Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմ նախաքննական մարմնի կողմից ոչ մի ապացույց եւ հիմք չի ներկայացվել։
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։ «Արայիկ Պետրոսյանը փաստացի ձերբակալվել է ապրիլի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում, այսինքն՝ հրավիրել են ոստիկանության Նաիրիի բաժին, ինքը իր կամքով ներկայացել է եւ դրանից հետո բաց չեն թողել, սակայն ձերբակալության արձանագրություն չի կազմվել։ Արձանագրությունը կազմվել է հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, ժամը 22:00-ի սահմաններում, մեկ օր ապօրինի պահվել է։ Իմ համոզմունքն է (եւ ոչ միայն իմ, նաեւ համագյուղացիների, որոնք չեն հավատում, որ Արայիկ Պետրոսյանը նման բան կատարած կլինի), որ ինքը որեւէ սպանություն չի կատարել, որեւէ առնչություն չունի այդ սպանության հետ։ Մեզ, որպես պաշտպանական կողմ, նախաքննական մարմնի կողմից նույնիսկ որեւէ տեղեկություն չի ներկայացվել այն մասին, որ ինքը որեւէ առնչություն ունի այդ սպանության հետ»,- ասաց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։
Հարցին, թե ոստիկանության աշխատակիցների կողմից Արայիկ Պետոոսյանի տունը խուզարկելու ժամանակ որեւէ բան հայտնաբերվե՞լ է, թե ոչ, պատասխանեց, որ խուզարկության ժամանակ, որքան նա գիտի, հայտնաբերվել է Արայիկ Պետրոսյանի եղբոր՝ Արտակ Պետրոսյանի օրինական որսորդական զենքը, ոչ թե ՏՕԶ տեսակի հրազեն, որով սպանվել է գյուղապետը։
Մեր այն հարցին, թե իր պաշտպանյալը արդյոք խոստովանական ցուցմունք տվե՞լ է, Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բան չկա, ի՞նչ խոստովանական ցուցմունք, մարդը չի կատարել որեւէ հանցագործություն, ինքն էլ է զարմացած, թե ինչու են իրեն կասկածում։ Ես չեմ կարող մեկնաբանել ոստիկանության գործողությունները, ուղղակի հաշվի առնելով, որ որեւէ ապացույց չի ներկայացվել, ես ասում եմ, որ ակնհայտ ապօրինի մեղադրանքի մասին է խոսքը, ապօրինություններ են կատարվում ոստիկանության կողմից»։
Կարդացեք նաև
Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ իրենք արդեն բողոքարկել են ընտրված խափանման միջոցի՝ կալանքի որոշումը Վերաքննիչ դատարանում։ «Ապրիլի 18-ին նշանակվել է քննությունը Վերաքննիչ դատարանում։ Մեր նպատակն է մինչեւ Եվրոպական դատարան բողոքարկելը, եւ քանի որ դրա համար մենք պետք է անցնենք մեր պետական բոլոր ատյանները, այդ իսկ պատճառով բողոքարկել ենք, բայց որեւէ հույս չկա, որ Վերաքննիչ դատարանը քննությունը արդար կտանի եւ իմ պաշտպանյալի խափանման միջոցը կփոխի»,- նշեց փաստաբանը։
Հարցին, թե ինչպե՞ս նա կբացատրի այն, որ Արայիկ Պետրոսյանի դեմքի, քթի եւ նրա ավտոմեքենայից հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում, դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց. «Անտիմոնը կրակոցի արգասիքների մեջ է մտնում, բայց անտիմոնը նաեւ փորձագետի եզրակացության մեջ էլ է նշված, որ քիչ է հանդիպում բնության մեջ եւ կենցաղում, այսինքն, չի բացառում, որ հանդիպում է եւ կենցաղում, եւ բնության մեջ։ Իմ կողմից համացանցի միջոցով ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անտիմոնը, ըստ էության, նաեւ մարտկոցների մեջ է օգտագործվում, հաղորդալարերի մեջ, որքանով որ գիտեմ՝ նաեւ զոդման հետեւանքով կարող է առաջանալ, այնպես որ միայն անտիմոնի հայտնաբերումը չի նշանակում, որ իմ պաշտպանյալը կատարել է հանցագործությունը։ Նախ եւ առաջ պետք է բացառեն, որ միայն կրակոցի հետեւանքով այդ անտիմոնը կարող էր առաջանալ, երկրորդը նաեւ հիմնավորեն, որ հենց այդ կրակոցի հետեւանքով է, նույնիսկ չունենալով որեւէ ապացույց, որ անտիմոնի հետքը կրակոցի հետեւանքով է առաջացել։ Ուղղակի նախաքննական մարմինը այդպիսի բան է հրապարակում, որպեսզի ժողովրդի մեջ կասկած առաջանա, որ իբր գտել են հանքագործին, բայց նման բան գոյություն չունի»։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»