Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը վերածվում է այլ քաղաքական ուժի «վերջին վագոնի»

Ապրիլ 16,2013 13:38

Երեւանն էլ, ըստ Շարմազանովի, Բաստիլը չէ

«Նախ՝ խանդը ՀՀԿ-ի համար երբեք էլ քաղաքական կատեգորիա չի եղել, ապա՝ ՀԱԿ-ի եւ առաջին նախագահի ռեւերանսները «Բարգավաճ Հայաստանին» նոր չեն: Դեռ նախագահական ընտրություններից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծես վերածվել էր այլ քաղաքական ուժի փաստաբանի»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ի մոտ խանդ չի՞ առաջացնում այն իրողությունը, որ ՀԱԿ հիմնադիր համագումարում էլ ՀՀ առաջին նախագահը ներքաղաքական զարգացումների իր տեսլականում շարունակեց ռեւերանսներ անել ՀՀԿ-ի երբեմնի կոալիցիոն գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստանին»՝ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղի ունեցած ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Մինչեւ խոշոր բուրժուազիան Հայաստանում չազատվի ավազակապետական կապանքներից, Հայաստանը բարգավաճ եւ ժողովրդավարական պետություն չի դառնա: Մինչեւ խոշոր բուրժուազիան չազատվի այդ կապանքներից, մեզ մոտ միջին եւ մանր բիզնեսը զարգանալու, անգամ բողբոջելու հնարավորություն չի ունենալու, այստեղ ոչ մի գաղտնիք չկա, անձնական համակրանքի կամ հակակրանքի հարց չէ, թե ովքեր են այդ օլիգարխները: Մի կարծեք, որ ֆրանսիական բուրժուաները, ովքեր 18-րդ դարում հեղափոխություն էին անում, ավելի լավն էին, ավելի կրթված, ավելի մաքուր, ավելի բարոյական, քան այսօրվա մեր օլիգարխները, այդպես չէ: Ուղղակի հասկացան մի բան՝ որ ավելի ձեռնտու է ազատվել այդ կապանքներից, գործել օրինական դաշտում եւ բարգավաճել, ծաղկել՝ միաժամանակ բարգավաճեցնելով, ծաղկեցնելով սեփական երկրները: Ուրիշ ոչինչ»: Դառնալով Հայաստանին՝ առաջին նախագահը մասնավորեցրեց. «Հիմա նույն բանը մենք փորձում ենք անել Հայաստանում: Եվ ինչպես սվիններով դիմավորեցին մեր այդ գաղափարը, թե ինչպե՞ս կարելի է հանկարծ «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցել, չէ՞ որ նրանք, չէ՞ որ նրան… Իհարկե՝ բոլորն էլ: Հասկացանք: Բոլորն էլ այդ համակարգի մաս են: Մաս էին: Կոալիցիայի անդամ էր «Բարգավաճը»: Բայց ի՞նչ վատ բան էր, եթե կարողանայինք մենք պոկել այսօր մեկին, մյուս օրը՝ մյուսին, քանի որ ուրիշ ճանապարհ չկա: Քանի նրանք սերտաճած են՝ խոշոր բուրժուազիան եւ իշխանությունը, իմացեք՝ ոչ մի հնարավորություն գոյություն չունի այս երկրում բան փոխելու: Եվ մի կարծեք, թե մենք հաջողությունների չենք հասել այս գործում: Գոնե կարողացել ենք մարդկանց մեջ կասկածներ սերմանել»: Բերելով Խաչատուր Սուքիասյանի օրինակը, ով «խոշոր բուրժուազիայի, այդ օլիգարխիայի մի մասն էր» ու 2008-ին պոկվեց իշխանություներից, Տեր-Պետրոսյանը նկատում է. «Այսօր նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը: Եվ ի՞նչ են անում: Փոխանակ նպաստեն այդ պրոցեսին, փոխանակ անեն ամեն ինչ, որ դա գնալով խորանա, եւ այդ մարդը որեւէ քայլ չարեց, որ կասկածներ հարուցի, որ նա իսկապես փորձում է պոկվել իշխանությունից: Ես չեմ ասում՝ պոկվել է լրիվ, նա չի կարող՝ հսկայական տնտեսություն ունի, հազար ու մի բաներով կապված է, բայց նա փորձում է, գնում է այդ ճանապարհով, նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս. դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում մասնակցեց առանձին, հենց այս դահլիճում չմասնակցեց Սերժի երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է (Երեւանի) ավագանու ընտրություններում ճակատ տալ»:

Այս ամենը ՀՀԿ շտաբի պետը դիտարկում է այս համատեքստում. «Նախագահական ընտրությունների հետընտրական շրջանում այսօր՝ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ հատկապես պարզ է դառնում, որ Տեր-Պետրոսյանն առավելապես աշխատում է, այսպես ասած, թասիբի գցել այլ քաղաքական ուժերին: Կարծում եմ՝ նույն քաղաքագիտական առումով Տեր-Պետրոսյանի ելույթները մի քիչ նոնսենսի են նմանվում: Մի քիչ տարակուսելի է. ի՞նչ է նշանակում՝ ով ուզում է նախագահ դառնալ, թող գա Երեւանը վերցնի: Երեւանը Բաստիլը չէ, որ վերցնեն: Ինչպես նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ը եւ նրա առաջնորդը փորձում էին թասիբի գցել այլ քաղաքական ուժի, որպեսզի նա առաջադրվի, իրենք էլ ՀՀԿ-ի կցորդի կարգավիճակով կցվեն եւ առաջ շարժվեն, կարծում եմ՝ հիմա էլ շատ բան չի փոխվել: Ձեր մատնանշած անձի քաղաքական ուժը շատ լավ հասկանալով, որ հնարավորություններ չունեն ավագանու ընտրություններում լուրջ ձայներ հավաքելու, վեր է ածվել կոնկրետ քաղաքական ուժի վերջին վագոնի՝ ճանապարհ հարթելով այդ ուժի համար: Բայց դա իրենց մարտավարական խնդիրն է եւ մեզ չի մտահոգում: Մենք գնում ենք մեր ծրագրերով եւ ավելի լավ Երեւան ունենալու»:

Ինչ մնում է ՀԱԿ-ի նվազ շանսերին, ըստ մեր զրուցակցի, դա երեւում է հենց Տեր-Պետրոսյանի ելույթից. «Եթե շանս ունենար, նախագահական ընտրություններին գոնե իր թիմը կմասնակցեր: Բացի այդ, իր թիմակիցներն են հայտարարում, որ 7-8 տոկոս ձայն հավաքելու հնարավորություն ունեն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930