Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը ներկայացրեց Դալմայի այգիների փրկության ծրագիրը (Տեսանյութ)

Ապրիլ 16,2013 17:58

ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը այսօր հանդիպեց Դալմայի հողօգտագործողների հետ: Նա հիշեցրեց, որ դեռ 90-ականներին քաղաքային խորհրդի որոշ պատգամավորներով լուրջ աշխատանքներ են տարել այգիները պահպանելու ուղղությամբ:

«Հասանք նրան, որ Դալմայի այգիները սեփականաշնորհվեցին… Եվ որոշվեց, որ 5 տարով վարձակալության տրվեն հողերը եւ եւս 10 տարով հետագայում երկարաձգվեց վարձակալության պայմանագրերը: Ինչ նպատակով դա արեցինք, որովհետեւ հասկանում էինք, որ Երեւանի զարգացման հնարավորությունները շատ սահմանափակ են: Երեւանի զարգացման այս պայմաններում հատկապես էկոլոգիական վատ խնդիրներ են առաջանում եւ փրկության օղակներից մեկը հանդիսանում էր ամբողջ Դալմայի այգին այդպես թողնելը»,- պատմեց նախկին քաղաքապետը:

Նրա խոսքերով, իրենք ծրագիր ունեին, որ Դալման բացի որպես գյուղատնտեսական հողատարածք օգտագործելը, այն  դարձնեն քաղաքային այգի. «1991 թվականին, երբ հարցը ներկայացվում էր, պատմաբաններն ասացին որ ուրարտական շրջանից մնացած հուշարձաններ կան այդտեղ: Ես Դալման միշտ տեսել եմ  որպես այգի: Կարող եմ մարդկանց հնարավորություն տալ գյուղատնտեսական նպատակներով օգտագործել, բայց նաեւ որպես քաղաքային այգի, զբոսավայր օգտագործելու հնարավորություն է պետք»:

Հարցին, եթե քաղաքապետ դառնաք, ինչպես եք վարվելու Դալմայի այգիների հետ, եթե այսօր այնտեղ լուրջ շինարարություն է ընթանում, պարոն Խաչատրյանն  ասաց. «Այսօրվա ամենամեծ խնդիրը կապված է նոր կառուցվող  ճանապարհի հետ: Այդ ճանապարհի խնդիրը,  չգիտես ինչու, մեջտեղ եկավ հիմա: Այդպիսի ծրագիր նախկինում Երեւանի հատակագծում չի եղել: Եվ եթե նույնիսկ ճանապարհի անհրաժեշտությունը կա , ես խնդիր կդնեի` այդ ճանապարհը կառուցել ոչ թե գետնի,  այլ սյուների վրա`15-30 մետր բարձրության վրա, եթե դրա անհրաժեշտությունը կա: Բայց ես գտնում եմ, որ այսօր Երեւանում դրա անհրաժեշտությունը չկա: Այն ճանապարհը, որը կառուցվում է, որը պետք է Լենինգրադյանը միացնի Իսակովի պողոտային, հենց հիմա ընդարձակվում է: Ընթացքում նոր նախագծեր կան, ճանապարհների կողքերին շինաղբ է լցվում, ես հասկանում եմ, որ դա մի նպատակ է հետապնդում ` հետագայում դրանք կառուցապատման համար»:

Նա չի կարծում, որ Դալմայի այգիներում  իրականացվող շինարարությունը անշրջելի է այգիների վերականգնման համար . «Կկառուցվի ճանապարհը եւ վերջ, իսկ ճանապարհից դուրս ոչ մի կառուցապատում չի իրականացվի…այգին վերականգնվելու է»:

Պարոն Խաչատրյանն ասաց, որ Դալմայի այգիներից դեռեւս 750 հա պահպանվել է. «Այգին առավելություն ունի, Երեւանի օդի մաքրման լավագույն ֆիլտրը եղել է հենց Դալման: Դալման երբեք ինձ համար չի եղել այգի,այն ձեւով ոնց որ տեսել ենք,  այստեղ ձմեռները դահուկ եմ քշել, ամառները ծիրան եւ այլն, ես միշտ տեսել եմ քաղաքային այգի… համենայնդեպս կանաչի համար միշտ հող հնարավոր է գտնել, եթե ցանկություն կա… առանձին ծառատունկ անելով Երեւանը չի կարելի փրկել: Մասսայական ուղղակի պետք են անտառաշերտեր տնկել, որ կարողանանք վերականգնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930