Ռուբեն Հակոբյանը հերքում է Լեւոն Զուրաբյանին:
«Ապրիլի 9-ին կատարվել է աննախադեպ մի բան. Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չեն մասնակցել երկրի գլխավոր քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ժառանգությունը»,- օրերս այսպիսի հայտարարություն էր արել ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
Aravot.am-ը այս առնչությամբ այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից ճշտեց՝ Դուք է՞լ եք կարծում, որ ԲՀԿ-ն չի մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը՝ այն պարագայում, երբ ԲՀԿ պատգամավորների մի մասն այնտեղ էր: Նա պատասխանեց. «Ո՞նց չի մասնակցել: Ախր ձեր հարցում արդեն պատասխանը կա: Ես չեմ ուզում ընդհանրապես իրեն մեկնաբանել: Ի՞նչ է նշանակում ԲՀԿ-ն չի մասնակցել, երբ 2-րդ համարը մասնակցել է, խմբակցության մեծ մասը մասնակցել են: Հիմա չգիտեմ՝ ի՞նչ նկատի ունի Լեւոն Զուրաբյանը, բայց եթե նման բաներ է ասում, դա մեկնաբանությունից դուրս թեզ է»:
Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է իր համար նշանակում Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ներկա գտնվելը: Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ «Եթե դու դիտում ես, որ ընտրությունները կեղծվել են, եթե գնահատական ես տալիս, որ պետության մեջ անօրինական եւ կեղծված ընտրություններ են տեղի ունեցել, այնուհետեւ գնում ես շնորհավորելու, բնականաբար, ուրեմն պետք է ճշտես՝ կամ դու այս կողմում ես, կամ՝ մյուս: Շնորհավորում են նրան, ում իսկապես ընդունում են, որ ընտրվել է: Յուրաքանչյուրն ունի իր քաղաքական կերպարը եւ յուրաքանչյուրը յուրովի է հասկանում խոսքի եւ գործի իրականացումը: Մեզ համար նշանակություն չունի: Նրանք իրենց համար պիտի ճշտեն, թե իրենք որտեղ են գտնվում , եւ ժողովուրդը ըստ իրենց կեցվածքի պիտի ընկալի, թե նրանք քաղաքական դաշտի որ հատվածում են գտնվում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ իսկ ՀՅԴ-ն իրեն ինչպե՞ս պահեց, ըստ ձեզ, եթե հաշվի առնենք, որ ոչ գնաց երդմնակալությանը, ոչ էլ այդ օրը շարժման կողքին կանգնեց՝ հիշեցնելով իրենց քաղաքական օրակարգի մասին: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր կեցվածքը, եւ ես հարգում եմ ցանկացած քաղաքական ուժի: Բայց նաեւ ՀՅԴ-ն այդ ամբողջ ընթացքում, իհարկե, ես կուզենայի ավելի ակտիվ լիներ, բայց ՀՅԴ-ի ղեկավար մարմնի ներկայացուցիչները միշտ եղել են հանրահավաքների ժամանակ, Արմեն Ռուստամյանը պարբերաբար ելույթ է ունեցել, նույնիսկ մարզային հանդիպումների ժամանակ մարզային ներկայացուցիչներն են իրենց ելույթ ունեցել որոշ դեպքերում: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ իրենք ավելի ակտիվ լինեին, բայց եթե իրենք որոշել են այդպես, ունեն իրենց փաստարկնեըը, ես հարգում եմ իրենց փաստարկները»:
Պարոն Հակոբյանը նաեւ ընդգծեց, որ նույն հարթության վրա երբեք չի դնի ՀՅԴ-ին ՀԱԿ-ի հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ԲՀԿ-ի ընդդիմադիր հանդես գալը մեր ներկայիս քաղաքական կյանքի ամենամեծ բլեֆներից մեկն է: Ասելով ԲՀԿ պետք է հասկանալ Ռոբերտ Քոչարյան, ի դեմս Գ. Ծառուկյանի: Հետևաբար, ընդդիմության մասին խոսելն արդեն ավելորդ է: Իսկ որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը սիամական երկվորյակների նման կապված են իրար, միայն միամիտները կարող են հերքել