«Առավոտ»-ը Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ շնորհիվ Սերժ Սարգսյանի ու միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրը չկրկնվեցին Մարտի 1-ի դեպքերը, ՀՀ ոստիկանապետը այս հարցում ունեցա՞վ իր լուման: «Միանշանակ, շատ մեծ լումա ունեցավ, եւ բացի այդ՝ Մարտի 1-ը բոլորիս համար դաս եղավ: Ես այսօր չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային, ես ինքս Մարտի 1-ին վիրավորվել եմ, դրա մասին չեմ ուզում խոսել, բայց մենք էն ժամանակ պատրաստ չէինք, մենք փորձ չունեինք, եւ էդ ամբոխը, իմիջիայլոց՝ Ձեզ ասեմ. այն, ինչ դուք տեսաք ամիս 9-ին, դա չէր, ինչ տեղի ունեցավ Մարտի 1-ին: Մարտի 1-ին ժողովրդի քանակը ավելի շատ էր, շատ-շատ էր, եւ մենք պատրաստ չէինք: Դրա համար էլ ոստիկանության բավական մեծ քանակությամբ աշխատողներից մենք վիրավորներ ունեինք, շատ-շատ վիրավորներ ունեինք եւ ինչու չէ՝ զոհված էլ մարդ ունեինք»,- ասաց պարոն Բաբակեխյանը՝ հավելելով, որ ոստիկանությունն էլ նման իրավիճակների համար կամաց-կամաց փորձ է ձեռք բերում, նոր տարբերակներ ու ոճեր է մշակում: