Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը պատասխանում է Աղվան Վարդանյանին

Ապրիլ 16,2013 15:39

ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր ասուլիսում քննադատել էր Երեւանի գործող քաղաքապետին, եւ մասնավորապես՝ հրավիրել էր Տարոն Մարգարյանին բանավիճել Արմեն Ռուստամյանի հետ : ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս կապակցությամբ ՖԲ իր էջում հրապարակել է հետեւյալ գրառումը:

ՁԵՐ ՈՒԺԵՐՈՎ «ՓՈԽԵՔ» ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ըմբռնումով ենք մոտենում այն հանգամանքին, որ քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց ՀՅԴ մեր գործընկերները փորձում են իրենց տեղը գտնել քարոզարշավային տեղեկատվական հոսքերում:

Ակնկալում ենք, որ դաշնակցական գործընկերները որպես Երևանի ավագանու թեկնածու կկայանան և լիարժեք քարոզարշավ կկայացնեն՝ հիմնվելով բացառապես սեփական ուժերի և քարոզչական գրավչության վրա:

Հատկապես, որ նման ռեսուրս ՀՅԴ ցուցակում տեսնում ենք:

Մեր խնդիրը չէ այսօր գուշակել, թե արդյոք այնպիսի պատկառելի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, կհրաժարվեն ԱԺ մանդատից ու կմնան Երևանի ավագանու անդամ:

Թեպետ երևանցին իրավունք ունի իմանալու, թե վերջիվերջո ՀՅԴ-ն հնարավոր հաջողության դեպքում իրականում ում է տեսնելու որպես Երևանի ավագանի:

Ինչ վերաբերում է բանավեճերին, ապա վերահաստատելով մեր հարգանքը բոլոր մրցակիցների հանդեպ, հայտնում ենք, որ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին որևէ կերպ հատուկ չենք տարբերակում մնացյալ ցուցակների առաջին համարներից , ուստի նպատակահարմար չենք համարում մեր մրցակիցների շարքում առանձնացնել որևէ մեկին:

Գալիք ընտրությունները ուժեղ անձերից բաղկացած թիմերի ընտրություններ են, իսկ որ Տարոն Մարգարյանը Երևանի ընտրություններին պատկառելի թիմի ընդգծված առաջնորդ է, գուցե խաթարում է որոշ շրջանակների քարոզչական ծրագրերը, բայց դա իրենց խնդիրն է:

Առիթից օգտվելով ցանկանում եմ հաջողություն մաղթել ՀՅԴ-ին գալիք ընտրություններում ընտրական շեմը հաղթահարելու ծանր, բայց պատվաբեր գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Yerkir says:

    https://www.yerkir.am/am/news/48774.htm
    Եռակի-քառակի շնորհակալություն Արմեն Աշոտյանին. Աղվան Վարդանյան

    20:13 – 16.04.2013
    Այսօր մամուլի ասուլիսով հանդես էր եկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

    Ասուլիսից անմիջապես հետո, կարծես, այդ ասուլիսին ի պատասխան, իր սիրած վայրում` Facebook-ում, ՀՅԴ-ին վերաբերող գրառում էր կատարել նաեւ ՀՀ ԿԳ, ՀՀԿ-ի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը: Աղվան Վարդանյանը yerkir.am-ի խնդրանքով անդրադարձավ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը եւ նշեց.

    «Սիրում եմ արձագանքել խելացի մարդկանց: Ցավոք, նման առիթներ շատ չեն լինում: Հանրապետականների պարագայում` հատկապես: Պարոն Աշոտյանը եզակի հաճելի բացառություն է: Շնորհակալ եմ:

    Հարգարժա’ն պարոն Աշոտյան,

    1. Որ Տարոն Մարգարյանը չէր համարձակվելու հրապարակային բանավիճել Արմեն Ռուստամյանի հետ, ի սկզբանե գիտեի. դրա համար էլ առաջարկել եմ: Խելոք-խելացիները չէին թողնելու: Եվ ճիշտը չթողնելն էր: Այդպիսի մի բանավեճ ժամանակին` նախագահական ընտրությունների օրերին, եղել է…

    2. Որ ՀՅ Դաշնակցությունը ընտրությունների ժամանակ հենվելու է բացառապես սեփական ուժերի վրա, խնդրում եմ` մի’ կասկածեք: Մեր մեջ ասած, եթե շատ ազնիվ լինենք, չեք էլ կասկածում: Գոնե Դուք ընդդիմությանը լավ եք ճանաչում: Ինչ-որ չափով, կարծում եմ, ճանաչում եք նաեւ իշխանությանը:

    3. Երրորդ շնորհակալությունը Ձեր կարծիքով` «այնպիսի պատկառելի քաղաքական գործիչների» անունից, «ինչպիսիք են Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը»: Այո, Երեւանի քաղաքապետը պարտավոր է ինքնուրույն, սկզբունքային, վճռական որոշումներ կայացնելու ունակ քաղաքական գործիչ լինել` համաձայն եմ Ձեզ հետ: Ուրախ եմ, որ ընդգծում եք մեր առավելությունը:

    4. Կրկին համաձայն եմ Ձեր` «գալիք ընտրությունները ուժեղ անձերից բաղկացած (բաղկացածը ճիշտ բառը չէ) թիմերի ընտրություններ են» ձեւակերպման հետ: Բայց, ներողամիտ եղեք, համաձայն չեմ «Տարոն Մարգարյանը պատկառելի թիմի ընդգծված առաջնորդ է» արտահայտությանը հետ: Ե’վ պատկառելին, ե’ւ առաջնորդը իմաստակիր բառեր են: Ու հետո` Ձեր թիմը, կարծեմ, մե’կ առաջնորդ ունի:

    5. Ինչ մնում է ընտրական շեմը հաղթահարելու ծանր ու պատվաբեր գործում Դաշնակցությանը հաջողություն մաղթելու Ձեր ազնիվ վարքին: Այո, դժվար է: Բայց մենք Դաշնակցություն ենք եւ դժվարությունից չենք խուսափում: Մաղթում եմ (անմաղթանք էլ լինելու է)` երբեւէ դառնաք ընդդիմություն, զրկվեք իշխանության բոլոր լծակներից, ընտրությունների վրա ազդելու խայտառակ հնարավորություններից (նաեւ կրթական ոլորտում): Կտեսնենք, թե ինչ կմնա ձեր պատկառելի թիմից եւ ինչպես կհաղթահարեք ընտրական նվազագույն շեմերը: Հիմա էլ ճիշտն ասեք երեւանցիներին: Ասե’ք, որ իրենք Տարոնին չեն ընտրում` ընտրում են Հանրապետական կուսակցությանը:

    6. Վեցերորդ կետը ես բաց եմ թողնում…»,- նշեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը:

    Աղվան Վարդանյանի այսօրվա ասուլիսին անդրադարձել էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Yerkir.am-ի խնդրանքով Աղվան վարդանյանը պատասխանեց նաեւ այդ անդրադարձին ու նշեց. «Ասել էի, որ սիրում եմ խելացի մարդկանց արձագանքել: Արմեն Մարտիրոսյանին առաջարկում եմ` նորից կարդալ իր սեփական մտքերը: Եթե իրեն ամեն ինչ հասկանալի է, ես խնդիր չունեմ»:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930