Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թե ինչպես են նկարչին խաբել

Ապրիլ 16,2013 14:05

Արսեն Աբրահամյանը 2007թ.  հարազատի բժշկական ծախսերը հոգալու համար ստիպված է եղել Արմեն Հարությունյանից պարտքով  գումար վերցնել 4 տոկոսով: Ինչպես ինքն է ասում՝ իրեն մոլորության մեջ գցելով,  որպես գրավի առարկա Պուշկինի 51/18 հասցեի արվեստանոցը նոտարի մոտ ձեւակերպել են առքուվաճառք՝ փոխառության պայմանագրի փոխարեն: Երբ Ա. Աբրահամյանը գիտակցել է սխալի հետեւանքները, դիմել է Ա. Հարությունյանին, ասելով, թե տարածքը վաճառելու  մտադրություն չունի, Ա. Հարությունյանը նրան հանգստացրել է, թե դա ձեւական փաստաթուղթ է, շինծու գործարք՝ իր փողերը ետ ստանալու երաշխիք, եւ պարտքը վերադարձնելուց հետո  տարածքը կվերաձեւակերպվի նրա անունով:

Երեք փուլով՝ չորս ամսվա ընթացքում Արսենը ստանում է  8000 ԱՄՆ դոլար, ամսական 4% տոկոսադրույքով, եւ սկսում պարբերաբար ու կանոնավոր մուծել մայր գումարը՝ տոկոսներով: 2009թ. կարողանում է փակել ողջ պարտքը՝ 17.890 ԱՄՆ դոլար: Ի դեպ, այդ ընթացքում նկարիչ Ա. Աբրահամյանը աշխատել է իր արվեստանոցում եւ երբեք չի բացակայել: Պարտքը փակելուց հետո նա դիմում է Ա. Հարությունյանին՝ տարածքը վերաձեւակերպելու  համար, սակայն վերջինս տարբեր պատճառներով  հետաձգում է վերաձեւակերպելը:  Անցնում է երկար  ժամանակ, եւ երբ Արսենը հասկանում է, որ խարդախության  զոհ է դարձել, 2011-ին դիմում է Մալաթիա-Սեբաստիա առաջին ատյանի դատարան՝ իր եւ Արմենի միջեւ կնքած պայմանագրի շինծու գործարքը առոչինչ ճանաչելու հայցով:

Ըստ Արսենի՝ ապացույցները ստացականներով ու պարտավորագրերով դատաքննությամբ ապացուցված էին, Արմեն Հարությունյանը հայցը ամբողջությամբ ընդունել էր եւ մնում էր, որ դատավոր Իսկուհի Վարդանյանը որոշում կայացներ: Սակայն  դատարանը կադաստրից տեղեկություն է ստանում, որ Արմենը 2009թ. վերոնշյալ տարածքը գրավի առարկա է դարձրել Վանիկ Զաքարյանի մոտ՝ նրանից 10.700.000 դրամ փող վերցնելով: Պարզվում է նաեւ,  որ Վ. Զաքարյանն էլ Արմենին է ամսական 3%  տոկոսադրույքով  փող տվել, որը չի վերադարձրել: Դատավարությունը  չավարտված՝ Ա. Հարությունյանը խարդախության այլ գործով  ձերբակալվում է ու սնանկ  ճանաչվում:

Մալաթիա-Սեբաստիա առաջին ատյանի դատարանը Ա. Աբրահամյանի  հայցի դեմ չի առարկում, սակայն գործը կարճվում է՝ Ա. Հարությունյանի սնանկ լինելու պատճառով:

Մեկ տարի առաջ Արսեն Աբրահամյանին  զանգում է Սեյրան Մելոյանը  եւ առաջարկում հանդիպել:  Հանդիպման ժամանակ նա ասում է, որ ինքն էլ է Արմենից տուժած, ինքն է Արմենին ծանոթացրել Վ. Զաքարյանի հետ եւ իր  միջնորդությամբ է Վ. Զաքարյանը  Արմենին գումար տվել՝ գրավի առարկա դարձնելով Արսենի տարածքը: Հայտնում է նաեւ, որ  ինքը սնանկության գործով պարտատերերի ցուցակում է եւ առաջարկում է  որոշակի գումարի դիմաց օգնել բոլոր հարցերը լուծել եւ տարածքը ետ ստանալ: Արսեն Աբրահամյանը հրաժարվում է, ասելով, որ պատրաստվում է բողոքարկել եւ հարցը լուծել դատական կարգով:  «Սեյրան Մելոյանը ինձ զգուշացրեց, որ դրանք անօգուտ են, որովհետեւ ուրիշ դատարաններ իրավունք չունեն իմ գործը քննության առնել: Կա սնանկության դատարան՝ իր առանձին օրենքներով  ու որոշումներով, դա մի ուրիշ աշխարհ է, դա պետություն է  պետության մեջ՝ իր առանձին օրենսգրքով եւ այդ կառույցը կազդի դատական բոլոր ատյանների վրա եւ ուզած ատյանի դատարանի որոշում կկարճի, եթե այն դեմ է սնանկության դատարանի օրենքներին ու որոշումներին: Հետո նա ասաց, որ Վանիկ Զաքարյանը նախագահի օգնականն է, նա կզանգի ուզած տեղ եւ հարցերը կլուծվեն իր օգտին»,- «Առավոտին» պատմեց Արսեն Աբրահամյանը: Նա հանդիպում է Ա. Հարությունյանի՝ սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի հետ եւ հայտնում, որ պատրաստ է բողոքել մինչեւ Եվրադատարան: Բայց, ինչպես Ա. Աբրահամյանն է ներկայացնում՝ «Արման Սարգսյանը հեգնանքով պատասխանեց, թե մինչեւ Եվրադատարանից վճիռ բերեմ, ինքը տասն անգամ իմ տարածքը կվերավաճառի: Ասաց նաեւ, որ իր հոգը չէ, թե Եվրադատարանը իմ օգտին վճիռ կկայացնի, միեւնույն է՝ պետությունը պետք է փոխհատուցի, այլ ոչ թե ինքը»:

Արսեն Աբրահամյանը արդեն  երկրորդ տարին է, ինչ բողոքներ է ներկայացնում  տարբեր դատական ատյաններ, սակայն նրա բերած բողոքներն ու հիմնավորումները ոչ մի արդյունք չեն տալիս, քանի որ «Ա. Սարգսյանը կարողանում է դատարաններին շեղել ու այլ հունով տանել դատավարությունները, կեղծ փաստաթղթերով հիմնավորել  իր հրեշավոր նպատակները»:

Անպատժելիությունից ոգեւորված, ընդհանուր դատական գործերը դեռ չավարտված, բազմաթիվ արգելանքների տակ գտնվող տարածքը կրկնակի էժան գնով վաճառվում է Ա. Դարբինյանին, նոտար Սուսաննա Դանիելյանը հաստատում է արգելանքի տակ դրված գույքի իրացման պայմանագիրը, իսկ կադաստրի «Կենտրոն» սպասարկման գրասենյակի աշխատակիցներն  արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ կատարում են իրավունքների պետական գրանցում, ինչը քրեորեն պատժելի է: Արսեն Աբրահամյանը  ճշտել է, որ առքուվաճառքի ժամանակ իր գույքի վրա դրված է եղել 5 արգելանք: Իսկ աբսուրդի հասնող ամենացնցող խախտումն այն է, որ 2012թ. մարտի 30-ին դրված արգելանքը դատարանի որոշմամբ վերացվել է մարտի 13-ին: Ա. Աբրահամյանը գտնում է, որ  այս կասկածելի գործարքը միայն Վ. Զաքարյանի անունը շրջանառությունից հանելու եւ տարածքը հնարավորինս շուտ յուրացնելու  նպատակ է հետապնդում:

Ի դեպ, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Ա. Հարությունյանի քրեական գործի դատավարությունը եւ  նա խարդախության եւ վաշխառության հոդվածով դատապարտվել է 9 տարի 6 ամսվա ազատազրկման, իսկ բազմաթիվ տուժածների հետ միասին դատարանը Արսեն Աբրահամյանին եւս վերապահել է քաղհայցի իրավունք՝ արվեստանոցի նկատմամբ իր պահանջը ներկայացնելու համար:

Արսեն Աբրահամյանը կոչ է անում մեր հասարակությանը՝ զգոն լինել «կողոպտիչի հոգեբանությամբ առաջնորդվող, բայց օրենքի դիմակ հագած   արմանսարգսյաններից, վանիկզաքարյաններից ու նրանց համախոհներից՝  խարդախների սարդոստայնում չհայտնվելու համար»:

Նա դիմել է Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ գլխավոր  դատախազություն, նախագահի աշխատակազմ եւ հույս ունի, որ իրենից օտարված տարածքը օրենքի միջոցով կվերադարձվի իրեն, ուր ինքը «ստեղծել է միայն հոգեւոր բարիքներ» եւ հիմա այնտեղ է վաստակում իր ընտանիքի հանապազօրյա հացը:

Ա. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930