Լրահոս
Օրվա լրահոսը

Սալահատակի փոխարեն ասֆալտ են փռում

Ապրիլ 16,2013 13:59

Օրերս անցնում էի նախկինում Կրուպսկայայի, ներկայումս՝ Սոսեի անվան փողոցով, որտեղ ավելի քան 60 տարի առաջ տեղադրված բազալտե քարե սալահատակի վրա կատարվում էին ասֆալտ-բետոնե աշխատանքներ: Տասնյակ տարիների ընթացքում փողոցի համեմատաբար մեծ թեքության շուրջ 150 մ երկարության այդ հատվածում երբեւէ չեմ տեսել, որ կատարվեն վերանորոգման աշխատանքներ: Երկու տարի առաջ այդ սալահատակված հատվածից աղբի մեքենան ինչ-ինչ պատճառներոով մեծ արագությամբ եկել եւ մտել էր Մ. Բաղրամյան պողոտա, ինչի արդյունքում մարդկային զոհ եղավ, ուստի դժվար չէ պատկերացնել, թե ողորկ սառցապատված վիճակից ինչքան դժբախտ պատահարներ կլինեն:

Նույնիսկ ոչ մասնագետ լինելով՝ կարելի է հասկանալ, որ նման թեքության փողոցներում ասֆալտապատում չի կարելի իրականացնել, եւ որ բազալտե սալահատակը երթեւեկության համար անվտանգ պայմաններ է ստեղծում:

Այդ փողոցով անցնելու պահին մեկ խոշոր ինքնաթափով բարձված ասֆալտը դատարկվում էր, եւ եւս երկուսը սպասում էին: Ասֆալտ, որի անհրաժեշտությունը զգացվում է Երեւանի տասնյակ անբարեկարգ փողոցներում: Մեկ այլ՝ Գուլանյան փողոցի՝ Գյուլբենկյան փողոցից ներքեւ էլ նկատեցի, որ նույն թեքության սալակահատվածն են ասֆալտով պատում:

Փաստորեն ստացվում է, որ մեր ոչ հեռավոր «նախնիները» 1950-60թթ. գործից գլուխ ընդհանրապես չեն հանել: Բիտումի՝ այն էլ ռուսական, առատության մեջ այդ խիստ թեքության հատվածներում քարե սալահատակներ են արել: Սալահատակներ են արված շատ երկրներում, Մոսկվայի Կարմիր հրապարակում, Ռիգայում եւ այլ տեղերում, որտեղ թեքություններ չկան, սակայն երթեւեկության հոսքն է շատ: Նման՝ ոչ մասնագիտական աշխատանքի համար որոշում կայացնող պատասխանատու աշխատողներին պետք է պատասխանատվության ենթարկել եւ նրանցից հետ գանձել տգիտության հասնող աշխատանքների վրա ծախսված գումարները:

ԹՈՐՈՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

50 տարվա աշխատանքաիյն փորձով

ինժեներ-շինարար

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930