Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Ղազարյանի փախստականի կարգավիճակը վերականգնելու գործով

Ապրիլ 16,2013 14:04

ՀՀ վարչական դատարանում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից՝ որպես պատասխանող կողմ, ներկա էր Ռուզաննա Պետրոսյանը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանում՝ նրա գործով ներկայացուցիչ Աշխեն Եսայանը միջնորդել էր, որպեսզի ՄՊԾ-ին պարտավորեցնեն ապահովելու պատասխանող կողմով:

Դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը նշեց, որ Վազգենի փախստականի կարգավիճակի դադարեցման գործում ՄՊԾ-ն գործող օրենքը սխալ է մեկնաբանել: «ՄՊԾ-ն իրավունք չուներ կիրառելու 2004թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, քանի որ այն ուժը կորցրած է համարվել դեռ 2009 -ին, երբ այդ օրենքին հաջորդել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը, իսկ որոշումը՝ Վազգենի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին, կայացել է ոչ թե 2009-ին, այլ 2012թ. օգոստոսի 6-ին»,- նշեց Աշխեն Եսայանը: ՄՊԾ ներկայացուցիչ Ռուզաննա Պետրոսյանը Վազգենի փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ հայտնեց իրենց դիրքորոշումը, փաստարկները: Նա հատկապես անդրադարձավ Վազգենի փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ հիմքին եւ շեշտեց. «Վազգենը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՄՊԾ-ի որոշումը նրա փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին  եւ կայացնել բարենպաստ վարչական  ակտ, այն է՝ վերականգնել նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում:  Պետք է նշեմ, որ ՄՊԾ-ն  նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ: Վազգենը հրավիրվել է եւ վարույթի մասին գրությունը ստացել  առձեռն: Քանի որ ԱՎՎ-ից տեղեկացանք, որ Վազգենի հայրը 1995 թվականին ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, իսկ մայրը հայտնաբերվել է մահացածների ցուցակում, այդ իսկ պատճառով էլ դադարեցրել ենք նրա փախստականի կարգավիճակը, որովհետեւ նրա 18 տարին լրացած չի եղել՝ հոր քաղաքացիության ձեռքբերման ժամանակ: Այնպես որ, այն փաստարկը, որ հայցվորը շեշտում է, թե հետադարձ ուժ է տրվել եւ դադարեցվել նրա փախստականի կարգավիճակը, ապա պետք է ասեմ, որ դա այդպես չէ, քանի որ «Փախստականների մասին» ՀՀ օրենքը գործել է 2004 թվականի ապրիլի 15-ից եւ նրա կարգավիճակի վրա այդ օրենքի տարածվելը եղել է օրինական»:

Նկատենք, որ Վազգենն առաջին անգամ փախստականի վկայական է ձեռք բերել 2003 թվականին եւ դա այն ժամանակ, երբ գործել է «Փախստականների մասին» 1999 թվականի ՀՀ օրենքը, որտեղ տարիքային սահմանափակում չի դրվել կարգավիճակը ձեռք բերելու փաստի հետ կապված: Բացի դա, Վազգենի հայրը քաղաքացիություն է ձեռք բերել՝ նկատի ունենալով, որ տղան մնալու է փախստականի կարգավիճակում եւ այն, որ հետո օրենքը 2004 թվականին կխմբագրվեր ու դա կանդրադառնար միայն 2012 թվականին եւ այն դեպքում, երբ արդեն ուժը կորցրած է համարվել, դա Վազգենի հայրը պատկերացնել անգամ չէր կարող: Նկատնեք, որ կոնվենցիայում փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին չկա ոչ մի բացառիկ կետ,  որտեղ նշված կլինի, թե  ծնողների կողմից քաղաքացիություն ձեռք բերելուց հետո երեխաների փախստականի կարգավիճակը կդադարեցվի:

Դատական նիստի ժամանակ Աշխեն Եսայանն անդրադարձավ այն հարցին, թե. «Ինչպե՞ս է եղել, որ ՄՊԾ-ն տարիներ շարունակ տրամադրել է Վազգենին փախստականի վկայական, փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ եւ որքա՞ն ժամանակը մեկ է թարմացվում տեղեկատվական բանկը, որտեղից էլ իրենք ստանում են տեղեկություն փախստականի վերաբերյալ»: Այդ հարցին Ռուզաննա Պետրոսյանը պատասխանեց. «Տեղեկատվական բանկը թարմացվում է պարբերաբար»: Հարց է առաջանում, եթե տեղեկատվական բանկը թարմացվում է պարբերաբար, ապա ինչպե՞ս է լինում, որ 9 տարի է անցնում, իսկ այդ ժամանակահատվածում ոչ ոք տեղեկացված չի լինում, որ Վազգենը փախստականի կարգավիճակ չի կարող ունենալ:

Սա այն դեպքն է, երբ ՄՊԾ-ի ասած ու կատարած գործողությունները բացահայտ հակասում են իրար: Տեղեկատվական բանկը, որը, ըստ Ռուզաննա Պետրոսյանի, թարմացվում է պարբերաբար, չէր կարող 9 տարի շարունակ չթարմացվեր, եւ ուշադրությունից դուրս մնար Վազգենը:

Ռուզաննա Պետրոսյանը նաեւ ասաց. «Վազգենի փախստականի կարգավիճակը դադարեցնելու հետ կապված չի կարող վիճարկվել այն փաստը, որ հայցվորը մեկնաբանում է, թե՝ ետադարձ ուժ է տրվել օրենքին, քանի որ օրենսդիրը օրենքի կիրառմանը ժամանակային սահմանափակում չի սահմանում»: Իսկ Աշխեն Եսայանը դատարանին տեղեկացրեց, որ օրենսդիրը սահմանափակում դրել է օրենքին եւ դա հաստատվում է 2009 թվականին ընդունված «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքով, որը փոխարինելու էր «Փախստականների մասին» ՀՀ օրենքին, իսկ դա նշանակում է, որ 2004 թվականի «Փախստականների մասին» ՀՀ օրենքն այլեւս ուժը կորցրած է համարվել, իսկ Վազգենի փախստականի կարգավիճակը դադարեցվել է ոչ թե մինչեւ 2009 թվականը, այլ 2009 թվականից հետո՝ 2012 թվականին:

Թե ի՞նչ ընթացք կունենա Վազգենի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով դատական քննությունը եւ թե ովքե՞ր են այն մեղավորները, որոնց շնորհիվ էլ տեղի է ունեցել այդօրինակ թյուրիմացություն, դա կպարզվի առաջիկայում, իսկ մինչ այդ, Վազգեն Ղազարյանը խնդրում է անվավեր ճանաչել ՄՊԾ-ի կայացրած վարչական ակտը, որին հակառակ՝ Ռուզաննա Պետրոսյանը խոսքի ավարտին դատարանից պահանջեց մերժել Վազգենի հայցը՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու գործով:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930