Հատված Անդրիաս Ղուկասյանի հետ հարցազրույցից:
– Կարող ենք արձանագրել, որ ապրիլի 9-ին հանրությունը, կարծես մոռանալով Մարտի 1-ը, կրկին կտրուկ գործողությունների էր ձգտում, ինչին դեմ է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Եթե ինչ–որ պահից դժգոհ զանգվածը ճամբարների բաժանվի, քննարկե՞լ եք, թե ինչպես է լինելու, հնարավո՞ր է, որ Դուք եւ ոմանք առաջնորդեն մարդկանց կտրուկ գործողությունները։
– Ես կարծում եմ՝ այլ ֆորմատ չկա, յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է սպասարկի հանրության շահերը։
– Դուք շարժման կառավարմանը լավատեղյակ անձ եք, ի՞նչ եք կարծում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա՞ այդ քայլին։
Կարդացեք նաև
– Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա ունի նախապատվություն՝ նախաձեռնել այդ շարժման կառավարման մարմնի ձեւավորումը, կազմակերպումը։ Եթե իրեն հաջողվի այդտեղ ներգրավել երկրի լավագույն ուժերը, ապա նա իր առաջատար տեղը կպահպանի, եթե ոչ՝ իհարկե, կստեղծվի նոր իրավիճակ, երբ ուրիշ լուծումներ պետք է ընդունել։ Հիմա այս մասին վաղաժամ է խոսել։ Իհարկե, այսօր տեսանելի է մարդկանց հիասթափությունը, ավելի շատ բան էին սպասում ապրիլի 9-ից։ …Ինձ չի թվում, որ ապրիլի 9-ին քաղաքացիները
բախում էին սպասում ոստիկանների հետ, պարզապես ուզում էին տեսնել ծրագիր, ճանապարհային քարտեզ։
– Կարծեմ Դուք էլ էիք այդ ճանապարհային քարտեզի կազմման աշխատանքներին մասնակցում, ուրեմն ինչո՞ւ ապրիլի 9-ին չներկայացվեց այդ ծրագիրը։
– Ես ներկայացրել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին իմ առաջարկները, իհարկե, այս փուլում, մինչեւ ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն էր ընդունում բոլոր որոշումները, մյուս մասնակիցների դերակատարությունը միայն աջակցությունն էր այս պրոցեսն առաջ տանելու գործին, նա բոլոր որոշումներն ընդունում էր ինքնուրույն, եւ շատ անգամ հարթակի կողքին կանգնած մարդիկ տեղյակ չէին, թե որն է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ քայլը։ Բոլորն ընդունում էին այդ կանոնը, որ՝ այո, իրադրությունը թելադրում էր, որ այդպես լիներ, մտածելով, որ Հովհաննիսյանը լեգիտիմության մեծագույն հիմք ունի, կես միլիոնից ավելի մարդկանց ձայն ունի եւ, բնականաբար, ցանկացած պրոցեսում իր դերակատարումն օբյեկտիվորեն առաջին պլանում է։ Բայց հիմա ես գտնում եմ, որ այս շարժման էֆեկտիվությունը կախված կլինի նրանից, թե կհաջողվի՞ ստեղծել կոլեգիալ ճակատ, որը հնարավորություն կտա բոլոր շերտերը ներգրավել պայքարի մեջ։ Որովհետեւ մի բան է, երբ որ պայքարը գնում է Րաֆֆի Հովհաննիսյանին «կողմ» ֆորմատով, դա ունի որոշակի ընդլայնվելու սահման եւ հնարավորություն, մեկ այլ բան՝ Սերժ Սարգսյանին «դեմ» լայն ֆորմատը։ Այսօր քաղաքական խնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, ՀՀԿ-ի հրաժարումը, եւ քաղաքացիական անհնազանդության նպատակը հենց նրանում է, որ երկրում ստեղծվի մի վիճակ, որ բոլորին հասկանալի դառնա, որ այդ կեղծ ընտրություններով իշխանության եկած ընտանիքներն ի վիճակի չեն կառավարելու։
– Կասկածներ չկա՞ն, որ այդ դեպքում էլ, անկասկած, բախումներ կլինեն, եւ մարտի 1-ի իրավիճակի պես ոչինչ չի փոխվի։
– Ապրիլի 9-ին մարդիկ սպասում էին ճանապարհային քարտեզ, կամքի դրսեւորում, ուզում էին տեսնել, որ ձեւավորվել է կամ ձեւավորում է այն քաղաքական ուժը, որի շուրջ պրոցեսային շարժումը կարող է միավորվել։ Մարդիկ եկել էին իրենց պատրաստակամությունը ցույց տալու, որպեսզի իշխող ուժը տեսներ հավաքված ուժը, նրանք եկել էին ցույց տալու, որ չեն տեսնում Սերժ Սարգսյանին նախագահ եւ պատրաստ են դրա դեմ պայքարել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»