Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպի առիթով
Զորավոր-զորական գրքի հեղինակը, գլխավոր հերոսը, հենց գիրքը էնպես են եռյակված, շաղախված ու հունցված, որ ակամա փշաքաղվում ու կանչում ես՝ մարդ Աստծո, մինչեւ հիմա ո՞ւր էիք: Հեղինակը լրագրողի, հրապարակագրի, գրողի, խմբագրի տարի-աստիճաններով խորացած-բարձրացած, դեռ մանկությունից իր Կողբի բնության ու մարդու ներդաշնակությունն իր մեջ առած, Զիկատարի աչք-ականջը մտած, գրողի մենակությանը ձուլված Աշոտ Աղաբաբյանն է:
Էնքան կուռ ու ձույլ են, սիրառատ ու սրտացավ նրա հեղինակած «Ռեզիդենտը», «Մենակը» գրքերի դառնանուշ էջերը, որ թվում է, թե արձակագիր լինելուց առաջ նա քննիչ է, գիտության տարբեր ճյուղ- բնագավառների հմուտ տիրակալ-գիտնական, մարդ, որ եթե չի աշակերտել մեծահամբավ ուսուցիչների, ուրեմն սովորել է նրանցից: Բայց նա քննիչ չէ, այլ քննող է, զննող-մարդաբան, հոգեբան, ազգային կերպարի շտեմարանի ակնաղբյուրից ծարավ կոտրող էն անցորդն է դառնում, որը մի ումպով ցամաքեցնում է աղբյուրը ու նույն պահին զգում ես, որ քո աչքերի դեմ ակունքվում է ավելի բխուն ու զուլալ մի աղբյուր:
Գեղարվեստը լուծվել է վավերականի հետ: Երբ կարդալու ժամանակ ընկա գրքի խորխորատները, հրճվեցի ալիքների վրա, հիշում էի Թումանյանի ափսոսանքը, որ է՝ երկիր ունենք՝ չենք ճանաչում, ժողովուրդ ունենք՝ չենք ճանաչում, գրականություն ունենք՝ չենք ճանաչում, պատմություն ունենք՝ չենք ճանաչում… Իբր մեր ի՞նչն ենք ճանաչում, ու չճանաչելով ո՞ւր պիտի հասնենք: «Մենակի» գլխավոր հերոս Առնո Սարոյանը եւ իր նախատիպ գիտնականը մեզ համար ե՛ւ երկիր են, ե՛ւ գրականություն, ե՛ւ պատմություն: Աշոտ Աղաբաբյան գրողը հրաշալի գործ է արել, նախ ինքն է մորեմերկ ծանոթացել ոչ միայն Առնո Սարոյանի, այլ նրա ապրած ոչ էնքան բարի ու դաժան ժամանակի հետ: (Աստծո կողմից ընտրված մարդիկ միշտ էլ իրենց ապրած ժամանակի մեջ ունենում ու նաեւ ստեղծում են իրենց ժամանակը):
Կարդացեք նաև
Էջ առ էջ հառնում-փնջվում է հեղինակի սերը՝ դառնալով նորօրյա վիպերգ: Էս ի՞նչ բնաբուխ սեր ու ակնածանք ունի Աշոտ Աղաբաբյանը՝ առ իր ընտրյալը, որ նրան իր Գառնո հեթանոսական եզերք-տիեզերքից հանում ու հավերժորեն գրանցում է իր սիրո մատյան Զիկատարում՝ Երեւանից հեռացնելով տասն անգամ ավելի ժամանակ-ճամփա: Հեղինակն էնքան հմուտ է, էնպես է գուրգուրում յոթնաշերտ ու յոթնուղեղ մարդուն, որ փորձում ես գուշակել (հեղինակն այլեւս դադար չի առնի)՝ հաջորդ հանդիպումն ո՞ւմ հետ կլինի:
Այո, Աղաբաբյանն ում է անմահացնելու իր հաջորդ գրքով, ինչ հրաշք անակնկալով է ներկայանալու…
Այո, բացի նվիրյալի մասին նվիրյալ գիրք գրելուց, Աշոտն իր ծննդավայրի Զիկատարն է նվիրել հայորդուն-աշխարհորդուն: Դա գրողական գյուտ չէ ամենեւին, այլ որդիական սիրո արտահայտություն: Որդիական, որ աչքիդ առաջ վեր է ածվում եղբայրական, ապա մաքուր ազգային սիրո, սեր ու նվիրում, որի իրավունքն ունեն գրքի երկու ակոսդիրները՝ Առնո Սարոյանը եւ Աշոտ Աղաբաբյանը: Ինչպես «Ռեզիդենտը» եզակի գրքով, էս վեպով եւս Աշոտն ասես կոչ է անում բոլոր նրանց, ովքեր արթուն խղճի ու գրչի տեր են, տեր լինեն մեր բոլոր էն հայորդիներին, որոնք զարդարել են ոչ միայն հայոց, այլ աշխարհի 20-րդ դարը: Եվ ոչ միայն 20-րդ դարը: Դրանցից մեկը Հայոց Մենակն է, զարմանալի հանճարը, որի մտերմությունը, վստահությունը փորձում էին վայելել ոչ միայն մեծահամբավ գիտնականները, այլեւ Կրեմլում եւ այլուր թառածները: Ի վերջո, աշխարհի առջեւ պարզերես լինելու խնդիր կա: Մարդու անունը կապվում է հենց իր տիեզերքի ու իր կառուցած «Ալֆա-1-ի», «Ալֆա-2-ի» հետ:
Այո, հայերիս մոտ մի բան ավելի լավ է ստացվում՝ փակել մարդու մտքի ճանապարհը, նրան փորձել տեսնել ու գնահատել էն ժամանակ, երբ վաղուց ղողանջել են իրիկնամուտի ձայները: Ոհմակներից վաղուց բաժանված Մենավոր Գայլը ոռնում, մղկտում էր ոչ թե ցավից, այլ վիրավորանքից:
Ամբողջ կյանքում ինչ մտածել, էն էլ արել էր աշխարհի գիտնականը, մարդը, հայը: Առաջին անգամ պարտվեց՝ չնետվեց կամրջից: Գուցե… Հեղինակի ձեռքը չգնա՞ց… Բայց հիշենք, որ գեղարվեստական էս վեպը երակվել էր վավերական փաստերից, հնարովի ոչինչ չկա: Աշխարհի հզորները կարող են քամել հայ մարդու տիեզերական միտքը, բայց մարդը մնում է որպես իր մոլորակի փառահեղ զավակը, որը հենց մոլորակ է, նրան հասնելու համար գուցե տասնամյակներ հետո հայտնվի մի նոր Առնո Սարոյան, որը կպատրաստի էն հզոր զենքը, որով կարելի է թռչել ու վայրէջք կատարել էն աստղի վրա, որ կոչվում է Առնո…
Ինձ ի՞նչ է մնում՝ նորից կարդալ «Մենակը» հրաշալի, մտորուն գիրքը, հարազատներիս ասել, կարդացեք ու ճանաչեք «Մենակի» Մենակին ու Աշոտ Աղաբաբյան գրողին, բարին մաղթել անգամ չարակամներին ու շարունակել մեր դժվար ճանապարհը: Երկրի տերերին, ոչ միայն գրքի էջերում պսպղացող վարչապետին հորդորել՝ ճանաչիր ժողովրդիդ, ճանաչիր Առնո Սարոյանին:
…Ավարտենք, ո՛չ ավարտել չի լինի, քանի որ ինչպես զգում եմ, դեռ ապրում եմ: Շնորհակալություն, անխոտոր, դիպուկ գրիչ Աշոտ Աղաբաբյան, «Մենակի» Մենակ, պինդ կաց ու շարունակիր ազնիվ գիրդ:
ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ (Հրաչօ)
«Առավոտ» օրաթերթ