Օպտիկանան հեռադիտակները վաղուց օգտագործվում են եվրոպական տարբեր երկներում: Հաճախ են հայերը Ֆրանսիայից կամ այլ երկրից գալիս եւ իրենց տպավորություններով կիսվելիս չեն մոռանում պատմել այդ հեռադիտակների մասին: Արի ու տես, որ կգա մի օր, երբ երեւանցիները եւս կկարողանան օգտվել նման հեռադիտակներից: Ցավոք, այն դեռ մեկն է ու տեղադրված է այնտեղ, որտեղ առաջացել է նման ծրագիր անելու գաղափարը՝ Հաղթանակ զբոսայգու հարթակի վրա:
«2011 թվականի մարտ ամսին կանգնած էի հարթակի վրա, ու ուզում էի տեսնել, թե իմ ծանոթներից ո՞վ կա ներքևում, քանի որ պայմանավորվել էի, բայց հնարավորություն չկար կապ հաստատելու: Հետո մտածեցի՝ ինչ լավ կլիներ որ հեռադիտակ լիներ ձեռքիս տակ. կտեսնեի: Ինքս իմ մեջ ասացի ՝ էվրիկա: Կարելի է հեռադիտակ տեղադրել և ոչ միայն ես, այլ նաեւ բոլորը դիտեն, թե ինչ է կատարվում ներքեւում»,- ասում է նախաձեռնողական խմբի համակարգող և ղեկավար Արշակ Հաշտողյանցը:
Դրանից հետո նա սկսել է հետաքրքրվել, թե ինչ տեսակի, ինչ տեխնիկական հատկանիշների ու հնարավորությունների հեռադիտակներ կան: Ուսումնասիրել է Եվրոպական երկրների փորձը, որտեղ վաղուց արդեն կային նման հեռադիտակներ: Այսպես, 2013թ. մարտի 26-ին տեղադրվեց Արգիշտի-Թամանյանը: Նախաձեռնող խումբն է անվանումն այդպես որոշել, քանի որ այն նորություն էր և պետք է ինչ- որ նշանակալից ձեւով հիշվեր. «Մի օր որոշվեց՝ Արգիշտի Թամանյան, ի պատիվ՝ Երևանի հիմնադրի և Երևանին վերածնունդ տվող ճարտարապետի»:
Երեւանում տեղադրված հեռադիտակը խոշորացնում է 25 անգամ: Պտտվում է 315 աստիճանով, դեպի ներքև ՝ 30 աստիճանով, իսկ դեպի վեր՝ 60 աստիճան: Այն թույլ է տալիս շատ պարզ դիտել Արարատը, ինչպես նաև` հարակից գյուղերը: Երեկոյան շատ լավ է երևում լուսինը և հնարավորություն է տալիս ուսումնասիրել նաև լուսնի ռելիեֆը: Կարելի է տեսնել Յուպիտերը՝ Երկրից անզեն աչքով երևացող միակ մոլորակը:
Հեռադիտակից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ունենալ 100-500 դրամ, կախված տեւողությունից:
Արշակի խոսքով՝ Մարդիկ հիմնականում հետաքրքրվում են երկնքով ու Արարատով, իսկ երեկոները ռոմանտիկ զույգերն են գալիս և միասին լուսնին նայում:
«Մարդու շատ կարևոր զգայարաններից մեկը՝ տեսողությունն է: Մենք ուզում ենք, որ մարդիկ ավելին կարողանան տեսնել և ընկալել: Մենք մարդկանց աչքերը չենք փակում, այլ բացում ենք»,- ասում է Արշակը:
Երիտասարդ Արմեն Հովհաննիսյանը մի քանի օրը մեկ գալիս է Հաղթանակի զբոսայգի եւ հեռադիտակով ուսումնասիրություններ կատարում: Իրեն ավելի շատ հետաքրքրում է լուսինը եւ դրա հետ կապված ամեն ինչ, հաճախ նաեւ ուսումնասիրում է Երեւանը. «Գաղափարը շատ եմ հավանում: Կարծում եմ` սա նաեւ զբոսաշրջությանը մեծ օգուտ կտա: Այս հեռադիտակների մասին լսել էի իմ ընկերներից եւ տեսել ֆիլմերի մեջ: Հաճելի է, երբ մեր մայրաքաղաքում եւս նման բնա կա»:
Արամ Արարատյան