Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսելու, իրար հասկանալու միակ միջոցը երաժշտությունն է»

Ապրիլ 16,2013 16:48

«Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում այսօր Երևանյան միջազգային տանգո փառատոնի հիմնադիր Նիկա Բաբայանը խոսեց 2013 թվականի տանգո փառատոնի ծրագրում ներառված 8 համերգների մասին: Դրանցից չորսն արդեն տեղի է ունեցել երևանյան բուհերում, և փառատոնի օտարերկրացի հյուրերի` արգենտինացի հայտնի բանդոնեոնահար Վալտեր Ռիոսի և երգչուհի Մարիել Դյուպերի ելույթները «Կադանս» անսամբլի հետ տեղի կունենան ապրիլին` Գյումրիում և Երևանում: Փառատոնի 7-րդ համերգը նախատեսված է մայիսին` Վանաձորում, իսկ եզրափակիչ 8-րդ համերգը` հունիս-հուլիս ամիսներին: Եզրափակիչ համերգը հատկանշական է այն  առումով, որ նախատեսվում է Աստոր Պյացոլլայի «Տարվա եղանակներ» հանրահայտ ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ասաց. «Սա մի փառատոն է, որ ժամանակագրական առումով դեռ երիտասարդ է, բայց հասցրել է սիրվել մեր հասարակության կողմից: 2010թ.-ին «Կադանս» անսամբլը փորձեց նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գալ և միանգամից այս նախաձեռնությունը «Միջազգային տանգո փառատոն» հիմնադրելու գաղափարը հանրության կողմից արժանացավ բավականին հետաքրքիր արձագանքի: Շատ կարևոր է նաև մեզ համար այն, որ փառատոնն ունի աշխարհագրական ընդգրկվածություն: Ոչ միայն Երևանում է տեղի ունենում, այլև Գյումրիում` «Վերածնունդ» միջազգային 5-րդ փառատոն-մրցույթի շրջանակներում: Տեղի կունենա նաև Վանաձորում: Սրանով մենք փորձում ենք ապահովել մարզի հանդիսատեսի ներգրավվածությունը այս փառատոնի շրջանակներում»:

Փառատոնի հիմնադիր տնօրեն Նիկա Բաբայանը նշեց, որ հայ մտավորականների ընտանիքից սերող Արթուր Դերոյանի հիմնական աջակցության շնորհիվ է, որ նրանք կարողացել են Արգենտինայից Հայաստան հրավիրել ամենահետաքրքիր, ամենահեղինակավոր երաժիշտներից երկուսին:

Տանգո երգչուհի Մարիել Դյուպետին ասաց. «Սա շատ լավ հնարավորություն է, որ երկու երկրներ ճանաչեն միմյանց: Երկուսն էլ շատ գեղեցիկ են, լի են գեղեցիկ մարդկանցով և հատկապես շատ հիանալի է զգալ երաժշտական նմանությունը, որ կա այդ երկու երկրների միջև: Սա ստեղծում է մի ռոմանս, որն էլ վերջում համալրում է երկու ազգերին»:

Չցանկանալով բացել փակագծերը` փառատոնի հիմնադիրը նշեց, որ արգենտինացի երգչուհին կատարելու է մեկ հայկական տանգո: Իսկ երգչուհին հավելեց. «Քանի որ առաջին անգամ եմ Հայաստան գալիս, ես կարծում է, որ խոսելու, իրար հասկանալու միակ միջոցը դա երաժշտությունն է»: Ամեն անգամ ինչ-որ երկիր այցելելիս նա ցանկանում է մի փոքրիկ ճանաչել և մոտենալ այդ երկրի մշակույթին: Ուստի միակ ձևը, որով նա կարող է ինչ-որ չափով մոտենալ մշակույթին և իր շնորհակալությունը հայտնել այդ մշակույթը կրող ժողովրդին` դա երաժշտությունն է: Նա ցանկացավ նախապես ճանաչել և սովորել:

Արգենտինացի բանդոնեոնահար, կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր Վալտեր Ռիոսը խոստովանեց, որ նախկինում չի ճանաչել այս երկիրը: Ճանաչել է շատ այլ հարևան երկրներ, բայց ոչ Հայաստանը. «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ և շատ սիրեցի»:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930