Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակը կարելի է բնորոշել մեկ բառով՝ լղոզվածություն: Երևանի ավագանու ընտրություններով պայմանավորված բոլոր քաղաքական ուժերն ակտիվ են, սակայն մյուս կողմից նրանցից ոչ մեկը չի համարձակվում որևէ երկարաժամկետ առաջարկ ներկայացնել հասարակությանը: Երևանը փոխելու և Երևանից իշխանափոխություն սկսելու մասին հայտարարությունները դեմագոգիայի ոլորտից են և բացարձակապես չեն հանդիսանում հասարակությանը ուղղված երկարաժամկետ, ռազմավարական առաջարկ:
Նման հայտարարություններ և չակերտավոր առաջարկներ հնչում են շատ վաղուց, և այս ամենի արժեքը հասարակությունն այլևս շատ լավ գիտե: Այդ առաջարկների բացակայությունը լղոզված քաղաքական դաշտի լավագույն վկայությունն է: Նախագահական ընտրությունների արդյունքներից հետո թվում էր, որ իրավիճակը հստակորեն բաժանվում է երկու մասի, որտեղ մի կողմում իշխանություններն են` իրենց հանրահայտ բնույթով, իսկ մյուս կողմում Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր նոր շարժումով: Սակայն շարժում` որպես այդպիսին, առնվազն առայժմ չի հաջողվել ձևավորել: Միգուցե սրա հետևանքով էլ աշխուժացան այն ուժերը, որոնք նախագահական ընտրություններից առաջ հայտնվեցին լուսանցքում, կամ միգուցե այդ ուժերի ակտիվացման արդյունքում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ չստացվեց շարժում ձևավորել:
Բոլոր դեպքերում, փաստն այսօր այն է, որ նախագահական ընտրություններից հետո իրավիճակը բավական լղոզված է և անորոշ: Անորոշ այնքան, որ շատ դժվար է հետևել գործընթացների տրամաբանությանը և հասկանալ զարգացման որևէ վեկտոր: Բայց, այս ամենով հանդերձ, ինչպես ասում են` յուրաքանչյուր էֆեկտ ունի իր դեֆեկտը: Եվ այս իմաստով, լղոզված քաղաքական դաշտը հնարավորություն է տալիս հասարակությանը ավելի ու ավելի լավ ճանաչել բոլոր քաղաքական սուբյեկտներին՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, ու հասկանալ յուրաքանչյուրի արժեքը, կարողության սահմանները, ազնվության և անկեղծության աստիճանը:
Թվում է, թե այս տեսանկյունից հայաստանցիները հասկանալու բան այլևս չունեն, այնքան որ ամեն ինչ հասկանալի է վաղուց: Բայց, ինչպես երևում է, այդ հասկացածության ծավալները բավարար չեն, և հասարակական գերակշիռ մեծամասնություն կազմելու ու արդեն քաղաքական ազդեցության վերածվելու համար դեռ բավական տարածք կա: Դրա համար էլ դեռ կան հասարակական շատ շերտեր, որոնք հույսեր կապում են այս կամ այն ուժի հետ և իրենց այդ հույսերով կենդանություն տալիս անհույս քաղաքական դաշտին: Այդ դաշտը ներկայումս սնվում է հասարակության այդ հույսերով` լինի իշխանություն, թե որևէ այլ ուժ:
Կարդացեք նաև
Այսինքն` քաղաքական ուժերն իրենք չեն ստեղծում արդեն սեփական գոյության պայմանները, և այդ իսկ պատճառով էլ չունեն որոշակի պատկերացումներ ներկայի ու ապագայի մասին, և միակ բանը, որ առաջնորդում է նրանց, դա սեփական մարմնին մոտ վերնաշապիկի զգացողությունն է:
Մուսա Միքայելյան
«Ժամանակ»