Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ն չի՞ վստահում ներքեւի օղակներին

Ապրիլ 16,2013 17:30

Այսօր Ազգային ժողովում «Ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել: Համակարգը, որը հնարավորություն է տալու պարզաբանելու, թե պետական բյուջեի գումարներն ինչի վրա են ծախսվում, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի  կանխատեսմամբ, կներդրվի մինչեւ 2016 թվականը:

Ըստ պարոն Սաֆարյանի, ծրագրային բյուջետավորումը ունի նաեւ բացասական կողմեր` համակարգի ներդրումը շատ աշխատատար եւ ծախսատար է, պահանջում է պետական մարմինների կարողությունների զգալի ավելացում, թուլացնում է տնտեսագիտական դասակարգմամբ տող առ տող բյուջեի կատարման վերահսկողությունը:

Լսումներին ներկա ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարեւորելով համակարգի ներդրումը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այսօր, նախարարների 90%-ը չի տիրապետում ծրագրային բյուջետավորմամբ իրենց բյուջեին: Երբ նախարարներին հարցնում ես, օրինակ` 60 դիվանագիտական դպրոցի շրջանավարտ ես ունենալու, ունենում ես, որ ի՞նչ անես, այսինքն` այս տեսակետից նա չգիտի, քանի որ վերջնաարդյունքը, թե ինչի համար է, նպատակը եւ որակը նկարագրված չէ, մարդը չի պատկերացնում, մինչդեռ այդ գումարները ծախսվում են:

Ու եթե այդ 60 շրջանավարտն իրենց որակական, իրենց մասնագիտական կարողություններով չեն կարողանալու աշխատաշուկայում տեղ գտնել, ստացվում է անարդյունավետ ծախս է կատարվել»:

Մինչդեռ բյուջետային ծրագրավորումն, ըստ պարոն Մինասյանի, պետական ֆինանսների կառավարման ընդհանուր բարեփոխումների տարրերից մեկն է եւ նպատակ ունի բաձրացնել պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը. «Ընդդիմադիր հատվածին այն կտա, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է բնութագրվի արդյունքներով, եւ բնականաբար, ցանկացած գումարի ծախս, ընդդիմադիր պատգամավորը կարող է հրապարակային հարց ուղղել կառավարությանը եւ նաեւ հետապնդել այդ հարցը որքանով է արդյունքի հասել՝ կառավարությունն այդ գումարը ծախսելով, կատարել հարցումներ այն անձանց, շահառուների շրջանում, որոնք այդ արդյունքները պետք է զգացած լինեն իրենց վրա եւ պառլամենտում իր ընդդիմադիր կեցվածքը հրապարակել: Հանրությանը կարող է տալ, այն, որ յուրաքանչյուր դրամի ծախսի դեպքում, թե’ որակական, թե’ քանակական բնութագրիչը պետք է հրապարակվի: Եթե ծախսվում է, ասենք` իսք գումար, ինչի արդյունքում մենք պետք է ստանանաք ավելի բարելավված կենսաթոշակային համակարգ, կենսաթոշակառուներն ավելի քիչ ջանք պետք է գործադրեն գումարը ստանալու, դա պետք է նկարագրվի այդ ֆինանսավորման ծրագրի մեջ եւ քաղաքացին կարող է տեսնել եւ զգալ արդյոք այդ գումարը որ ծախսվել է բարելավվե՞լ է իր վիճակը թե ոչ»:  Արծվիկ Մինասյանի կարծիքով ծրագրային բյուջետավորումը էականորեն կնպաստի նաեւ ատկատների նվազմանը:

Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը

Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մեր պետությունը դեռեւս քաղաքականապես պատրաստ չէ, ապահամակենտրոնացնել, այսինքն` իր վերեւի լիազորությունը տեղափոխել իր ներքեւի բաժիններին. «Այսինքն` ԱԺ-ն կամ կառավարությունը  իջեցնում է ծրագիրն իրականացնողների մակարդակին, որպեսզի իրենք ինքնուրույն անեն, այլապես չէին ասի՝ համ ծրագրային ներկայացրու համ էլ հոդվածային: Հիմա մենք ասում ենք՝ այս ծախսեր-մախսերը մի կողմ դիր ու դու ինձ ասա, ի՞նչ է լինելու արդյունքը: Օրինակ` դու բերել ես ինչ որ սարքավորումներ, որոնք գրանցում են մեքենայի արագությունը, որի արդյունքում պետք է վթարների քանակը նվազի, մեր նպատակը ոչ թե այդ սարքավորումները տեղադրելն է, այլ մեր նպատակը վթարների քանակը նվազեցնելն է, այսինքն` սա բարեկեցության էլեմենտ է, ինձ պետք չէ դու ասես քանի հատ ես տեղադրում, որտեղ ես տեղադրում, որպես քաղաքականություն ընդունողներ, դու պետք է ասես` ես ծախսում եմ այսքան գումար, արդյունքում այսքան տոկոսով պակասում է վթարների քանակը:  Արդյունքում, ես որպես պատգամավոր, պարզ կհասկանամ, որ իմ տված գումարը ժողովրդին, որին պետք է ես ձեռք բարձրացնեմ, որ դու ծախսես, գնում է այս նպատակի համար եւ տարվա վերջին, որպես արդյունք ես կստուգեմ կատարվե՞լ է, թե` չի կատարվել: Իսկ հիմա ինչ են ասում, ասում են չէ, այդ լավ բան ես ասում, բայց մեկ է դու բեր տեսնենք դու որքան ես աշխատավարձ ստանում, որքան ես ծախսում, ինչքան գումար եք ծախսում գործուղում գնալու համար եւ այլն: : Ինչո՞ւ է այսպես, որովհետեւ վստահություն չկա ներքեւի նկատմամբ, որովհետեւ չի բացառվում, որ ներքեւում կա կոռուպցիոն ռիսկեր, որի պայմաններում ԱԺ-ն ուզում է կանխել այդ ռիսկերը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930