Ապրիլի 16-ին Կապանում ավարտվեց եւ ամփոփվեց դեռեւս անցած տարվանից Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից մարզի լրագրողների համար իրականացվող «Հանրային իրազեկվածության և մասնակցության բարձրացում` լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը:
Միջոցառման ժամանակ մասնակից լրագրողներին Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի համակարգող Արմեն Շահբազյանի եւ գործընկեր կազմակերպության՝ «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանի կողմից հանձնվեցին մասնակցության վկայականեր, լրագրողներն արժանացան մրցանակների, Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում բուժվող հիվանդների կողմից պատրաստված հուշանվերների:
Անցկացված ծրագիրը նպատակ ուներ բարձրացնել Սյունիքի մարզի բնակչության իրավագիտակցության, հանրային իրազեկվածության եւ մասնակցության մակարդակը` մարզի լրագրողների կարողությունների զարգացման եւ վերապատրաստման միջոցով եւ հիմնական ուշադրությունը կենտրոնացնել էկոլոգիական հիմնահարցերի վրա:
«Ծրագիրը փոքր էր, բայց բավականին մեծ մասնակցություն ունեցանք լրագրողների: Ընդհանուր առմամբ ունեցանք 15 մասնակից, իսկ ծրագրի շրջանակներում 11 հոդված է տպագրվել, 6 տեսանյութ պատրաստվել, 5 թոք շոու, մեկ հարցազրույց: Ծրագրի ընթացքում 12 դասընթաց կազմակերպվեց եւ 5 փորձագետ հրավիրվեց Երեւանից: Մենք այսքանով չենք ավարտում, միջոցառումներ կանենք նաեւ հետագայում, ցանկալի կլիներ, որ լրագրողները մասնակցություն ունենային մյուս ծրագրերի մշակման հարցում», – ասաց գրասենյակի համակարգող Արմեն Շահբազյանը:
«Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ մարզերում շատ կարող լրագրողներ կան եւ խորհուրդ տվեց շարունակել նմանատիպ ծրագրեր իրականացնել հենց մարզերում: «Ես այն կարծիքին եմ, որ մարզեր կամ քաղաքներ կան, որտեղ լրագրողներն ավելի լավ են քան Երեւանում, կամ մյուս քաղաքներում: Դուք իսկապես երեւանյան լրատվամիջոցներին շատ եք օգնում, առաջին աղբյուրը դուք եք ինֆորմացիայի: Միջազգային կազմակեպությունների միշտ խորհրդ եմ տալիս ավելի շատ աշխատեն եւ շատ ծրագրեն անեն մարզային լրագրողների, մարզային լրատվամիջոցների հետ, քան երեւանյան կազմակերպություների: Չլինենք ամենաաղքատը հասարակության մեջ, լրագրողների վիճակն իսկապես շատ վատ է ամեն տեղ», – ասաց պարոն Բաղդասարյանը եւ կարեւորեց, որպեսզի լրագրողները մշտապես գրեն եւ դադար չտան, քանի որ գրելը բարձրացնում է լրագրողի պրոֆեսիոնալիզմը, իսկ դադարը՝ ազդում որակի վրա:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ