«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոնը դրամաշնորհի մրցույթ է հայտարարել, որի տրամադրման գործընթացն ապրիլի 15-ից արդեն մեկնարկել է: Հայտարարության մեջ նշված է հետևյալը. «Կարող են դիմել բոլոր այն հասարակական կազմակերպությունները, ոչ պետական և պետական բուհերի ուսանողական միավորումները, ուսանողական խմբերը, միջին մասնագիտական կրթօջախների ուսանողական միավորումները, ինչպես նաև 18-35 տարեկան երիտասարդական խմբերը, միջին մասնագիտական կրթօջախների ուսանողական միավորումները, անհատները և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները`երիտասարդների, նրանց անմիջական հարցերի ու հիմնախնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց նախագծերը»:
Դրամաշնորհի հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀԿ-ների, ուսանողական միավորումների համար սահմանված է 500.000 դրամ, երիտասարդական միավորումների խմբերի և անհատների համար՝ 200.000 դրամ: Հատկանշական է այն, որ հայտարարության մեջ նշված է նաև, որ առանձին դեպքերում, երբ ակնկալվող գումարը գերազանցում է սահմանվածը` հայտը ենթակա է քննարկման կենտրոնի փորձագետների կողմից:
Aravot.am-ին մի քանի երիտասարդներ են դիմել, որոնք ցանկացել էին հայտ ներկայացնել, սակայն հետո հրաժարվել էին: Նրանց համար հայտարարության հենց այս կետն էլ խնդրահարույցներից մեկն է: Նրանք կարծում են, որ առանձին դեպքեր արտահայտությունն արդեն սուբյեկտիվ տարրեր է պարունակում: Մյուս հարցը, որ անհանգստացնում էր մեզ դիմած որոշ երիտասարդ մասնագետների այն էր, որ հայտի ձևում իրենցից պահանջել էին անձնագրի տվյալներ լրացնել, ինչը ըստ դիմորդների` հատկապես նախընտրական այս շրջանում ինչ-ինչ ռիսկեր է պարունակում:
Aravot.am-ը բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստացավ ծրագրի ղեկավար ԲՀԿ երիտասարդական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանից: Նա մասնավորապես ասաց. «Այս դրամաշնորհին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունները, ուսանողական միավորումները, երիտասարդական խմբեր, անհատներ: Քանի որ կարող են նաև անհատներ մասնակցել, այստեղ ինչ-որ վերահսկողության, կապ հաստատելու հարցեր են առաջանում, դրա համար էլ նրանց անձնագրի տվյալներն ենք ներառել»: Փորձեցինք հստակեցնել` ի՞նչ կապ ունի անձնագրի տվյալը կապ հաստատելու հետ, պարոն Էնֆիաջյանն ասաց. «Սա անիմաստ սևեռում է այս փաստերի վրա, քանի որ անձնագրի տվյալների պահանջը այլ նպատակ չունի» :
Կարդացեք նաև
«Առանձին դեպքերին» վերաբերող հարցի մասին էլ ծրագրի ղեկավարն ասաց. «Դա արդեն ընդհանուր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից քննարկվող հարցերն են: Դրա նպատակահարմարությունն այն է, որ տվյալ թիրախային խմբում ոչ ոքի մտահղացումը չսահմանափակվի: Սա նաև օրենսդրական պահանջ է, ուստի այս ժամանակահատվածում այս ընդհանուր ծրագիրը տեղափոխել ենք ընտրություններից հետո, որ ավելորդ մեկնաբանությունների տեղիք չտա» :
Հետաքրքրվեցինք` դրամաշնորհի տրամադրման հարցում որո՞նք են առաջնահերթությունները և արդյոք դրամաշնորհի արժանացածների ցուցակը լինելո՞ւ է հրապարակային: Վ. Էնֆիաջյանը պատասխանեց. «Թե լրատվական կայքերում, թե «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում այս ամենի մասին կտեղեկացվի: Իսկ առաջնահերթությունները քննարկելու է հոգաբարձուների խորհուրդը: Հետո ծրագրի վերնագիրն ինքնին ասում է` երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոն, այն միջոցառումների, որ մեր երկրի երիտասարդության համար կարևոր են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ