Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի հնարավոր տեղափոխումը քաղաքական նպատակներ է հետապնդում». Լարիսա Ալավերդյան

Ապրիլ 16,2013 21:51

«Մենք մի փոքր հույս ունենք, որ գոնե ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակը չի տեղափոխվի, որի հետ էլ հիմնականում աշխատում են հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Սա թվով 3-րդ կոնֆերանսն  էր այս հարցի շուրջ, որի ընթացքում մենք մեր անհանգստությունը արտահայտեցինք նամակի միջոցով»,-այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Բանախոսի խոսքով` հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի քանի նամակների միջոցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին կարողացել են փոխանցել իրենց անհանգստությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Թուրքիա (Ստամբուլ) նախատեսվող տեղափոխման կապակցությամբ. «Մենք հանդիպել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացի հետ, ներկայացրել ենք մեր անհանգստությունները` հիմնավորելով: Բանագնացն ասել է, որ գլխավոր քարտուղարը տեղյակ է մեր անհանգստությունների մասին, ու փորձում են գտնել կոմպրոմիսային տարբերակ»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա, կոմպրոմիսային տարբերակ կարող է լինել այն, որ այդ ծրագիրը շարունակի մնալ Բրատիսլավայում, կամ մեկ այլ երկրում` Կենտրոնական կամ Արևելյան Եվրոպայի, որոնց հետ հիմնականում աշխատում է այդ ծրագիրը: «Արդեն մի քանի ծրագրերի գրասենյակներ տեղափոխվել են Ստամբուլ: Եվ սրա դեմն առնելու միակ տարբերակը բարձրաձայնելն է: Ստամբուլ տեղափոխմանը դեմ են նաև Կիպրոսը և Սլովակիան: Կիպրոսը պետական մակարդակով է դիմում տարբեր կառույցների, պետությունների` իր բողոքն ու դժգոհությունն արտահայտելով այդ նախաձեռնության դեմ, մեր դեպքում պետական մասշտաբով առայժմ ոչինչ չի արվել»,-ընդգծեց Դանիելյանը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով`  Միավորված ազգերի կազմակերպության «Զարգացման ծրագրերի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը» Բրատիսլավայից Թուրքիա հնարավոր տեղափոխման պատճառներից մեկն էլ ֆինանսական խնդիրն է: «Թուրքիան բավական խոշոր գումար է տալիս ՄԱԿ-ին, ի տարբերություն ՄԱԿ-ի անդամ երկրների, որոնք գնալով ավելի ու ավելի ժլատ են դառնում ներդրումների հարցում: ՄԱԿ-ը հումանիստական կառույց է և Թուրքիայի քաղաքականությունն այսօր հումանիստական աջակցության կարիք ունի: Դրա համար էլ ուժեղացրել է իր ներդրումները այնպիսի խոշոր կառույցում ինչպիսին ՄԱԿ-ն է: Այստեղից էլ բխում է, որ այդ կառույցը սկսում է կախվածություն ունենալ Թուրքիայից: Վերջինս միջազգային կառույցների հետ փորձում են նոր որակի հարաբերություններ ստեղծել: Մեր ցանկությունն է աշխարհի ուշադրությունը սևեռել այս խնդրի վրա և վերջապես իր դիրքորոշումը հայտնի»,- ասաց ազգագրագետը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ մտադրությունը քաղաքական նպատակներ է հետապնդում, թեև նշվում է, որ քայլն ավելի շատ տեխնիկական խոչընդոտները վերացնելու և ֆինանսական հարցերը կարգավորելու մտադրությամբ են պայմանավորված. «Մեզ այսօր ասում են, թե դա զուտ գումարային և տեխնիկական է, մենք մերժում ենք այդ մոտեցումը»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930