Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն անդրադարձավ վերջերս լույս տեսած «18-33. Արդի հայ պոեզիայի անթոլոգիային»` ասելով. «Ժողովածուում շարունակվում է անբարո մոտեցումը գրական տեքստին` հայհոյանքներով, փողոցային մտածողությամբ, իսկ գեղարվեստն իսպառ բացակայում է»:
Ափինյանի խոսքով. «Այդ կարգի ժողովածուները, որոնք ներկայացվում են իբրեւ երիտասարդ գրականության համախմբման օրինակներ, ճիշտ հակառակ դերն են կատարում»: Մասնավորապես, ընթերցողներից մեկը Ափինյանին է ներկայացրել ժողովածուն, որում վերջինս պոկված էջեր է տեսել. «Երբ հարցրեցի, թե ինչու են պոկված, ասաց, թե` «ամոթ է, որ այս էջերը պահվեն ինձ նվիրած գրքի մեջ»: Ընթերցողներն ամաչում են շփվել նման հակագրական երեւույթների հետ»:
Աբգար Ափինյանը չցանկացավ մանրամասնել, թե որ գրողների ստեղծագործությունների մասին է խոսքը` խորհուրդ տալով ընթերցել եւ համոզվել. «Ես որևէ մեկի նկատմամբ անձնական վերաբերմունք չունեմ, հարգում եմ բոլորին, բայց ավելի շատ հարգում եմ գեղարվեստական գրականությունը»:
Կարդացեք նաև
Խնդրի շուրջ Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում անթոլոգիայի կազմողներից եւ խմբագրողներից Արքմենիկ Նիկողոսյանը կարծիք հայտնեց, որ Աբգար Ափինյանը այսօրվա հեղինակներին եւ գրականությունը գնահատում է «ով մեր հետ չէ` նա վատն է» սկզբունքով. «Ժամանակակից պոեզիայի բազմազանությունը նաեւ այդ տեսակ ոճերի եւ բառերի մեջ է կայանում, ինչը ժխտելն անիմաստ է եւ հակագիտական, մանավանդ, որ Ափինյանի հիշատակած հատկանիշները մերկապարանոց չեն եւ ոչ էլ ցուցադրանքի համար են: Դրանք կոնկրետ գեղագիտական խնդիրներ են լուծում»:
Ինչ վերաբերում է անթոլոգիայում փողոցային ժարգոնի կիրառությանը, մեր զրուցակցի խոսքով. «Ո՞վ է ասում, որ գրականության մեջ չպետք է լինի փողոցային ժարգոն եւ փողոցային բառեր, եթե դրանց գեղագիտական տեղն ու նպատակն արդարացված են: Իսկ տվյալ գրքում, կարծում եմ, չկա որեւէ բանաստեղծություն, որի մեջ դրանք կիրառվեն ինքնանպատակ»:
Նիկողոսյանն ասաց, որ թքած ունի գիրքը («ընդ որում` լավ գիրքը») պատռող մարդու վրա. «Ընկնել յուրաքանչյուր ընթերցողի ետեւից եւ բացատրել` ինչն ինչոց է, մեր խնդիրը չէ: Մենք ցույց ենք տալիս ընդհանրական միտումներ եւ օրինաչափություններ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ