Լրահոս
«Ուղղական հոլով»
Օրվա լրահոսը

Երգչախմբի արտիստը գրան պրի է շահել

Ապրիլ 16,2013 14:16

Նա հաղթել է վոկալիստների միջազգային մրցույթում 

Հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչների առջեւ վաղուց բաց են նշանավոր համերգասրահների եւ օպերային թատրոնների դռները, որում իրենց դերակատարումն ունեն միջազգային մրցույթներում մեր երգիչների տարած  հաղթանակները:

«Առավոտն» առաջին անգամ է արձանագրում փաստ, երբ միջազգային մրցույթում գրան պրի է շահում երգչախմբի արտիստը. օրերս Կոստաբրավայում (Իսպանիա) կայացած մրցույթում նման հաջողության է հասել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երգչախմբի արտիստ, տենոր Կարեն Զոհրաբյանը: Սա այն դեպքում, երբ մշտապես հոլովվում է, թե մեզանում «դեֆիցիտ» է տենորը: Մեզ մոտ կրթություն ստացած շատ տենորներ ստեղծագործում են արտերկրում, օրինակ՝ Գերմանիայի «Ռոստոկ» օպերային թատրոնի առաջատար մեներգիչներից է Կարո Խաչատրյանը, Գերմանիայում եւ Ավստրիայում ճանաչում է ձեռք բերել Գարրի Հովսեփյանը, Չեխիայում՝ Գուրգեն Հովսեփյանը, իսկ Բոստոնի օպերային թատրոնի մեներգիչ Եղիշե Մանուչարյանը վերջերս բեմ բարձրացավ «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում:

Կարեն Զոհրաբյանը, որ ընդգրկված է Կոմեդիայի թատրոնի խաղացանկում տեղ գտած օպերետներում («Ուշ լինի, նուշ լինի», «Ատամնաբույժն արեւելյան», «Մորգանի խնամին» եւ այլն), Իսպանիայում կայացած մրցույթի առիթով մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցել է շուրջ  50 երգիչ, ժյուրին էլ գլխավորել է Բարսելոնի «Լիսեո» թատրոնի առաջին սոպրանո Մոնսերատ Մարտինեցը: Նա հայտնեց նաեւ, որ մրցութային փուլերին ներկայացրած դասական երկերի թվում հնչեցրել է նաեւ Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւան»-ը, հավելելով. «Տրամադրող էր մրցույթի համար ընտրված Իսպանիայում պատմամշակութային արժեքների ցանկում ընդգրկված «La Masia» սրահը»: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, թե հրավեր է ստացել հանդես գալու իսպանական «La Siesta» ճանաչված անսամբլի հետ եւ այդ նպատակով 2 ամիս հետո կմեկնի Մադրիդ:

Հիշեցնելով 2012թ. Բուլղարիայում կայացած «Ոսկե Օրփեոս» եւ Բաթումում  8-րդ ֆոլկ փառատոնում իր շահած գլխավոր մրցանակների մասին, հարցրինք՝ երգարվեստի ո՞ր ժանրն է, ի վերջո, հարազատ՝ ֆո՞լկը, թե՞ դասականը: Կարենը հիացմունքի ու երախտագիտության շռայլ խոսքեր հղելով իրեն հարազատ դարձած  Կոմեդիայի թատրոնի հասցեին, որտեղ նա բեմ է բարձրանում շուրջ 5 տարի, կատակեց՝ ասելով, թե չէր հրաժարվի մեր Ազգային օպերային թատրոնում բեմ բարձրանալուց, քանի որ այդ «մասով» Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանելու տարիներին մեծ ջանք է թափել իր պրոֆեսորը՝  Սուսաննա Մարտիրոսյանը:

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս երգիչը տեղեկացրեց, որ այս պահին մասնակցում է թատրոնում ընթացող Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի փորձերին եւ պատրաստվում է մեկնել Բուլղարիա, որտեղ Վառնայում ապրիլի 17-ին մեկնարկում է տեղի կոմպոզիտորների միության կողմից անցկացվող ավանդական դարձած 15-րդ միջազգային մրցույթ փառատոնը:

Քանի որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ ՀՀ-ում գործող արտերկրյա դեսպանությունները մերժում են հայաստանցի արվեստագետներին մուտքի վիզա տրամադրել՝ նաեւ մրցույթների մասնակցելու համար, հետաքրքրվեցինք՝ այդ հարցում խնդիր չի՞ ծագել: Կարեն Զոհրաբյանի պատասխանը հակիրճ էր՝ «Շենգենյան համաձայնագրի երկրներ եզակի մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում ինձ աջակցել է անձամբ մշակույթի նախարարը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Կարեն Զոհրաբյանը՝ ժյուրիի նախագահ Մոնսերատ Մարտինեցի հետ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930