկխոսել. «Հիմնական շեշտադրումը պետք է դրվի դրա վրա, թե ինչպես է շարքային ոստիկանը վարվում քաղաքացու հետ: Պիտի հասկանանք ինչպիսին է մոտեցումը գյուղացու՝ ոստիկանի նկատմամբ: Այս առումով լրջագույն անելիքներ ունենք»:

ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ «ոստիկանության նկատմամբ ավելի բարձր վստահություն» ձեւակերպումը ենթադրում է առնվազն բավարար վստահության ապահովում: Սակայն դա, ըստ նրա, չկա՝ աչքի առաջ ունենալով Մարտի 1-ը, տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների հետազոտությունները. «Ոստիկանության գործողությունները եւ դրա հասարակական ընկալումը շատ բան է ասում պետության մասին: Ոչ արդյունավետ ոստիկանությունը նվազեցնում է պետության հեղինակությունը, ստեղծում է վախի եւ անպաշտպանության մթնոլորտ: Կոռուպցիան, ոստիկանության կամայականությունները, բռնությունները, ոչ պատշաճ վերաբերմունքը, խտրական մոտեցումը քաղաքացիների նկատմամբ: Այդ ամենը մարդիկ շատ լավ հասկանում են եւ պատասխանում են իրենց անվստահությամբ»:

Նա մեծ բացթողում համարեց, որ այսօր ոստիկանությունը հաշվետու չէ ԱԺ-ին. «Վատն այն է, որ այսօր ոստիկանության հաշվետվությունը միայն ուղղահայաց է»: Պարոն Քոքոբելյանը նաեւ առաջարկեց քաղաքացիների համար մատչելի դարձնել ոստիկանության գերատեսչական ակտերը: Թափանցիկությունը, ըստ նրա, կնպաստի ոստիկանների նկատմամբ վստահության բարձրացմանը. «Բացի այդ, ոստիկանների կողմից ոչ մի հովանավորչություն, ոչ մի չինովնիկի շահերի պաշտպանություն չպետք է լինի: Ոստիկանների մտածելակերպն է պետք փոխել»: Նա նաեւ ընդգծեց, որ ոստիկանները ֆինանսապես ապահովված չեն, ինչը նույնպես պետք է փոխել. «Մեր ոստիկանությունում կան շատ բարեխիղճ աշխատողներ, որոնք խոցելի սոցիալական խավի մեջ են»:

Կորյուն Նահապետյանը ընդհանուր առմամբ չհաաձայնեց Խաչատուր Քոքոբելյանի գնահատականների հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե մի դուրսպրծուկ, 1990թ-ի ծնված, ՀՀ-ն ոստիկանի համզգեստով, որի երազանքն է նախագահի պաշտպանության անձնակազմում ծառայելու համար աչքի ընկնել քաղաքական գործիչի քիթը
    կոտրելով, և մնալով անպատիժ, ապա ի՞նչ ոստիկանի վստահության մասին կարելի է խոսել: Մի՞ թե՛
    այս օրինակը ապացույց չէ, տվյալ բնագավառի դեգրադացիայի մասին, որը ուղղորդվում է հենց
    երկրի առաջին դեմքի կողմից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930