«ՀՀ-ում հունիս ամիսը քննությունների ամիս է: Իրականացվելու է երեք ուղղություններով՝ 9-րդ դասարանի քննություն, 12-րդ դասարանի ավարտական քննություն եւ բուհերի ընդունելության միասնական քննություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննությունների վերաբերյալ նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
ԳԹԿ-ի տնօրենի խոսքով, միասնական քննությունների ընթացական կարգի մեջ որեւէ էական փոփոխություններ չի գրանցվել: Միասնական քննությունների գործընթացը՝ սկսած թեստերի կազմումից, վերլուծությունից, ամփոփումից, անցկացումից, իրականացնում է գնահատման եւ թեստավորման կենտրոնը.
«Ավարտական քննությունների հետ կապված՝ ԳԹԿ-ն արդեն մշակել է քննական թեստերը բոլոր դասարանների համար: Ճշգրտման փուլում են բոլոր դիմորդների ցուցակները ըստ առանձին առարկաների, եթե քննությունները վերացնենք, ապա տեղերի թիվը բավարար է, որպեսզի բոլոր ցանկացողները սովորեն այս կամ այն բուհում»:
Բանախոսի պնդմամբ՝ նրանք ցանկանում են մինչ քննությունները որոշակի գործընթացներ կազմակերպել, որի արդյունքում դիմորդը ավելի տեղեկացված եւ փորձված կմտնի քննական սենյակ: Դա որոշվել է 2 ուղղությամբ` առաջինը, դա լայն խորհրդատվության տրամադրումն է դիմորդին, ծնողին, ուսուցչին, այսինքն՝ ԳԹԿ-ն պարբերաբար կկազմակերպի ցանկացած դիմորդի համար խորհրդատվություն, որը կլինի խմբերով, դպրոցների հայտերով, մարզերի կրթության վարչության պետերի հայտերով, մասնագետը տեղում կիրականացնի համապատասխան գործողություն, իսկ երկրորդ` Երեւան քաղաքում եւ հանրապետության բոլոր մարզերում կիրականացվի փորձնական քննություն, նույն քննական ձեւաչափերով:
Կարդացեք նաև
«Աշակերտը կանցնի բոլոր այն քայլերը, ինչը նրան սպասվում է իրական քննության ժամանակ: Փորձը ցույց է տալիս, որ դիմորդը դժվարությունների է հանդիպում քննությունների ժամանակ, այս քայլը ուղղված կլինի հօգուտ դիմորդի»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ