Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գյումրիում աշխատելը ավելի բարդ է, քան Երեւանում»

Ապրիլ 16,2013 13:50

Ասում է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը

Այսօր ոստիկանի օրն է. ՀՀ ոստիկանությունը նշում է իր հիմնադրման 95-ամյակը: Այս կապակցությամբ «Առավոտ»-ը Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից հետաքրքրվեց, թե հաջողվո՞ւմ է համագործակցել շիրակցիների հետ, հանցագործությունների բացահայտման գործում շիրակցիները օգնո՞ւմ են ոստիկանությանը, թե՞ ընդհակառակը՝ խանգարում են: Եվ ի վերջո՝ պարոն Բաբակեխյանը, որպես ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, ով արդեն 2 տարի է՝ տեղափոխվել է Շիրակի մարզ, ի՞նչ համեմատություն կանցկացնի մայրաքաղաքցիների եւ շիրակցիների միջեւ: «Ես արդեն մի երկու անգամ արտահայտվել եմ, որ Շիրակի մարզում ավելի բարդ է, քան Երեւանում: Այն Ֆենոմենը, որ կա Շիրակի մարզում, ինձ համար շատ տարօրինակ է. երբ որ հանցագործություն է տեղի ունենում, ոչ միայն հանցագործն է փախչում, հանցագործը փախչում է, ոչինչ՝ թող փախչի, դա ռեֆլեքս է, բնազդ է, մենք էլ, բնականաբար, իրեն պետք է ի հայտ բերենք եւ համապատասխան միջոցներ ձեռնարկենք իր հանդեպ, բայց այստեղ՝ Շիրակի մարզում, միշտ հակառակ տենդենցն է՝ եւ հանցագործը, եւ տուժողը, եւ վկաները՝ բոլոր փախչում են, բոլորը՝ իրար հետ միասին: Եվ, բնականաբար, մեր աշխատանքը ավելի բարդանում է: Դուք մի քանի անգամ զանգահարել եք տարբեր հարցերով՝ ճի՞շտ է, պարոն Բաբակեխյան, որ էսինչ բանը տեղի է ունեցել: Մենք չենք կարող ձեզ պատասխան տալ՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, որովհետեւ տուժող չունենք: Մեզ չեն եկել, չեն դիմել, տուժողը չի դիմել մեզ: Հետո մենք, իհարկե, ճշտել ենք, իմացել ենք, որ նման դեպք տեղի է ունեցել՝ ժողովրդի միջոցով, ասենք՝ մեր կապերը օգտագործելով, բայց արի ու տես, որ նույն տուժողը ինքը փախուստի է դիմում՝ դրա համար արդեն մի տեսակ արհեստական խոչընդոտներ է ստեղծում մեր գործողությունները, աշխատանքները կատարելու: Էդ առումով շատ բարդ է էստեղ աշխատելը, թե չէ՝ մնացած առումով մեր ժողովուրդն է, բնական է՝ ամեն ինչ էլ լինում է, ամեն ինչ էլ պատահում է, ոչ մի խնդիր չեմ տեսնում»:

Մեր այն դիտարկմանն էլ, թե շիրակցիները էմոցիոնալ, շփվող ժողովուրդ են, շատ են սիրում ծանոթներ փնտրել պաշտոնյաների մեջ, եղե՞լ է դեպք, որ թաղային հեղինակությունները կամ Գյումրու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները անձամբ գան կամ ծանոթ մեջ գցեն որեւէ հանցանք ծածկադմփոց անելու համար, պարոն Բաբակեխյանն ասաց. «Չէ, ի սկզբանե ասեմ, որ ես մի քիչ պրինցիպներ ունեմ, նույնիսկ մի անգամ հաղորդվեց, որ մարզային ոստիկանապետի հետ շատերն են ուզում հարաբերություններ ստեղծել, բայց չի ստացվում, ապարդյուն է անցնում: Ես չեմ ընդունում ոչ մեկին, սովորական քաղաքացիներին՝ խնդրեմ, առավոտյան ժամը 8-ից մինչեւ գիշերվա 12-ը պատրաստ եմ ընդունելու, բայց հեղինակությունը ինձ մոտ գա ի՞նչ անի, մի հատ ինձ բացատրեք: Նախ ինքը իրա ոտով իմ մոտ երբեք չի գա, սկսեմ էդտեղից, իսկ ինչ վերաբերում է նրան, որ փորձեն ինչ-որ իմ միջոցով հարց կարգավորել, էդպես չի լինում: Ես էլի պատրաստ եմ բոլորին էլ օգնելու յուրաքանչյուր հարցում, բայց առաջին հերթին պետք է ճշմարտությունը գա առաջին պլան կանգնի, բացահայտվի հանցագործությունը, հանցագործության բոլոր մեղավորները, ովքեր որ մասնակից են եղել, եթե պետք է ձերբակալվեն, ձերբակալվեն, եթե չէ՝ ասենք, խափանման միջոց ստորագրությունով թողնեն, եւ մնացած քննչական գործողությունները, բայց բոլոր շրջանակը ի հայտ գա: Այսինքն՝ տվյալ դեպքը մեզ պետք է մինչեւ վերջին մանրուքը պարզ լինի, իսկ դրանից հետո հասկացանք, մենք էլ ենք մարդ, կան մարդիկ, ովքեր պատահական են հայտնվել, հո բոլորին չե՞ս կարող վերցնել ու նույն բանի տակ դատել, չէ»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե դժվար չէ՞ր նոր ոստիկանապետի համար գլուխ հանել կրիմինալ իրադարձություններով լեցուն մարզից, որտեղ անընդմեջ ռազբորկաներ եղան ընտրական թեմայով, դաժան սպանություն տեղի ունեցավ՝ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին նշանադրության օրը սպանեցին եւ այլն: «Չէ, դժվար չէ, որովհետեւ դուք ինքներդ նշեցիք, որ ես մի շարք բարձր պաշտոններ եմ զբաղեցրել, աշխատել, սրանից ավելի ծանր ու ավելի բարդ գործեր են եղել, որոնք մենք բացահատել ենք: Հուսով եմ, որ էսօրվա վիճակով Շիրակի մարզի ժողովուրդը եւ հանրությունը էդքան էլ դժգոհ չէ, բոլոր հանցագործությունները բացահայտված են: Մենք էսօր ծանր ու առանձնակի ծանր հանցագործության դեպքեր չունենք չբացահայտված, եւ դա շատ բարձր ցուցանիշ է այսօր»,- ասաց ոստիկանապետը:

Ամենատարածված հանցագործությունը, ըստ մեր զրուցակցի, խուլիգանությունն է, որը ոստիկանապետի կարծիքով՝ ինչ-որ տեղ բնորոշ է մեր ազգին. տաքարյուն են մեր տղաները: Հիմնականում տարածված է բնակարանային գողությունը. միայն անցած տարի 70 դեպք են բացահայտել Շիրակում, իսկ գողություն, ըստ պարոն Բաբակեխյանի, մեծամասամբ կատարում են թմրամոլները: Շիրակի մարզում, ոստիկանապետի ասելով, ելնելով սոցիալական պայմաններից՝ թմրամիջոցներից օգտագործում են բենզինը, ընդ որում՝ օգտագործողները մեծամասամբ երիտասարդներն են:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930