Ալավերդցի վարորդը եղել է հարբած վիճակում:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում ապրիլի 15-ին մեկնարկել է Ալավերդի քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Աշոտ Գրիգորյանի դատավարությունը:
Կարդացեք նաև
Ըստ քրեական գործով առաջադրված մեղադրանքի՝ 2013թ. փետրվարի 11-ին, ժամը 19-ի սահմաններում ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Սեյրան Ռամազյանը, նույն դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վարուժան Նիկողոսյանի հետ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի կանոնները խախտելու՝ ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար մոտեցել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որից հետո Սեյրան Ռամազյանը վարորդի նստատեղին նստած Աշոտ Գրիգորյանից պահանջել է ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի միջնամասից եւ ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը:
Աշոտ Գրիգորյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, դժգոհել է փաստաթղթեր ներկայացնելու եւ ավտոմեքենան չթույլատրված վայրից տեղափոխելու պահանջից, դուրս է եկել ավտոմեքենայից, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ, քաշքշել, պատռել է Ս. Ռամազյանի ծառայողական համազգեստը, ապա հարվածել եւ վերջինիս առողջությանը պատճառել է թեթեւ վնաս: Ա. Գրիգորյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով(«Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)»: Սույն հոդվածը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ