Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որտեղ սեր, այնտեղ էլ մարմին

Ապրիլ 16,2013 14:11

Ավստրիացի Ուլրիխ Զայդլն իր ֆիլմերով հանդերձ ներկա կլինի «Ոսկե ծիրանին»

Սկանդալային կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլը (Ulrich Seidl) (լուսանկարում) այս տարի կմասնակցի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Եվ ինչպես «Առավոտին» օրերս հայտնել էր փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու ոչ միայն նրա հայտնի եռերգությունը՝ («Դրախտ. Հույս», «Դրախտ. Հավատ» «Դրախտ. Սեր»), այլեւ հեղինակի ներկայությունը: Զայդլի այս երեք ֆիլմերն էլ աղմուկ են հանել Կաննի, Վենետիկի եւ Բեռլինի կինոփառատոներում: Մի հարցազրույցում ռեժիսորը նշել է, թե իր հերոսները կանայք են, որովհետեւ ի վերջո դրախտի փնտրտուքը հենց կանանց է բնորոշ, նրա՛նք են որոնում սեր, քնքշություն, սեքսուալություն: Զայդլը նաեւ այն համոզումն ունի, որ որտեղ սեր, այնտեղ էլ՝ մարմին:

Հիշեցնենք, որ նրա «Դրախտ. Հավատ» ֆիլմի պատճառով Վենետիկի կինոփառատոնում՝ կրոնական հողի վրա սկանդալ է «պայթել», չնայած ֆիլմն արդեն վաճառվել էր մինչ Վենետիկում ցուցադրվելը: Տեղի դատախազությունը հայտարարել էր, թե ֆիլմի ցուցադրությունը պետք է մերժել, քանի որ այն վիրավորում է հավատացյալների կրոնական զգացմունքները: Ի դեպ, նույնիսկ դատի տվեցին ոչ միայն փառատոնի կազմակերպիչներին, այլեւ ռեժիսոր Ուլրիխ Զայդլին, դերասանուհի Մարիա Հովշտետերին եւ պրոդյուսերին:

Վենետիկյան հաջորդ սկանդալը կապված էր մրցանակների շփոթման հետ: Նախ բեմ է հրավիրվել Ուլրիխ Զայդլը, նրան «Դրախտ. Հավատ» ֆիլմի համար հանձնել են «Արծաթե առյուծ», որը սովորաբար նախատեսված է լինում լավագույն ռեժիսուրայի համար: Ու մինչ ոգեւորված ռեժիսորը շնորհավորանքներ էր ընդունում, բեմ է բարձրացել ժյուրիի անդամ Լետիցիա Կաստան ու հայտնել, որ փոքրիկ թյուրիմացություն է տեղի ունեցել՝ շփոթել են մրցանակները: Հետո բեմ է հրավիրվել ֆիլիպ Սեյմուր Հոֆֆմանը եւ Զայդլի «Արծաթե առյուծը» տրվել է Հոֆմանին՝ «Վարպետը» ֆիլմի համար: Այսպիսով, Հոֆֆմանն ու Զայդլը փոխանակվել են մրցանակներով՝ Հոֆմանը ստացել է «Արծաթե առյուծ», Զայդլը՝ Ժյուրիի հատուկ մրցանակ:

Ուլրիխ Զայդլի «Դրախտ. Սերը» պատմում է 50-ամյա մի կնոջ մասին, որն ուղեւորվում է Քենիա՝ որպես սեքս-զբոսաշրջիկ: Նա փորձում է վճարովի սեռական ծառայություններ մատուցող սեւամորթ տղաների հետ ճաշակել սիրո քաղցրությունը, սակայն սիրո վայելքի գլխապտույտը դեռեւս հեռու է դրախտ կոչվածից:

«Դրախտ. Հույսը» պատմում է 13 -ամյա Մելանիի մասին, որն արձակուրդներն անցկացնում է դիետոլոգիական ճամբարում, որտեղ էլ սիրահարվում է իրենից 40 տարով մեծ բժշկին: Աղջկան թվում է, թե ֆիզիկական մերձեցումը դրախտ տանող ճիշտ ճանապարհն է, սակայն դա ի վերջո բերում է հոգեկան տրավմայի:

«Դրախտ. Հավատը» կաթոլիկուհու մասին է, որը հավատը վերածել է կրոնական ֆանատիզմի եւ անգամ ինքնահանգստանում է միայն խաչի միջոցով:

Կինոգետ Արծվի Բախչինյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ կինոփառատոնային աշխարհում անուն հանած Ուլրիխ Զայդլը մեր հանդիսատեսին անծանոթ անուն չէ, քանի որ «Ոսկե ծիրանում» ցուցադրվել են նրա «Արտածում-ներածումը» եւ «Դրախտ. Սերը»։ «Իսկապես լավ գաղափար է այս տարի ցուցադրել նրա դրախտապատում-եռերգությունը, որի վերջին մասը, ինչպես գիտենք, այս տարի Բեռլինալեում մեծ ուշադրության արժանացավ։ Շատերին կարող է վանել նրա ֆիլմերում սեռազգայնության որոշակի չափաբաժինը, սակայն Զայդլի մոտ դա ինքնանպատակ չէ: «Դրախտ» եռերգությամբ ռեժիսորը իգական սեռի հասարակ ներկայացուցիչների կերպարներով լավագույնս պատկերում է մարդու կեցությունն իմաստավորող երեք հիմնական զգացումները՝ հավատը, հույսը, սերը»,- նշեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ Զայդլի առաջին խաղարկային ֆիլմը՝ «Տապը», 2001-ին Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացել է ժյուրիի Հատուկ մեծ մրցանակին: Երկրորդ խաղարկային աշխատանքը՝ «Ներմուծում/արտահանումը» (2006), գնել է 20 երկիր: Ֆիլմը մրցանակ է շահել Բանգկոկի կինոփառատոնում, երեւանյան «Ոսկե ծիրանում» ճանաչվել է լավագույն կինոնկար, Պալիչի (Սերբիա) կինոփառատոնում է մրցանակ շահել լավագույն դերասանախմբի համար: Հրավիրվելով մոտ 80 փառատոնի՝ կինոնկարը ներկայացվել է Մյունխենում, Մոսկվայում, Կարլովի Վարիում, Երուսաղեմում, Սարաեւոյում, Տորոնտոյում, Լոնդոնում, Կոպենհագենում եւ այլուր: Զայդլի գործերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Լառոշելում (Ֆրանսիա), Սարաեւոյում (Բոսնիա/Հերցեգովինա), Բելգիայում եւ Շվեդիայում: Նրա «Ներմուծում/արտահանում»-ը 2007-ին արժանացել է «Ոսկե ծիրան» մրցանակի: Զայդլի վերջին աշխատանքը՝ «Դրախտ. Սեր» ֆիլմը, Կաննի փառատոնում հավակնում էր «Ոսկե արմավենու ճյուղին»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930