«Օրինաց Երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, համեստ է ներկայացված իր թեկնածուների հայտարարագրերում։ Արմեն Երիցյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան՝ Ավետիսյան փողոցում, եւ 2004թ. արտադրության մեկ «Վռանգլեր ՋԻՓ»։ Նրա տարեկան եկամուտները ստացվել են նախարարության աշխատավարձից եւ ոստիկանական կենսաթոշակից, ընդհանուրը՝ 72 միլիոն դրամ։ Երիցյանի դրամական միջոցները՝ հայտարարագրելու օրվա դրությամբ կազմել են 34 միլիոն դրամ։
Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին հանրապետական, այժմ գործազուրկ Հովհաննես Շահինյանը սեփականատեր է երկու բնակարանի, որից մեկը՝ Վաղարշյան փողոցում, 57 քմ մակերեսով, մյուսը՝ Հյուսիսային ճառագայթ նորակառույց բնակելի համալիրում՝ 220 քմ մակերեսով։ Հովհաննես Շահինյանը հայտարարագրի «թանկարժեք գույք» բաժնում գույքի անուն չի նշել, բայց նշել է դրա արժեքը՝ 100 հազար ԱՍՆ դոլար։ Հավանաբար այս գումարը պարզապես նրա դրամական միջոցներն են։
ՀՅԴ ցուցակում առաջին համար, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարագրել է 15 միլիոն դրամ, 10 հազար դոլար եւ 2000 եվրո։
Նույն ցուցակի երկրորդ համար՝ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հայտարարագրում հետաքրքրական են 20-25 միլիոն դրամ արժողությամբ գեղանկարները։ Ի դեպ, որպես պատգամավորի թեկնածու 2011-12 թթ.-ի համար ունեցվածքը հայտարարագրելիս, Վարդանյանի գեղանկարների ընդհանուր արժեքը հասնում էր 10-15 միլիոն դրամի։ Ստացվում է, որ այս առումով պատգամավորը որոշակիորեն ավելացրել է հավաքածուն։
Կարդացեք նաև
Հայաստանի պայմաններում շատ նորմալ կարողության տեր է ԱԺ ՀՅԴ խմբակցության փորձագետ Հովհաննես Սարգսյանը։ Նա ստանում է աշխատավարձ՝ երկու տեղից, եւ շահաբաժին «Ազատոպ Դելտա» ՍՊԸ-ից։ Տարեկան եկամուտը կազմել է 26 միլիոն 950 հազար դրամ։ Սարգսյանի դրամական միջոցները՝ հայտարարագրելու օրվա դրությամբ, կազմել են 40 միլիոն դրամ, 100 հազար ԱՄՆ դոլար եւ 90 հազար եվրո։ ՀՅԴ ցուցակի 7-րդ համարը բաժնեմասեր ունի երկու ընկերությունում։
«Կոտայքի մարզային փորձագիտական լաբորատորիա»ՊՈԱԿ տնտեսագետ Արա Ռոստոմյանը, Արզնի գյուղում չորս միավոր հողամասի սեփականատեր է։ Դրանց ընդհանուր մակերեսը 10 հազար քմ է։ Դրամական միջոցները հայտարարագրելու օրվա դրությամբ Ռոստոմյանն ունեցել է 10 միլիոն դրամ։
«Բարեւ Երեւան» դաշինքում ուշագրավ է միայն նախկին ՕԵԿ-ական պատգամավոր, այժմ գործազուրկ Գագիկ Բաղդասարյանի ունեցվածքը, որն ակնհայտորեն ձեռք է բերել ՕԵԿ-ի քվոտայով։ Այն է՝ 2 առանձնատուն Երեւանում՝ 742 քմ ընդհանուր մակերեսով, մեկ բնակելի տուն՝ 101 քմ, 0,004 հա արտադրական տարածք, 0,37 հա հողամաս եւ 1 բենզալցակայան։ Նա ունի 4 ավտոմեքենա՝ Տոյոտա լենդ-քրաուզեր, Լեքսուս LX–470, BMW Z-3 հւ Մերսեդես բենց Տ-350Լ։ Դրամական միջոցները՝ կազմել են 108 միլիոն դրամ եւ 200 հազար ԱՄՆ դոլար։
Հայ ազգային կոնգրես եւ «Առաքելություն» կուսակցություններում աչքի ընկնող հայտարարագիր չգտանք։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
«Հայկական ժամանակ»